18 նոյեմբերի 2015 - 12:10 AMT
Հարցված ամերիկացիների մոտ 35%-ն է տեղյակ Հայոց ցեղասպանության մասին

«Զոգբի» հետազոտական կենտրոնի (Zogby Analytics) կողմից նոյեմբերի 9-ին առաջին անգամ անցկացված ամերիկյան հարցումը ցույց է տալիս ամերիկյան հասարակության գիտելիքների մակարդակն ու կարծիքը Հայոց ցեղասպանության և Արցախի վերաբերյալ: Հարցման արդյունքների անճշտությունը տատանվում է 3.1%-ի սահմաում:

Այն հարցին, թե արդյոք տեղյակ եք, որ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը, հարցման մասնակիցների միայն 34.8%-ն է դրական պատասխան տվել. 49.6%-ն ասել է «ոչ», իսկ 15.6%-ը՝ «գաղափար չունեմ»:

«Ակնկալում էինք, որ ԱՄՆ քաղաքացիների շատ ավելի բարձր տոկոսը տեղյակ կլիներ Հայոց ցեղասպանության մասին, հատկապես հարյուրամյակի այս տարվա ոգեկոչման խոշոր միջոցառումներից հետո: Այն փաստը, որ ամերիկացիների կեսը երբեք չի լսել 1.5 միլիոն հայերի Ցեղասպանության մասին, ցույց է տալիս, որ մեծ ջանքեր են անհրաժեշտ հանրության դաստիարակչության համար», - գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:

Հրատարակիչը նկատել է, որ «Զոգբի» հետազոտական կենտրոնն իր հարցման մեջ ծավալուն տեղեկատվություն է տրամադրում մասնակիցների անձնական տվյալների մասին, մասնավորապես.

- Մինչ արական սեռի մասնակիցները վերոնշյալ հարցի վերաբերյալ իրենց իմացությամբ բաժանվում են հավասարապես, կանանց շրջանում խիստ անհավասարակշռություն կա. Հայոց ցեղասպանության մասին անտեղյակ կանանց թիվը երկու անգամ գերազանցում է տեղեկացվածների թվին.

- Պատասխանողների մոտ կեսը հավասարապես անտեղյակ է Հայոց ցեղասպանության մասին՝ անկախ կուսակցական պատկանելությունից: Լիբերալները մի փոքր ավելի տեղեկացված են, քան չափավորները և պահպանողականները: «Թեյի կուսակցության» (Tea Party) և «Գրավիր Ուոլ սթրիթը» (Occupy Wall Street) շարժման համակիրների մեծամասնությունը իրազեկ է Հայոց ցեղասպանության մասին:

- Համալսարանների շրջանավարտների Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածությունն ավելի բարձր է, քան չավարտածների:

- Հայոց ցեղասպանության մասին առավել տեղեկացված է 25-34 տարիքային խումբը, իսկ ամենաքիչ՝ 35-53 տարիքային խումբը:

- Իսպանախոս ամերիկացիներն ավելի քաջատեղյակ են Հայոց ցեղասպանության մասին, քան «սպիտակները». ամենաքիչ տեղեկացվածները աֆրո-ամերիկացիներն ու ասիական ծագում ունեցող ամերիկացիներն են:

- Կաթոլիկներն ավելի տեղյակ են Հայոց ցեղասպանության մասին, քան բողոքականները:

- Արևմտյան ափի ամերիկացիներն ավելի տեղյակ են Հայոց ցեղասպանության մասին, քան արևելքում ապրող նրանց հայրենակիցները, իսկ ամենաանտեղյակները ԱՄՆ-ի կենտրոնական և հարավային նահանգներում ապրող ամերիկացիներն են:

- Հայոց ցեղասպանության մասին ամենաշատ գիտեն ամենաբարձր եկամուտներ ունեցող (100 հազ դոլար և ավելի) ամերիկացիները, իսկ ամենաքիչը՝ նրանք, ովքեր ունեն 35-50 հազ դոլարի տարեկան եկամուտ:

Ընդհանուր առմամբ, Հայոց ցեղասպանության մասին առավել տեղեկացված ամերիկացին՝ տղամարդ է, աջակողմյան կամ ձախակողմյան թևի ակտիվիստ, համալսարանի շրջանավարտ, 25-35 տարեկան, իսպանախոս, կաթոլիկ, ապրում է Արևմտյան ափին և ունի ավելի քան 100 հազ դոլարի տարեկան եկամուտ, իսկ Հայոց ցեղասպանության մասին ամենաանտեղյակ ամերիկացին՝ իգական սեռի ներկայացուցիչ է, գլխավոր կուսակցությունների անդամ, բարձրագույն կրթություն չունի, 35-53 տարեկան է, աֆրո-ամերիկացի կամ ասիական ծագում ունեցող, բողոքական, ապրում է կենտրոնական կամ հարավային նահանգներում և ունի 35-50 հազ դոլարի տարեկան եկամուտ:

Ահա Ցեղասպանությանն ու Արցախին առնչվող մյուս ութ հարցերի պատասխանները.

- Ամերիկացիների 46.5%-ը կողմ է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է կոչ անի Թուրքիային հրապարակայնորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը. 16.1%-ը դեմ է, իսկ 37.4%-ը չգիտի:

- 39%-ը կողմ է, որ «Միացյալ Նահանգների Կոնգրեսը պետք է բանաձև ընդունի Հայոց ցեղասպանության մասին... եթե նույնիսկ դրա հետևանքով խզվեն դիվանագիտական հարաբերությունները Մերձավոր Արևելքում գլխավոր ռազմավարական դաշնակցի հետ». 22.5%-ը դեմ է, իսկ 38.5%-ը չգիտի:

- 63.2%-ը կողմ է, որ «եթե Միացյալ Նահանգների դաշնակիցը նախաձեռնում է մի ծրագիր՝ բնակչությանն իր սեփական երկրում ոչնչացնելու, հալածելու կամ տեղահանելու համար, ապա ԱՄՆ-ը պետք է դադարեցնի տնտեսական և/կամ ռազմական օժանդակությունն այդ դաշնակցին». 10.5%-ը դեմ է, իսկ 26.3%-ը չգիտի:

- 20.1%-ը կարծում է, որ երբ որևէ երկիր ցեղասպանություն է իրականացնում, ապա նա պետք է «գումարային» փոխհատուցում վճարի. 11.8%-ն ասում է, որ նա պետք է փոխհատուցի զավթած «հողերը» վերադարձնելով. 10.7%-ը՝ «մեկ այլ խորհրդանշական արարքով», 9.4%-ը՝ «ոչ մի փոխհատուցում չպետք է վճարի», իսկ 48%-ը չգիտի:

- 31.3%-ը կարծում է, որ ՄԱԿ-ը պետք է որոշի, թե ինչ փոխհատուցում պետք է տրվի ցեղասպանության իրագործման դեպքում. 23.8%-ն ասում է, որ դա պետք է որոշի Միջազգային քրեական դատարանը. 12.1%-ը՝ Միացյալ Նահանգների Կոնգրեսը. 3%-ը՝ Amnesty International-ը. 2.5%-ը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը. 0.8%-ը՝ Հռոմի պապը, իսկ 26.5%-ը չգիտի:

- 37.9%-ը կարծում է, որ Միացյալ Նահանգները պետք է «տնտեսական պատժամիջոցներ» կիրառի ընդդեմ այն երկրի, որը «հրաժարվում է ճանաչել և պատասխանատվություն կրել մարդկության դեմ գործած իր հանցագործությունների համար». 16.4%-ն ասում է, որ ԱՄՆ-ը պետք է «քաղաքական/դիվանագիտական ճնշում» գործադրի. 8.6%-ը՝ «էմբարգո», 2.6%-ը՝ ԱՄՆ-ը պետք է պատերազմ հայտարարի. 4.5%-ը՝ «ոչինչ չանի», իսկ 30%-ը չգիտի:

- 38.3%-ը կողմ է, որ «Միացյալ Նահանգները պետք է միջամտի, եթե Ադրբեջանը փորձի արտաքսել (Արցախի) էթնիկ քրիստոնյա հայերին, որոնք դարեր շարունակ ապրում են այնտեղ». 21.8%-ը դեմ է, իսկ 39.9%-ը չգիտի:

- 40.4%-ը կողմ է, որ եթե հանկարծ Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա, ապա Միացյալ Նահանգները պետք է կոչ անի Իսրայելին, որը ժամանակակից զենքեր է վաճառում Բաքվին, խզի իր դիվանագիտական հարաբերությունները Ադրբեջանի հետ. 16.9%-ը դեմ է, իսկ 42.7%-ը չգիտի:

Սասունյանի խոսքով՝ իր տեսակի մեջ առաջին նման հարցախույզը կարող է ծառայել որպես կարևոր ուղեցույց ամերիկահայ համայնքի համար՝ իմանալու, թե որտեղ կենտրոնացնել իր դաստիարակչական ճիգերը և լոբբիստական աշխատանքները:

Փարիզում 2015-ի հունվարի 21-ին ներկայացված «Գալիք հիշողություններ» անվանումը կրող սոցիոլոգիական հարցումների արդյունքում պարզվել է, որ տարբեր երկրների երիտասարդների մոտ 77%-ը 1915-ին Օսմանյան կայսրության իրականացրած հայերի կոտորածը համարել է ցեղասպանություն:

Հարցախույզն անցկացվել է աշխարհի 31 երկրում՝ 16-29 տարեկան երիտասարդների շրջանում, որի ընդհանուր մասնակիցների 31.172-ն էին:

Թուրքական հասարակության մեջ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի զանգվածային կոտորածներն իբրև ցեղասպանություն ճանաչելու կողմանկիցները բացարձակ փոքրամասնություն են:Այդ ողբերգության 100-ամյակի նախօրեին սոցհարցման արդյունքում պարզվել է, որ հարցվածների միայն 9.1%-ն է կարծում, որ Անկարան պետք է ներողություն խնդրի 1915 թվականին օսմանյան տիրապետության օրոք իրագործված կոտորածների համար և այն ցեղասպանություն ճանաչի:

Կարդացեք նաև՝ Սոցհարցում. 31 երկրի երիտասարդների 77%-ը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը

Հարցում. Թուրքերի 9%-ը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը