5 նոյեմբերի 2019 - 16:03 AMT
Վրաստանի տարածքում դիրքավորվելու Ադրբեջանի փորձն առաջինը չէ

Վերջին շրջանում Ադրբեջանն ամրապնդել է իր դիրքերը նոր բարձունքներում՝ Բաբաքյար (Պապաքար) լեռան վրացական հատվածում: Այդ մասին ասվում է բրիտանական Bellingcat-ի լրագրողական հետազոտության մեջ:

Բաբաքյար լեռը ՀՀ, Վրաստանի և Ադրբեջանի սահմանների հատման վայր է:

Սակայն, սա ադրբեջանցիների առաջին ոտնձգությունը չէ Վրաստանի տարածքի հանդեպ՝ նմանատիպ գործողություններ են կատարվել դեռևս 2017-ին:

2017-ի աշնանը հայտնի դարձավ, որ վրաց-ադրբեջանական սահմանի այն հատվածում, որը սկսվում է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանների հատման վայրից ու շարունակվում մինչև «Կարմիր կամուրջ» անցակետը, մոտ 6,5 կմ երկարությամբ, ադրբեջանական կողմը կառուցել է պաշտպանական կառույցներ և մարտական հենակետեր, որոնք մխրճվում են Վրաստանի տարածքի մեջ մինչև 450 մ և ընդհանուր առմամբ կազմում են 800-1000 հա: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասել էր քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը՝ ներկայացնելով սեփական հետազոտության արդյունքները:

Պապաքարի բարձրունքը, որը ռազմավարական կարևոր կետ է, ամբողջովին գտնվում է Վրաստանի տարածքում՝ ադրբեջանական սահմանն անցնում է բարձունքից մի փոքր հարավ: Սակայն այս հատվածում ադրբեջանցիները խորացել են Վրաստանի տարածք մոտ 400 մ և ստեղծել ռազմական հենակետերի համակարգ, որն ամբողջովին Վրաստանի տարածքում է: Բարձրունքի տիրապետումը դիրքային առավելություն է տալիս ադրբեջանական կողմին դիմացի հայկական հենակետերի նկատմամբ:

2019-ի ապրիլին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնեցին, որ հսկողության տակ են առել ռազմավարական նշանակության բարձունքները Հայաստանի հետ սահմանին: Ադրբեջանի սահմանապահ զորքերի շտաբի պետ, գեներալ-մայոր Էլչին Իբրահիմովը օգոստոսի 16-ին հայտարարել էր, որ «ադրբեջանցի սահմանապահներին հաջողվել է առաջ շարժվել մի քանի ուղղությամբ և դիրքեր գրավել ռազմավարական բարձունքներում»:

2019-ի օգոստոսին հայկական ԶԼՄ-ները գրեցին, որ 2019-ի ամռան ընթացքում 3-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումները, հրամանատար, գնդապետ Գրիգորի Խաչատուրովի հրամանատարությամբ, Տավուշի մարզի սահմանամերձ հատվածում բարելավել էին դիրքերը, ինչը, մասնավորապես, էապես բարձրացրել է Հայաստան-Վրաստան միջպետական հատվածի որոշ հատվածների անվտանգության մակարդակը։