Քաղաքականություն.

ԻՆՉՈ՞Ւ ՀԵՆՑ ԲԱՔՈՒՆ Է ԴԱՐՁԵԼ ՉԵՉԵՆ ԱՐՄԱՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱՏԵՂԻՆ

Ասլան Մասխադովի որդին, ով հավաստում է, որ պատրաստակամ է շարունակել հոր գործը, ապաստան է գտել Ադրբեջանում:

11 մարտի 2005
Ավարտվեց Իչկերիայի սպանված նախագահ Ասլան Մասխադովի սգո եռօրյան: Արարողությունը կատարվեց Բաքվում, որտեղ բնակվում է հանգուցյալի որդին` Անզոր Մասխադովը: Հոր հիշատակին նա շուկայից գնել էր ամենախոշոր ցուլը, մորթել էր եւ միսը բաժանել ադրբեջանցի աղքատներին: Բաքվի ԶԼՄ-ի տեղեկատվությամբ, Անզորի հետ հարյուրավոր ցավակցողների մեջ էին նաեւ Մասխադովի այրին, Ադրբեջանում եւ Եվրոպայում «Իչկերիայի Չեչենական հանրապետության պաշտոնական ներկայացուցիչները», ինչպես նաեւ` «արտագաղթի մեջ գտնվող Չեչնիայի կառավարության մի շարք ներկայացուցիչներ»: Հյուրասեր ադրբեջանական հողում այս բոլոր անձանց ներկայությունը ռուսների մոտ չի կարող կասկածի տակ չառնել ադրբեջանցիների` բարեկամության եւ եղբայրության մասին պնդումները:
 
---