ՊՊԾ գնդի գրավման առթիվ նոր հոդվածներով քրգործեր են հարուցվել

ՊՊԾ գնդի գրավման առթիվ նոր հոդվածներով քրգործեր են հարուցվել

PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես հայտնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը, քրեական գործին միացվել են նաև ՀՀ ՊՆ N զորամասի դասակի հրամանատար Վ.Գ-ի կողմից մարտական հերթապահության կանոնները խախտելու և ռազմամթերքի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ և 365-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործը, ինչպես նաև սույն թվականի հուլիսի 29-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքից արձակված կրակոցներով Երևանի Սարի Թաղ թաղամասում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության զորքերի հրաձիգ Փ.Մնացականյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու ոստիկանության մի շարք տրանսպորտային միջոցները դիտավորությամբ վնասելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ և 185-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործերը:

Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է 60 անձ: 50 անձ կալանավորված է, երկուսը հետախուզման մեջ են, մյուսների նկատմամբ ընտրված են անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցներ:

Նախաքննության ներկա փուլում պարզվել է, որ հանցագործություններից տուժել է 46 անձ: Տուժել է ՀՀ ոստիկանությունը, ինչպես նաև 2 իրավաբանական անձ («Համակցված կերերի գործարան» ՓԲԸ, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկ» ՓԲԸ), մնացածը՝ ֆիզիկական անձինք են: Հանցագործություններից տուժած ֆիզիկական անձանցից 26-ը ոստիկանության աշխատակիցներ են, 17-ը՝ քաղաքացի:

Տուժած ոստիկաններից 3-ը ապօրինաբար կյանքից զրկված ծառայողներն են (Ա.Վանոյան, Յու.Տեփանոսյան, Գ.Մկրտչյան), 10-ը տարբեր ժամանակահատվածներում պատանդառվածները, 7-ը տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներ ստացածները, 2-ը տուժել են կյանքի համար վտանգավոր բռնության փորձի հետևանքով, 4 ոստիկան տուժել են անձնական գույքի հափշտակությունների արդյունքում:

Տուժած քաղաքացիներից 7-ը տարբեր ժամանակահատվածներում պատանդառված բուժ. աշխատողներն են, 10-ը տուժել են գույքի դիտավորյալ ոչնչացում և գույքի հափշտակություն կատարելու արդյունքում:

Քննությամբ պարզվել է, որ զինված անձանց խումբը 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածք է հասել տրանսպորտային չորս միջոցով, այդ թվում՝ երկուսը «Ֆորդ տրանզիտ», մեկը «Մերսեդես Բենց» և մեկը «Կռազ» մակնիշի: Բոլոր տրանսպորտային միջոցները հայտնաբերվել են, կատարվել են դրանց առնչվող համապատասխան քննչական գործողություններ:

Ճշտվել է նաև, որ ապօրինաբար կրվող ինքնաձիգներից երկուսը ՀՀ ոստիկանության և ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան քարտադարաններում հաշվառված են որպես նախկին տարիներից փնտրվող: Այս և զինյալների մյուս 12 ինքնաձիգ-հրազենների ձեռք բերման աղբյուրները պարզելու ուղղությամբ քննչական գործողությունները շարունակվում են:

06.09.2016թ. դրությամբ քրեական գործով կատարվել են բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ 500-ից ավելի հարցաքննություն (վկաների, տուժողների, մեղադրյալների), քննչական փորձարարություն և դեպքի վայրի դետալային զննություններ, նշանակվել է թվով 101 փորձաքննություն (դատաբժշկական, ապրանքագիտական, հրդեհատեխնիկական, դատագենետիկական, դատաձգաբանական, դատաքիմիական, դատակենսաբանական, դատահամակարգչային, դատափաստաթղթաբանական, դատանյութագիտական և այլն), 38 անձանցից ստացվել են նույնականացման համար փորձաքննությանը տրամադրվող նմուշներ, կատարվել է 151 խուզարկություն, 60 առգրավում, 78 զննություն, դատարանի համապատասխան որոշումների հիման վրա ստացվել են հեռախոսային զանգերի բազմաթիվ վերծանումներ, պահանջվել են բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, կատարվել են մի շարք այլ քննչական և դատավարական գործողություններ:

ՀՔԾ-ից հայտնում են, որ նախաքննությունը շարունակվում է, ընթացքի վերաբերյալ պարբերաբար կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան, որից մեկը, պաշտոնական վարկածով, գնդի տարածքից դիպուկահարի կրակոցից:

Կարդացեք նաև՝ «Սասնա ծռերի» անդամ Սմբատ Բարսեղյանը հացադուլ է հայտարարել

Փաստաբան. Արարատ Խանդոյանի գործով նախաքննությունն ավարտվել է

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---