Լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքերով քննություն է տարվում

Լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքերով քննություն է տարվում

PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հանձնարարել է ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր նախապատրաստել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի աշխատանքը խոչընդոտելու փաստի առթիվ: Այս մասին հայտնում են գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունից:

«Ազատություն» ռադիոկայանը հայտնել էր, որ Կոմիտասի շուկայի մոտ տեղակայված «Այո»-ի շտաբերից մեկի մոտ ՀՀԿ անդամ ներկայացող մի կին տևական ժամանակ կոպտորեն խոչընդոտում էր լրագրողի աշխատանքը, հրել, քաշքշել, թքել է՝ նրան թույլ չտալով մոտենալ շտաբին: Ընդ որում, «Այո»-ի շտաբի մոտ խմբված երիտասարդներից որևէ մեկը փորձ չէր արել կասեցնել տիկնոջ գործողությունները: Տարածքից բացակայում էին նաև ոստիկանները:

Քննություն է կատարվում նաև ilur.am-ի լրագրողի աշխատանքը խոչընդոտելու կապակցությամբ:

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․

«Դեկտեմբերի 6-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում ilur.am-ի լրագրող Ռաֆայել Աֆրիկյանից հաղորդում է ստացվել, որ ժամը 14.30-ի սահմաններում թիվ 10/20 ընտրական տեղամասում վստահված անձ Դավիթ Սիմոնյանը դիտավորությամբ հարվածել ու կոտրել է իր տեսախցիկը և վնասել լրագրողական վկայականը»:

Սիմոնյանը հրավիրվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է քննություն:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դեկտեմբերի 6-ին քվեարկում են կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանականի անցում նախատեսող սահմանադրական փոփոխությունների համար: Առավոտյան ժամը 08:00-ից գործում է 1997 ընտրատեղամաս, որոնք կփակվեն ժամը 20:00-ին: Որպեսզի հանրաքվեն կայացած համարվի, դրան պիտի մասնակցի գրանցված 2 մլն 550 հազար 323 ընտրողի առնվազն 25%-ը:

Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են նախագահի ընտրության անուղղակի համակարգ: Նախագահի լիազորությունների զգալի կրճատում և խորհրդարանի, կառավարության և վարչապետի դերի մեծացում, ընտրությունների մեծամասնական համակարգի վերացում և ամբողջական անցում խորհրդարանի ձևավորման համամասնական համակարգին:

Կարդացեք նաև՝ Հայաստանը քվեարկում է Սահմանադրության փոփոխությունների համար (թարմացվող)

Ժամը 14։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 622.643 ընտրող կամ ընտրողների 24.26%-ը

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---