Տավուշի մարզի Ազատամուտ գյուղից դեպի ադրբեջանական Ղազախ տանող հատվածում ռազմական ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում՝ տեղի բնակիչները ենթադրում են, որ երկու երկրի պաշտոնյաների հանդիպում է ընթանում, հայտնում է «Ազատությունը»։
Առավոտյան տեղացիները դեպի Ադրբեջանի սահման գնացող պետական մեքենաներ են տեսել։
«Ազատության» տեղեկություններով՝ այն հատվածում, որտեղ ենթադրաբար ընթանում է հայ - ադրբեջանական հանդիպումը, մայիսի 14–ին վրաններ են տեղադրվել։
Սահմանազատման հանձնաժողովները ապրիլի 19-ին համատեղ հայտարարություն էին տարածել ու վերջնաժամկետ սահմանել, թե տեղանքում չափումների արդյունքում կազմելու են սահմանագծի չորս հատվածների նկարագրությունն ու մինչև մայիսի 15-ը դրա մասին արձանագրություն են ստորագրելու։ Բայց, մինչև այս պահը ոչ հայտարարվել է ստորագրման տեղն ու ժամկետը, ոչ էլ՝ ով է հայկական կողմից այն ստորագրելու։
Թե սահմանազատման հայկական հանձնաժողովը ղեկավարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը, թե երկու երկրների հանձնաժողովների հանդիպում-պայմանավորվածությունների մասին հայտնող Հայաստանի արտգործնախարարությունը ոչ մի կոնկրետ պատասխան չեն տալիս։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ի ասուլիսում հայտարարել էր, որ Տավուշի հատվածում սահմանազատման «90 տոկոսը արված» է՝ նշելով, սակայն, որ Կիրանցի հատվածում սահմանազատման ենթակա 3 կետի շուրջ դեռ պետք է լուծումներ գտնեն։
Կիրանցում սահմանազատման աշխատանքներն անցած շաբաթվանից դադարեցված են։ Վիճահարույց կետերը, որոնք վերաբերում են գյուղի կամրջին, դպրոցին և մի քանի սեփական տներին, շարունակում են չլուծված մնալ։
Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունից չորս օր անց Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Ընթերցեք նաև․ Տավուշում սահմանազատված հատվածների արձանագրության ստորագրման ժամկետը լրանում է