// IP Marketing video - START// IP Marketing video - END
Մուսա լեռան 40 օրը. Մաս I

Մուսա լեռան 40 օրը. Մաս I

Դեպի Սուեդիայի դաշտավայր իջնող` հիմնականում ուղղաձիգ Մուսա լեռան լանջերը դժվարամատչելի էին դարձնում լեռը և հնարավորություն տալիս ամուր պաշտպանություն կազմակերպել

2015-ի օգոստոս-սեպտեմբերին լրանում է 1915 թվականի սակավաթիվ լուսավոր դրվագներից մեկի՝ Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանության 100-ամյակը: PanARMENIAN.Net-ն անդրադառնում է հերոսամարտին և պարբերաբար կներկայացնի դեպքերի ժամանակագրությունը:

PanARMENIAN.Net - 1915-ի գարնանը երիտթուրքական իշխանությունը սկսեց Արևմտյան Հայաստանի և կայսրության մյուս շրջանների հայ բնակչության բռնի տեղահանությունն ու բնաջնջումը: Տեղահանությունից զերծ չմնաց նաև Անտիոքի գավառի հայությունը: Հուլիսի 26-ին Քեսաբի հայ բնակչությանը տեղահանության հրաման տրվեց, և այդ մասին իմացավ Քեսաբից ոչ հեռու` Անտիոքի գավառի Սուեդիա (Սվեդիա) գյուղաքաղաքի շրջակա 6 հայաբնակ գյուղի բնակչությունը: Անտիոքի գավառապետն ու Սուեդիայի կառավարիչը չէին թաքցնում նաև այդ գյուղերի հայությանը տեղահանելու մտադրությունը:

Սուեդիան գտնվում է Միջերկրական ծովի ծայր արևելյան ծովեզերքին, 1915-ին Սուեդիայի շրջանում հայաբնակ էին 6 մերձակա գյուղ` Բիթիաս, Հաջի Հաբիբլի, Յողունօլուք, Խդրբեկ, Վագըֆ, Քեբուսիե, ընդհանուր մոտ 6300 հայ բնակչությամբ (մոտ 1200 տուն): Հայերն այդտեղ են տեղափոխվել հիմնականում Կիլիկիայից` սկսած 11-12-րդ դարերից: Գյուղախմբի բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, շերամապահությամբ, մեղվաբուծությամբ, զարգացած էին արհեստները, ունեին իրենց դպրոցները, եկեղեցիները: 19-րդ դարավերջին այստեղ սկսում է գործունեություն ծավալել Հնչակյան կուսակցությունը, իսկ 1908-ից` ՀՅԴ-ն:

Տնտեսական գործիք. Քարե երկանք

Հուլիսի 29-ին Յողունօլուքում` գյուղի քահանա տեր Աբրահամ Գալստյանի տանը, բոլոր գյուղերի ներկայացուցիչների մասնակցությամբ ժողով է հրավիրվում` քննարկելու ստեղծված իրավիճակն ու անելիքները: Ժողովականների մեծամասնությունը, հատկապես ունևոր դասի որոշ ներկայացուցիչներ և մի քանի հոգևորական, պնդում են, որ չպետք է դիմադրել, և անհրաժեշտ է ենթարկվել տեղահանության հրամանին: Մյուսները պնդում են, որ պետք է դիմել ինքնապաշտպանության, և բարձրանալ մերձակա Մուսա լեռը:

Դեռ ժողովականները վերջնական որոշում չէին կայացրել, երբ հուլիսի 30-ին գյուղախմբի հայերին տեղահանության հրաման տրվեց` պատրաստ լինելու 7 օրվա ընթացքում գաղթելու: Մինչ հրամանի կատարման մասով նոր տարաձայնություններ են առաջանում, սուեդիահայությանը Հալեպից փախած մի խումբ հայ զինվորների շուրթերով հասնում է հայ ժողովրդի մյուս հատվածի բռնագաղթի ու սարսափելի կոտորածների մասին լուրը: Մինչև այդ Զեյթունից հայրենի Յողունօլուք վերադարձած բողոքական եկեղեցու քարոզիչ Տիգրան Անդրեասյանը պատմել էր զեյթունցիների բռնագաղթի մասին և հորդորում էր չենթարկվել թուրքերի հրամանին: Գյուղացիների մեծամասնության շրջանում տարերայնորեն ամրապնդվում է լեռը բարձրանալու և դիմադրելու տրամադրությունը: Արդեն հուլիսի 30-31-ին Յողունօլուք, Խդրբեկ և Վագըֆ գյուղերի բնակիչներն իրենց կահ-կարասիով սկսում են բարձրանալ Մուսա լեռ:

Մուսա լեռան (բարձրությունը` 1355 մ) գագաթային մասը եռանկյունաձև, 3-3,5 կմ լայնությամբ անտառապատ սարավանդ է: Դեպի Սուեդիայի դաշտավայր իջնող` հիմնականում ուղղաձիգ լանջերը դժվարամատչելի էին դարձնում լեռը և հնարավորություն տալիս ամուր պաշտպանություն կազմակերպել, իսկ գրեթե անմիջապես ծովեզերքին գտնվելը թույլ էր տալիս հուսալ Անտանտի տերությունների` անգլիական և ֆրանսիական ռազմանավերի օգնությունը:

Մուսալեռցի ընտանիքի լուսանկար

Օգոստոսի 1-ին Անտիոքի կառավարիչը երկրորդ սպառնալից հրամանն է ուղարկում հայերին` հիշեցնելով գաղթի ժամկետների մասին: Սակայն արդեն մուսալեռցի դարձած հայերը մնում են անդրդվելի, և օգոստոսի 2-ին երեք հայկական գյուղի ամբողջ բնակչությունը լեռան վրա պատրաստվում էր դիմադրության: Ցավոք, Քեբուսիեի բնակչության մեծ մասը և հայկական մյուս երկու գյուղի մի հատվածը` մոտ 2000 հոգի, ընկնելով թուրքական իշխանության ծուղակը, բռնում է տարագրության ճամփան և Ցեղասպանության զոհ դառնում: Նշված գյուղերի մնացած ընտանիքները ևս միանում են Մուսա լեռան պաշտպաններին: Ընդհանուր առմամբ լեռը բարձրացածների թիվը մոտ 4300 հոգի էր:

Հետագա օրերին լեռան երեք տարբեր շրջանում հայերը ճամբարներ են խփում, ձեռքի տակ եղած միջոցներով, օգտագործելով անտառանյութը, կացարաններ պատրաստում, ձևավորվում է 4 պաշտպանական դիրք: Լեռան պաշտպանությունը կազմակերպելու համար երեք հիմնական ճամբարում ընտրվում են տեղական խորհուրդներ, որոնք պատասխանատու էին ինքնապաշտպանության և ներքին կառավարման համար: Իսկ օգոստոսի 5-ին թուրքերը լեռը թողնելու և գաղթի հրամանին ենթարկվելու վերջնագիր են ուղարկում:

Հայերը մոտ 500 կռվող ունեին՝ սահմանափակ թվով զենքով ու փամփուշտներով, զինված էին հիմնականում մոտ 200-250 հին որսորդական հրացաններով, 100-130 լավ որակի հունական «կրա» հրացաններով և մի քանի «մաուզերներով»:

Օգոստոսի 7-ին, երբ բոլոր ճամբարների ներկայացուցիչները Թաթարալանկ կոչվող վայրում ընդհանուր ժողով էին հրավիրել` ընտրելու միասնական ղեկավարման մարմին, թշնամին մոտ 200 զինվորով սկսում է իր առաջին հարձակումը հայկական դիրքերից մեկի վրա: Ժողովն իսկույն ընդհատում է նիստը և դիմադրություն կազմակերպում` մոտ 20 մարտիկ անմիջապես ուղարկելով գրոված դիրքը: Իր արագ և անկորուստ հաղթանակի վրա վստահ` թշնամին փորձում է ճակատային մեկ գրոհով ընկճել հայերին, սակայն հանդիպում է կազմակերպված լուրջ դիմադրության: Մոտ վեց ժամ տևած այս առաջին կռվից հետո թուրքերը, 5-6 զոհ տալով, արագ նահանջում են: Հայերը որևէ կորուստ չեն ունենում:

Մուսալեռցի մարտիկի հագուստ

Առաջին հաղթանակը տոնելով` մուսալեռցիները հաջորդ երկու օրը զբաղված էին մարտական դիրքերն ամրապնդելու աշխատանքներով. 20-25 մ խորությամբ կտրվում են ծառերը` տեսադաշտը բացելու համար, փորվում խրամուղիներ, կառուցվում կենտրոնական զորանոցը: Կռվող ուժը ըստ դիրքերի կարևորության համապատասխան քանակով տեղաբաշխվում է առաջին գծում: 12-15 տարեկան պատանիներից ձևավորվում են սուրհանդակ խմբեր («թելեֆոնի տղաքը»)` դիրքերի և կենտրոնի միջև կապ պահպանելու համար:

Հղումներով կարող եք կարդալ Մուսա լեռան պաշտպանության մասին հոդվածաշարի երկրորդ, երրորդ և չորրորդ մասերը:

Սամսոն Հովհաննիսյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Սիրո հեղափոխության ամենահեղափոխական սերը
Ինչը ժպիտ պարգևեց վերջին օրերի դրամատիկ իրադարձություններում
Հանրային կյանքը՝ Փաշինյանի իշխանության 1 տարում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Ընթրիքը՝ երկնքում Երևանում կբացվի «օդում ճախրող» ռեստորան
Ծերացող ազգի «բեռը» Քանի հոգի է աշխատում 1 թոշակառուի թոշակի համար