Քաղաքականություն.

ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՍԱՎ ԵՐԵՒԱՆ

Մինչ ամենամոտ գտնվող մայրաքաղաք այցը, Վրաստանի նախագահը հասցրեց իրականացնել հինգ արտասահմանյան այց:

12 մարտի 2004
Այսօր պաշտոնական այցով Երեւան է ժամանում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Սա վրացական նոր առաջնորդի վեցերորդ արտասահմանյան այցն է: Մինչ այդ նա եղավ Ստրասբուրգում, Մոսկվայում, Վաշինգտոնում, Բաքվում եւ Փարիզում: Այս հերթականությունն, անկասկած, վկայում է «վարդերի հեղափոխության» առաջնորդի արտաքին քաղաքականության առաջնայնությունների մասին: Պաշտոնական Թբիլիսիի եվրոպական ուղղվածության շեշտված քաղաքականությունը կարելի է լիովին կանխատեսելի եւ օրինաչափ համարել: Մի փոքր անսպասելի է միայն այն, որ Սաակաշվիլին իրեն դժվարություն չպատճառեց երկու ամենամոտ պետությունների` Ադրբեջանի եւ Հայաստանի հետ հարաբերությունների հավասարության մտապատրանքը ստեղծել: Վրաստանի նախագահը հրաժարվեց Բաքու եւ Երեւան այցելել հարավկովկասյան մեկ շրջագայության ընթացքում:
 
---