Մուսա լեռան 40 օրը. Մաս III

Մուսա լեռան 40 օրը. Մաս III

Թուրքերը գրոհում են բոլոր ուղղություններով, սակայն հայ մարտիկները ամուր դիմադրություն ցույց տալով՝ կարողանում են պահել գրեթե բոլոր կարևոր դիրքերը

2015-ի օգոստոս-սեպտեմբերին լրանում է 1915 թվականի սակավաթիվ լուսավոր դրվագներից մեկի՝ Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանության 100-ամյակը: PanARMENIAN.Net-ն անդրադառնում է հերոսամարտին և պարբերաբար կներկայացնի դեպքերի ժամանակագրությունը:

PanARMENIAN.Net - Առաջին և երկրորդ մասերում արդեն պատմել ենք, թե ինչպես ամեն ինչ սկսվեց:

Եվ այսպես, օգոստոսի 16-ի վաղ առավոտյան Մուսա լեռան վրա վերսկսում են ամենակատաղի ու վճռական մարտերը․ թուրքերը գրոհում են բոլոր ուղղություններով, սակայն հայ մարտիկները ամուր դիմադրություն ցույց տալով՝ կարողանում են պահել գրեթե բոլոր կարևոր դիրքերը։ Կեսօրից հետո դրությունը փոխվում է․թուրքերը, վերախմբավորելով ուժերը, կատաղի հարձակում են սկսում, որի հետևանքով հայերը սկսում են նահանջել, իսկ ժողովրդի մեջ բռնկվում են խուճապային տրամադրություններ։ Հուսահատ ու խուճապահար՝ նույնիսկ շատերը փախչում են դեպի ծով՝ նախընտրելով այնտեղ խեղդվել, քան սպանվել թուրքերի ձեռքով։ Թշնամու կայծակնային առաջխաղացումը մի պահ հուսալքում է առաջացնում նույնիսկ փորձառու մարտիկների մեջ, լինում են նաև դասալիքներ։ Սակայն հենց այդ օրհասական պահը շատերին մղում է անձնուրաց ու հերոսական պայքարի։

Ամենածանր պահին ոգեշնչող նշանակություն է ունենում մուսալեռցիների ռազմական առաջնորդներից մեկի՝ Եսայի Յաղուբյանի խիզախությունը․ թուրք սպաներից մեկը ներխուժում է հայերի դիրքը և երբ փորձում է ատրճանակի գնդակով սպանել Յաղուբյանին, վերջինս վայրկենապես ինքն է շամփրում թշնամու ճակատը և նրան փռում գետնին։ Մեկ ուրիշը մահվան սպառնալիքով հարկադրում է թշնամուն հանձնվել պատրաստվող դասալիքներին վերադառնալ ու կռվել։ Մի քանի մարտիկներ էլ կասեցնում են դեպի ծովը փախչողներին ու մղում ինքնապաշտպանության։ Աստիճանաբար բոլորը՝ զինված, թե անզեն, անկախ տարիքից ու սեռից, միասնաբար անցնում են վճռական ինքնապաշտպանության՝ ով ինչպես կարող էր։

Պետրոս Տմլագյան, ինքնապաշտպանության զինխորհրդի անդամ, խիզախների երկրորդ տասնյակի ղեկավար

Երեկոյան կողմ թշնամու գերազանց ուժերը արդեն խիստ մոտենում են Տամլաճըգին, որտեղ ապաստանել էր ողջ ժողովուրդը։ Անհրաժեշտ էր վճռական ռազմավարության դիմել, և մուսալեռցիների ղեկավարությունը որոշում է շատ արագ շրջապատել գրոհող թշնամուն և համազարկի միջոցով հետ մղել նրան։ Ծրագիրը կատարելապես հաջողվում է, և Եսայի Յաղուբյանի հրամանով միաժամանակյա համազարկ տալով՝ հայերը նեղացնում են պաշարման օղակն ու դիպուկ կրակով խոցում թշնամու խիտ շարքերը։ Չդիմանալով ճնշմանը և խուճապի մատնվելով՝ թուրքերը փախուստի են դիմում՝ թողնելով բազմաթիվ սպանվածներ, զենք ու զինամթերք։ Մինչև երեկո թշնամին դուրս է մղվում նաև մյուս շրջաններից։ Մուսալեռցիները կատարյալ հաղթանակ տարան։ Երկու օրվա կռիվների ընթացքում հայերը տվեցին 14 զոհ և 6 վիրավոր, իսկ թուրքերը՝ մոտ 600-700 սպանված, վիրավոր և անհետ կորած։

Երեք անհաջող հարձակումներից և հատկապես կրած վերջին պարտությունից հետո թուրքական իշխանությունները փոխում են իրենց մարտավարությունը և որոշում են կատարյալ պաշարման մեջ առնել հերոսական լեռն ու հոգեբանական պատերազմ մղել՝ թույլ չտալու հայերին որևէ շփում հաստատել արտաքին աշխարհի հետ և ի վերջո, մի կողմից հուսահատության ու բարոյալքման, մյուս կողմից էլ սովամահության ենթարկել նրանց։ Անտիոքի կառավարչի հատուկ հրամանով շրջակա գյուղերի՝ մեծ մասամբ ալևի բնակչությանը արգելվեց որևէ սննդամթերք վաճառել հայերին։

Մովսես Տեր-Գալուստյան, Մուսալեռան ինքնապաշտպանության ռազմական ղեկավարներից

Սակայն թուրքական նենգ հույսերը չարդարացան։ Հաջորդող օրերին Մուսա լեռան հերոս պաշտպանները, վայելելով հաղթանակի բերկրանքը և օգտագործելով ժամանակավոր խաղաղությունը, մեծ ոգևորվածությամբ անցնում են իրենց առօրյա կյանքի կազմակերպմանը:

«Առեւտուր, ուրախութիւններ, եկեղեցական արարողութիւններ տեղի կ’ունենային` սովորականին պէս: Հայ ծխաններուն ծուխի գալարուն սիւնակները դարձեալ խաղաղօրէն կը սլանային երկինքն ի վեր, մամիկները դարձեալ ոսկի հէքիաթներ կը պատմէին իրենց թոռնիկներուն․․․․: Հիւղակներուն առջեւ երկանաքարերը կը դառնային ցորենն ալիւրի վերածելով, ծովափին վրայ ծովի ջուրն եռացնելով աղ կը պատրաստուէր առատօրեն, եւ զօրանոցին մէջ զինագործները զէնքերը կը նորոգէին, պարպուած փամփուշտները կը լեցնէին ու կապարէ գնդակները կը ձուլէին անդադար»,- ահա այսպես է նկարագրում հայերի կացությունը հերոսամարտի զինվորական ղեկավարներից Մովսես Տեր-Գալուստյանը:

Նորից անհրաժեշտ քայլեր են արվում պաշտպանության կազմակերպումն էլ ավելի արդյունավետ դարձնելու համար։ Նոր դիրքեր ու պատնեշներ են կառուցվում, ներքին անվտանգությունն ապահովելու համար ոստիկանական մարմին է ստեղծվում։ Մյուս կողմից նպատակահարմար համարվեց նորից վերակազմել վարչական մարմինները։ Օգոստոսի 28-ին Տամլաճըգի վարչական ժողովից զատ, ձևավորվում են նաև մյուս երկու բանակավայրերի վարչական ժողովները՝ իրենց կից զինվորական վերահսկիչներով ու առանձին զորանոցներով։

Թեև մինչև սեպտեմբերի սկիզբը թուրքերը այլևս որևէ խոշոր հարձակում չիրականացրին, սակայն տեղային ընդհարումներ տեղի ունեցան օգոստոսի 25-ին, 29-ին և 31-ին․ բոլոր դեպքերում էլ թուրքական գրոհները ձախողվեցին՝ տալով զոհեր ու վիրավորներ, իսկ մուսալեռցիները որևէ կորուստ չունեցան։

Սակայն, չնայած ժամանակավոր հուսադրող իրավիճակին, լեռան պաշտպանները գիտակցում էին, որ եղած զինական ու պարենային միջոցները երկար չեն բավարարի իրենց` պայքարը նույն հաջողությամբ շարունակելու, մանավանդ որ, թուրքերն այդ շրջանում նոր օգնական ուժեր էին կուտակում ու վերախմբավորում զորքերը: Ինքնապաշտպանության ղեկավարները հույս ունեին օգնություն ստանալ ծովից, ուր կարող էին երևալ դաշնակիցների մարտանավերը: Սեպտեմբերի 2-ին հորիզոնում երևացած նավը ավելի ամրապնդեց այդ հույսերը։ Դեռևս օգոստոսի 12-ին մուսալեռցի հմուտ լողորդ Մովսես Գըրըգյանը երկու օգնականների հետ ուղևորվեցին Ալեքսանդրետ։ Սակայն մի քանի օր սպասելով և դաշնակիցների որևէ ռազմանավի չհանդիպելով (որոնց պիտի փոխանցեին օգնության խնդրանքով նամակները)՝ վերադարձան Մուսա լեռ։ Նաև որոշվեց երեք նամակ ուղարկել` Հալեպի ամերիկյան հյուպատոսին, Հալեպի հայոց առաջնորդարանին և Հալեպի միջոցով Պողոս Նուբարին, բայց նամակների ճակատագիրը մնաց անհայտ։

Փրկության դրոշներ կարմիր խաչով

Արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու նպատակով կատարվեցին նաև ավելի գործնական քայլեր։ Օգոստոսի 23-ին Մովսես Գըրըգյանի առաջարկով որոշվում է մակույկ պատրաստել ու դրանով հասնել Կիպրոս՝ դաշնակիցների հետ հաղորդակցություն հասնելու համար, սակայն որոշ պատճառներով արդեն պատրաստի նավակը ծով դուրս չեկավ։

Որոշվեց անմիջապես լեռան վրա դաշնակիցների մարտանավերին տեսանելի ազդանշաններ պատրաստել։ Այդ նպատակով ինքնապաշտպանության ղեկավարներից վերապատվելի Տիգրան Անդրեասյանը սպիտակ մեծ կտորի վրա անգլերեն լեզվով ասեղնագործել է տալիս «քրիստոնյաները վտանգի մեջ են» գրությունը։ Բացի այդ, մեկ այլ դրոշակ պատրաստվեց՝ սպիտակ սավանի վրա մեծ կարմիր խաչ կարվեց, և այդ երկու դրոշներն ամրացվեցին ծավահայաց բլուրներից մեկի վրա՝ այն հաշվով, որ ռազմանավերը հեռվից կարողանան հեռադիտակով տեսնել ու ծանոթանալ իրավիճակին։ Դրոշների մոտ մշտական հերթապահություն է սահմանվում։ Եթե որևէ ռազմանավ նկատվեր, նրանք պետք է ծածանեին դրոշները, իսկ Մովսես Գըրըգյանն անմիջապես պիտի լողալով հասներ նավին ու փոխանցեր Տիգրան Անդրեասյանի կողմից անգլերենով գրված ու հատուկ տուփի մեջ զետեղված նամակը։ Այդտեղ մանրամասն նկարագրված էր հայերի վիճակը, ինքնապաշտպանության դիմելու մուսալեռցիների դրդապատճառները և անհրաժեշտ օգնություն էր խնդրվում։

Հոդվածաշարի վերջին՝ չորրորդ մասը կարդացեք այստեղ:

Սամսոն Հովհաննիսյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
ՔԿ. Տավուշում 7 ձերբակալված կա

ՔԿ. Տավուշում 7 ձերբակալված կա Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---