Հայկ Հարությունյան.Արևային էներգիայի անցնելու համար մեկ ընտանիքից մոտ $1500 կպահանջվի 2 մայիսի 2017 PanARMENIAN.Net - Ի՞նչ ուղղություններով է զարգանում ՀՀ էներգետիկ դաշտը: Արդյո՞ք փակվելու է ատոմակայանը: Որքա՞ն կարժենա սովորական բնակարանն արևային էներգիայով ապահովելը: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ PanARMENIAN.Net-ը զրուցել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի հետ: Շատ է խոսվում ատոմակայանի կարևորության ու նոր էներգաբլոկի կառուցման անհրաժեշտության մասին, բայց զուգահեռ կառուցվում են ՋԷԿ-եր, փորձ է արվում դրա համար արաբական երկրներից ներդրողներ գրավելու: Ո՞ւր է ուղղվելու նոր ՋԷԿ-երի գեներացրած էներգիան, և արդյոք սա նշանակում է, որ կառավարությունը պատրաստվում է ԱԷԿ-ի փակմանը: Երևանի նոր ՋԷԿ-ը գալիս է փոխարինելու Հրազդանի հին ՋԷԿ-ին: Հետագա էներգաբալանսից է կախված՝ դրա արտադրած էներգիայի որ մասը կգնա ներքին սպառման, որ մասը՝ արտաքին: Մեր կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ էներգետիկան ունի 4 հենասյուն՝ վերականգնվող էներգետիկայի զարգացում, էներգախնայողության ոլորտի բարելավում ու զարգացում, տարածաշրջանային ինտեգրացում ու էներգակիրների մատակարարման ուղիների դիվերսիֆիկացում և ատոմային էներգետիկայի զարգացում: Էներգետիկ քաղաքականությունը հիմնված է այս 4 հենասյան վրա, ու ատոմային էներգետիկան սրանցից մեկն է: Մենք փորձում ենք 4 ուղղությունն էլ հավասարաչափ զարգացնել: Արևային և քամու էներգիայի մասնաբաժինն ընդհանուր էներգետիկայի արտադրության ոլորտում 1%-ից էլ քիչ է: Ունե՞ք արդյոք ծրագիր կամ կարող եք կանխատեսումները ներկայացնել, թե որքան է կազմելու դրանց մասնաբաժինը 5-10 տարի անց: Ընդհանուր եթե խոսենք այլընտրանքային էներգետիկայի մասնաբաժնից, այն էներգաարտադրության ոլորտում 35%-ից ավելի է, քանի որ հիդրոէներգետիկան էլ է համարվում այլընտրանքային: Արևայինի զարգացումը նոր ենք սկսել, և մի քանի տարի անց հստակ տվյալներ կունենանք: Հիմա մի քանի խոշոր ծրագիր ունենք, որ պատրաստվում ենք իրականացնել: Կանխատեսումներ ունենք, իհարկե, բայց ամեն ինչ կախված է սակագներից ու ոլորտների զարգացումից: Նոր տեխնոլոգիաներ են հայտնվում, սակագինը փոխվում է, ըստ դրա՝ կանխատեսումներն ու ծրագրերն էլ են փոխվում: Մինչև 2025 թիվը նախատեսում ենք, որ ընդհանուր էներգաարտադրության ոլորտում 50%-ից ավելին կկազմի այլընտրանքայինը՝ ներառյալ հիդրոէներգետիկան: Կառավարությունն ու հատկապես՝ վարչապետը, կոչ են անում օգտվել արևային էներգիայից: Կարող եք արդյոք ներկայացնել՝ որքան գումար է անհրաժեշտ սովորական բնակարանն արևային էներգիայով ապահովելու համար: Որքան ժամանակ անց մարդիկ կզգան «օգուտը»: Մի քիչ դժվար է նման հաշվարկ ներկայացնելը: Միջին վիճակագրական ընտանիքի համար տարեկան սպառումը կազմում է մոտ 2400 կՎտ: Դրա համար անհրաժեշտ են մոտ 1.5 կՎտ դրվածքային հզորությամբ արևային վահանակներ, որոնք կարտադրեն այդքան ծավալի էլէներգիա: Դրա միջին արժեքը հիմա շուկայում մոտ $1500 է: Եթե արևային էներգիայի անցնելու նպատակ կա, պետք է դիմել համապատասխան ընկերություններին, որոնք կգան, կչափագրեն, կնայեն պայմանները՝ հարավային կողմ կա, թե՝ ոչ, տանիքում հնարավոր է տեղադրել, թե՝ ոչ: Ամեն տան, ընտանիքի համար անհատական մոտեցում, հաշվարկ է անհրաժեշտ: Շատ է խոսվում արաբական երկրներից էներգետիկայի ոլորտ ներդրումներ ներգրավելու մասին: Ուր են ուղղվում այդ ներդրումները, կա՞ն արդյոք կոնկրետ ծրագրեր, թե՝ ոչ: Կան հստակ ծրագրեր՝ կապված արևային, քամու էներգիայի ոլորտների հետ: Նույն ներդրողները հետաքրքրված են նաև գյուղատնտեսության ոլորտում ներդրումների հնարավորությամբ: Ծրագրերը շատ են, հետաքրքրվածությունը՝ մեծ ու ընդգրկուն: Իսկ ինչով է պայմանավորված արաբական երկրների՝ ՀՀ-ում ներդրումներ կատարելու հարցում հետաքրքրությունը: Մի շարք գործոններ կան՝ և ներդրողների նկատմամբ նոր կառավարության վարած քաղաքականությամբ վստահություն ենք ներշնչում, և նախագահի կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, տնտեսական ֆորումը: Մի բան կարող եմ ասել, որ իրենց համար ՀՀ-ն բոլոր կետերով համապատասխանում է ներդրումներ կատարելու համար լավ երկրի համար առաջադրվող չափանիշներին՝ քաղաքական կայունություն, տնտեսական աճ, չիրացված հսկայական պոտենցիալ, Էմիրությունների հետ լավ քաղաքական հարաբերություններ: ՀՀ-ն ամեն առումով իրենց համար համարվում է ներդրումների համար լավ ուղղություն: Վերջերս Վրաստանը հայտարարեց, որ գազը գնելու է միայն Ադրբեջանից: Արդյո՞ք սա նշանակում է, որ գազի տարանցման ծրագիրն Իրանից ՀՀ տարածքով դեպի Վրաստան չեղարկվում է: Միանշանակ ոչ: Ճիշտն ասած, Վրաստանի այդ հայտարարությանն անգամ ծանոթ չեմ, սակայն ես գիտեմ, որ կա վրացական ընկերություն, որն իրանական կողմի հետ գազի գնման պայմանագիր ունի: Հիմա մենք իրակական կողմի հետ տարանցման հետ կապված տարբեր հարցերի շուրջ ենք բանակցում, որովհետև դա պետք է լինի փոխշահավետ պայմաններով: Փակագծերն առանց շատ բացելու կարող եմ ասել, որ մենք իրանական կողմի հետ զուգահեռ բանակցում ենք նաև իրենց տարածքով գազի տարանցման հնարավորության շուրջ: Խոսքն Իրանի տարածքով թուրքմենական գազի ՀՀ ներմուծման մասին է: Մոտեցումը պետք է լինի ավելի ընդգրկուն: Բանակցությունները դեռ ընթանում են: Ոչինչ չի բացառվում: Այսինքն, Վրաստանը, անկախ իր հայտարարությունից, չի՞ հրաժարվել գազի տարանցման շուրջ ՀՀ-ի և Իրանի հետ բանակցություններից: Հնարավո՞ր է, որ այս հայտարարությունը ավելի շատ քաղաքական բնույթ է կրել, ոչ թե՝ տնտեսական: Սա արդեն իրենցից է պետք ճշտել: «Ռուսգիդրոյի» բաժնետոմսերի հնարավոր վաճառքի մասին ի՞նչ կասեք: Ասում են՝ ռուսական ընկերությունները կորցնում են հետաքրքրությունը մեր տարածաշրջանի հանդեպ: Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը բավականին լավ կառույց է՝ համակարգային լուրջ նշանակություն ունեցող: Վստահ եմ, որ ներդրումային հետաքրքրությունն այդ կառույցի հետ կապված քիչ չի լինի: Թե ինչու է ռուսական ընկերությունն ուզում դա օտարել, հավանաբար իրենց պատճառներն ունեն, բայց որ հաստատ «անտեր» չի մնա, դա պարզ է: Փոխնախարարի հետ զրուցել ենք նաև էներգետիկ շուկայի ազատականացման մասին: Հայկ Հարությունյանի պնդմամբ, դրա արդյունքում ՀԷՑ-ը կկորցնի էլեկտրաէներգիայի մատակարարման մենաշնորհն ու կստեղծվի պատասխանատվությունների համակարգ, որպեսզի մատակարարման շուրջ ձեռք բերված պարտավորությունները պահպանվեն: Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին մտադիր են զրկել ավագանու մանդատից Նախատեսվում է մանդատից զրկել ևս 2 անդամի |