Ռուսաստան-Իսրայել դիվանագիտական սկանդալ

Ռուսաստան-Իսրայել դիվանագիտական սկանդալ

Ինչո՞ւ Լավրովը խոսեց Հիտլերի՝ հրեական արյուն ունենալու մասին

Արդեն 3-րդ օրն է, ինչ Իսրայելը պահանջում է ներողություն Ռուսաստանից, բայց ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն անվանելով աններելի: Այս սկանդալում իսրայելական կողմից առաջնագծում ԱԳ նախարար Յաիր Լապիդն է․ «Արտգործնախարար Սերգեյ Լավրովի ասածն աններելի սկանդալ է: Հիտլերը հրեա չէր և հրեաներն իրար չեն սպանել հոլոքոստի ժամանակ: Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելու համար, բայց կա չափ, և այդ չափն այս անգամ անցել են»։

PanARMENIAN.Net - Ամեն ինչ սկսել է Ռուսաստանի արտգործնախարարը, երբ հայտարարեց, որ Հիտլերը նույնպես հրեա էր: Լավրովը սա ասել է՝ պատասխանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որն ասում է՝ ինքը հրեա է և չի կարող նացիստ լինել, ինչպես պնդում է ՌԴ-ն:

«Եթե ճիշտ եմ հիշում, վախենամ սխալվեմ, բայց իմ կարծիքով Հիտլերն էլ հրեական արյուն ուներ: Դա ընդհանրապես ոչինչ չի նշանակում: Իմաստուն հրեա ժողովուրդն ասում է, որ ամենաթունդ հակասեմիտները, որպես կանոն, հրեաներ են», - ասել է Լավրովը։

Նրան պատասխանել են գրեթե բոլորը: Իսրայելի վարչապետը պահանջել է անմիջապես դադարել Հոլոքսոտն օգտագործել որպես քաղաքական գործիք: Վաշինգտոնում Լավրովի խոսքն անվանել են զզվելի մեկնաբանություն, Իտալիայում՝ անպատշաճ: Զելենսկին նույնպես խոսել է․ «Այդ խոսքերը նշանակում են, որ Ռուսաստանի գլխավոր դիվանագետը մեղադրում է հրեաներին նացիստների հանցանքների համար: Խոսքեր չկան»:

Ուկրաինայի գլխավոր ռավինը պատասխանել է տեսանյութով, որի 2.30–րդ րոպեին սեղանին դնում է հրթիռի հսկայական բեկոր՝ հայտարարելով, որ այն ռուսական է և ընկել է Ուկրաինայի տարածքում գտնվող գերեզմանոցի վրա։

«Սա այդ հրթիռներից մեկն է, ես շատերն ունեմ», – վստահեցրել է ռավինը՝ պնդելով, որ ուրիշներին նացիզմի մեջ մեղադրելուց առաջ Ռուսաստանը պետք է իրեն նայի և շարունակելով մեկնաբանել Լավրովի խոսքը՝ ասել ավելին․ «Նա թքել է յուրաքանչյուր հրեայի սրտի մեջ»։

Ռուսաստանը ոչ միայն ներողություն չի խնդրում, այլև ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեղադրում է Իսրայելին Ուկրաինային աջակցելու մեջ․ «Այնուամենայնիվ, ես կասեմ այն, ինչը հազիվ թե ուզեին լսել Իսրայելի այն պաշտոնյաները, որոնք կազմակերպում են տեղեկատվական այս արշավը: Հնարավոր է՝ նրանց հետաքրքիր լինի: Ուկրաինայում հիմա Ազովստալի զինյալների հետ փաստացի ուս ուսի նաև Իսրայելից վարձկաններ են»:

Զախարովան պնդում է, որ Իսրայելի իշխանությունները չեն կարող չիմանալ դրա մասին, և ռուսական կողմն ունի իր խոսքը հաստատող փաստեր և տեսանյութեր:

Ազովստալ գործարանը Մարիուպոլում է, դարձել է այս պատերազմի ամենաարյունոտ կետերից մեկը, քանի որ հսկայական տարածքը նաև ստորգետնյա հատվածով է, ինչն էֆեկտիվ է դարձնում դիմադրությունը: Ռուսաստանի նախագահը հրամայել է այնպես շրջափակել գործարանը, որ այնտեղ ճանճ անգամ չմտնի՝ դիմադրողներին թողնելով միայն մեկ ելք՝ հանձնվել:

Իսրայելական մեդիա․ Jerusalem Post-ը գրում է, որ սրանից առաջ Իսրայելը փորձում էր չեզոքություն պահպանել ռուս-ուկրաինական պատերազմում, հիմա դա անհնար կլինի։

Haaretz-ը գրում է․ «Հիտլերի մասին Լավրովի գրոտեսկային հայտարարությունը հուսահատ փորձ է արդարացնելու ռուսական ագրեսիան»։ Թերթը մեջբերում է Իսրայելի առողջապահության նախարարի խոսքը․ «Ուկրաինայում չկա նեոնացիստական ռեժիմ։ Զելենսկին նացիստ չէ։ Եվ այո, Իսրայելն աջակցում է Ուկրաինայի անկախությանը և տարածքային ամբողջականությանը, որը բախվել է ռուսական դաժան ներխուժմանը»։

Իսրայելն ի սկզբանե դեմ էր, որ Մոսկվան Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործում է դենացիֆիկացիայի հռետորաբանությունը։ Դա համարում են նացիզմի զոհերի և նացիզմի դեմ պայքարողների՝ ներառյալ Կարմիր բանակի հիշատակը վիրավորող մոտեցում։ Իսրայելի վարչապետը մշտապես առաջարկում էր իր միջնորդական կարողությունները։ Իսրայելական մեդիան սպասում է, որ հիմա Ռուսաստանի հետ հարաբերություններն այս սկանդալի ֆոնին կսառեն։

Հիտլերի հրեական ծագման մասին առաջին տեղեկությունը հայտնվել է Հանս Ֆրանկի հուշագրության մեջ։ Նա ֆյուրերի ամենավստահելի անձանցից էր, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ օկուպացված Լեհաստանի գեներալ-նահանգապետը։ Մահապատժի է ենթարկվել Նյուրեմբերգի տրիբուլի վճռով։ Նրա հուշերը տպագրվել են մահապատժից յոթ տարի անց՝ 1953-ին։ Դրանցում կա պնդում, որ Հիտլերի պապը՝ հայրական կողմից, եղել է հրեա, որն ապրում էր Ավստրիայի Գրաց քաղաքում։ Որպես հիմնավորում Ֆրանկը նշում է Հիտլերի տատի՝ Մարիա Աննա Շիկլգրուբերի և Ֆրանկենբերգեր անունով մի հրեա տղամարդու նամակագրությունը։ Այդ տղամարդու տանը Հիտլերի տատն աշխատել է և նամակագրությունից երևում է, որ կարող էր հիղացած լինել տանտիրոջ որդուց։

Հիտլերի կենսագիրները մշտապես կասկածի տակ են դրել Ֆրանկի այս պնդումը։ Նախ՝ այն նամակագրությունը, որի մասին նշում է, այդպես էլ չի գտնվել արխիվներում։ Եվ երկրորդ՝ նրա հուշագրության մեջ եղել են այլ անճշտություններ։

Անի Ավետյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---