Քաղաքականություն.

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՈՒՆ ՑԱՆԿԱԼԻՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ

Ադրբեջանի կառավարությունը ցույց է տալիս, թե բավարարված է ցածրադիր Ղարաբաղի շրջաններն այցելած ԵԱՀԿ դիտորդական առաքելության հաշվետվությամբ:

24 մարտի 2005
Մարտի 22-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել ղարաբաղյան ուժերի կողմից վերահսկվող շրջաններն այցելած ԵԱՀԿ դիտորդական առաքելության հաշվետվության հետ կապված: Արտաքին քաղաքականության գերատեսչության տարածած փաստաթղթի մեջ ասվում է, որ պաշտոնական Բաքուն լիովին բավարարված է հաշվետվությամբ եւ գտնում է, որ այդտեղ տեղ գտած գնահատականները վկայում են անվտանգության գոտում հայերի կողմից զանգվածային վերաբնակեցման մասին: Հիշեցնենք, որ հաշվետվությանն առնչվող հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Հայաստանի ԱԳՆ, որը նույնպես գոհունակություն է հայտնել` նշելով, որ հաշվետվությունն ամրագրում է այդ տարածքների վերաբնակեցման մասին պլանների բացակայությունը եւ հնարավորություն է տալիս հերքել ադրբեջանական կողմի առաջադրած բոլոր մեղադրանքները: Ակնայտորեն հակասական են հաշվետվության ընկալումները Երեւանի եւ Բաքվի իշխանավորների կողմից: Նրանցից մեկը ցանկալին իրականության փոխարեն է ներկայացնում:
 
---