Քաղաքականություն.

Իսրայելը զինու՞մ է Ադրբեջանին

Արաբական ԶԼՄ-ների տվյալներով, Թել-Ավիվի ու Բաքվի ներկայացուցիչների միջեւ կայացած գաղտնի բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջան հարյուր իսրաելական տանկերի ու երեսուն ռազմական ինքնաթիռների առաքման վերաբերյալ:

15 դեկտեմբերի 2001
Ինչպես արդեն հայտնել ենք, վերջին շրջանում արաբական մի շարք թերթերում հրապարակվել են հոդվածներ, որոնցում ներկայացված էին Իսրայելի կողմից Ադրբեջանին ռազմական տեխնիկայի գաղտնի մատակարարումը հաստատող փաստեր: Վերջին նման հրապարակումը տպվել է Բեյրութում լույս տեսնող «Մուարի» շաբաթաթերթում («Թուրքիայի եւ Իսրայելի ռազմավարական միությունը ընդլայնվում է Ադրբեջանի հաշվին»): Սրան նախորդել էր թուրքական մամուլում տարածված այն հայտարարությունը, որ Իսրայելի վարչապետ Արիել Շարոնի Անկարա կատարած այցի ժամանակ քննարկվել է Ադրբեջանին համատեղ ռազմական աջակցություն տրամադրելու հարցը: Այս մասին մասնավորապես գրել էին «Հուրիեթը» եւ «Ռադիկալը»: Թել-Ավիվը եւ Բաքուն շտապեցին հերքել հասարակությանը արդեն հայտնի դարձած սենսացիոն հայտարարությունը: Սակայն հետագա իրադարձությունները միայն հաստատեցին, որ «առանց կրակի ծուխ չի լինում»:
 
---