15 մարտի 2023 - 13:31 AMT
Շոլց․ ԼՂ խնդրի կարգավորումը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մարտի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ասուլիսում նշել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը գնալով ավելի ու ավելի ճգնաժամային է դառնում։

«Հետևաբար, մեր ընդհանուր նպատակը պետք է լինի այս հակամարտության արագ և կենսունակ լուծում գտնելը՝ ի շահ տեղի բնակչության», – ասել է Շոլցը, հայտնում է Factor.am-ը։

Կանցլերն ընդգծել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է հիմնված լինի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի վրա։

«Այն ներառում է նաև Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարգումը։ Կարևոր է ապահովել, որ երկու պետության բոլոր բնակիչների մարդու և փոքրամասնությունների իրավունքները հարգվեն միջազգային չափանիշներին և ստանձնած պարտավորություններին համապատասխան»,- ասել է Գերմանիայի կանցլերը։

Շոլցի խոսքով՝ Գերմանիան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին անկայուն իրավիճակով։

«Իրավիճակը երկարաժամկետ հեռանկարում անկայուն է և պարունակում է հետագա էսկալացիաների վտանգ։ Անցած մի քանի շաբաթների և ամիսների իրադարձությունները կրկին ու կրկին ցույց են տվել դա»,-ասել է նա։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մարտի 3-ին Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսանկյունից: Նա նշել է, որ այդ բոլոր սկզբունքները հավասարազոր են: Ստեփանակերտը ողջունեց այդ հայտարարությունը։ Սակայն այնուհետև Շոլցի հայտարարությունը խմբագրվեց և ինքնորոշման մասին հատվածը հանվեց նրա կայքում հրապարակված ելույթից։

Ընթերցեք նաև․ Գերմանիայի կանցլերը՝ Ալիևին․ Մեզ համար կարևոր է, որ ԼՂ խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորվի