Քաղաքականություն.

Քնեսեթի պատմական որոշում թե՞ պատմական սխալ

Հայոց ցեղասպանության դեմ պայքարում իսրայելցի գիտնականները բավականին անշնորհակալ դեր են ստանձնել. նրանք համարում են Հոլոքոսթը եզակի երեւույթ, որն անհամեմատելի է մարդկության պատմության մեջ եղած եւ ոչ մի ցեղասպանության հետ

27 մարտի 2008
Մարտի 26-ի երեկոյան Իսրայելում տեղի ունեցավ մի իրադարձություն, որի մասին հայերն արդեն հույս չունեին լսել` Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցներին հաջողվեց գրանցել առաջին հաջողությունը: Ինչպես գրում է «Haaretz» թերթը, արտգործնախարար Ցիպի Լիվնիի փոխարեն («Քադիմա») կառավարության դիրքորոշումը ներկայացրեց գյուղատնտեսության նախարար Շալոմ Սիմխոնը («Ավոդա»): Նա շարադրեց առարկությունները այդ հարցը ընդլայնված նիստում քննարկելու վերաբերյալ, սակայն անսպասելիորեն համաձայնվեց պատգամավոր Զեեվ Էլկինի («Քադիմա») նախաձեռնության հետ, որը իսրայելա-հայկական բարեկամության խորհրդարանական ասոցիացիայի նախագահն է եւ առաջարկել էր փոխանցել Հայոց ցեղասպանության մասին հարցը:
 
---