Հայաստանը քվեարկում է Սահմանադրության փոփոխությունների համար

Հայաստանը քվեարկում է Սահմանադրության փոփոխությունների համար

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դեկտեմբերի 6-ին քվեարկել են կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանականի անցում նախատեսող սահմանադրական փոփոխությունների համար: Առավոտյան ժամը 08:00-ից գործում է 1997 ընտրատեղամաս, որոնք փակվեցին ժամը 20:00-ին: Որպեսզի Հանրաքվեի դրված նախագիծը համարվի ընդունված, պիտի կողմ քվեարկի քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը:

PanARMENIAN.Net ը հետևում է սահմանադրական հանրաքվեի ընթացքին և դրա շուրջ զարգացումներին: Հանրաքվեի հետընտրական զարգացումներին ու նախնական արդյունքներին հետևեք այստեղ:

20:00 Հանրաքվեն ավարտվեց

18:54 Ժամը 17:00 դրությամբ, քվեարկել է ընտրողների 39.14%-ը

18:12 Կրկնաքվեարկության դեպքերի առիթով ևս քննություն է տարվում:

18:12 Իրավապահները քննություն են սկսել «Ազատություն» ռադիոեկայանի ու iLur.am կայքի լրագրողների աշխատանքները խոչընդոտելու դեպքերի փաստով:

16։41 «Ազատություն»-ը տեսանյութ է հրապարակել, որում երթուղայինում նստած տղամարդու մոտ 10 հազար դրամանոցներ են, իսկ շուրջը մարդիկ են հավաքվել։

16։31 ՀՔԱ Վանաձորի գրասենյակ ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Վայքի զորամասերից մեկում դիրքերում գտնվող զինծառայողներին մի քանի օր շուտ են իջեցրել դիրքերից՝ հանրաքվեին մասնակցելու նպատակով, իսկ նրանց փոխարինող խմբին տարել են քվեարկության և հետո միայն ուղարկել դիրքեր: Ահազանգի վերաբերյալ Panorama.am-ը մեկնաբանություն ստացավ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, ով հայտնեց.«Դիրքերում մշտապես ծառայություն է կատարվում, իսկ հերթափոխները իրականացվում են հստակ գրաֆիկներով»:

16։14 Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, թե Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի հրահանգով «Քաղաքացի դիտորդ կոալիցիայի» անդամ կազմակերպությունների դիտորդների, այդ թվում՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և «Ասպարեզ» լրագրողների ակումբի ներկայացուցիչներին չի թույլատրվում ընտրողների ցուցակներում նայել ընտրողների հերթական համարները, ինչպես և արգելվում է ընտրողներին հարցեր տալ՝ պարզելու համար նրանց ինքնությունը, իսկ 30 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն այցելել է 30/28 և 30/05 տեղամասեր և ահաբեկել «Քաղաքացի դիտարդ» նախաձեռնության դիտորդներին, այն բանից հետո, երբ նրանք որոշ ձեռագիր քաղվածքներ են արել ընտրողների գրանցամատյանից: Սպառնացել է, որ կձերբակալեն, ինչից հետո ստիպել է պատռել գրառումները:Նշված հանգամանքները ստուգելու նպատակով նյութեր են նախապատրաստվում:Կատարվում է քննություն:

16:02 Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն ահազանգում է, որ11/03 տեղամասում լուսանկարում նշված ընտրողը երկու անգամ տարբեր հագուստով քվեարկել է:

15։37 Ժամը 14։00-ի դրությամբ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է ընտրողների իրավունք ունեցող 622 հազ. 643 ընտրող կամ դրա իրավունքն ունեցող քաղաքացիների 24.26%-ը։ Այս մասին այսօր ԿԸՀ մամուլի կենտրոնում հայտնեց ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի անդամ Սեյրան Շահսուվարյանը, փոխանցում է Panorama.am-ը։

15:34 Hetq.am կայքում «Գնում ես ներս ու «Այո»-ի դիմաց պտիչկա ես դնում». վստահված անձ դպրոցի տնօրենը՝ ընտրողներին» վերտառությամբ հոդվածում նշվում է, որ Մարգարա գյուղի դպրոցի տնօրենը տարեց մարդկանց ուղղորդում է քվեարկություն կատարելու։ Հոդվածում նշված հանգամանքները պարզելու ուղղությամբ ոստիկանության Արմավիրի բաժնում կատարվում է քննություն։

15:32 Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ ընտրողներից մեկը հայտնել է, թե անհայտ անձը հայհոյելով մտել է Հարավ-Արևմտյան թաղամասի ընտրատեղամասերից մեկն ու սկսել ատրճանակով կրակել: Հավաքվածները խուճապահար փախել են: Ժամանակին հասած ոստիկանները ոլորել են նրա ձեռքերն ու տարել: Ստուգումներով պարզվել է, որ Հարավ-Արևմտյան թաղամասի, ինչպես և հանրապետության որևէ ընտրական տեղամասում նման միջադեպ չի եղել, և տեղեկատվությունը ակնհայտ սուտ է: Կրկին կոչ ենք անում` հրապարակել միայն հավաստի տվյալներ և փաստեր, ձեռնպահ մնալ ապատեղեկատվությունից ու արհեստական լարվածություն ստեղծելու փորձերից:

15։30 Բռնություն լրագրողի նկատմամբ։10/20 տեղամասում (Երևան, թիվ 114 դպրոց) ՀՀԿ վստահված անձը կոտրում է Իլուրի թղթակցի ֆոտոխցիկը: Ներկայումս վստահված անձը բերման է ենթարկված ոստիկանական բաժանմունք։

15:09 Այսօր ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը և դատախազության տարածքային ստորաբաժանումներն ընտրական իրավունքի խախատումների վերաբերյալ գրավոր դիմում- հաղորդումներ չեն ստացել: Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Արմեն Մարուխյանը:

15:03 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցող Ալան Միլին: Վերջինս գոհունակությամբ է խոսել ՀՀ Նախագահի կողմից ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախաձեռնումից հետո իրականացված նախապատրաստական և կազմակերպչական ամբողջ գործընթացի մասին:

14։59 Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն ահազանգում է, որ11/3 տեղամասում լուսանկարում նշված ընտրողը երկու անգամ տարբեր հագուստով քվեարկել է:

14:52 «Ոչի» համատեղ շտաբը հայտարարություն է տարածել լրացուցիչ ցուցակների վերաբերյալ, որում կեղծիքի ակնայտ մեխանիզմ է անվանում նշված ցուցակներով քվեարկությունների ընթացքը:

14։45 Գյումրիի 19 դպրոցում, որտեղ տեղակայված է 33/77 ընտրատեղամասը, 12:40-ի հատվածում ծեծկռտուք է արձանագրվել։ Այս մասին, Panorama.am-ի փոխանցմամբ, հայտնում է Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի Քաղաքացի դիտորդ նախաձեռնությունը: Ըստ աղբյուրի՝ մի ընտրող և մի անծանոթ, որոնք պարբերաբար ելումուտ են արել տեղամաս, վեճ ու ծեծկռտուք են սարքել, որից հետո երկուսն էլ հեռացել են տեղամասից:

14։43 Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հանձնարարել է Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր նախապատրաստել «Ազատության» լրագրողի աշխատանքը խոչընդոտելու փաստի առիթվ: Այս մասին հայտնում են գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունից, փոխանցում է«Ազատություն»-ը։ Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ Կոմիտասի շուկայի մոտ տեղակայված «Այո»-ի շտաբերից մեկի մոտ ՀՀԿ անդամ ներկայացող մի կին տևական ժամանակ կոպտորեն խոչընդոտում էր «Ազատության» լրագրողի աշխատանքը, հրում, քաշքշում, թքում լրագրող վրա՝ նրան թույլ չտալով մոտենալ շտաբին: Ընդ որում, «Այո»-ի շտաբի մոտ խմբված մարդկանցից որևէ մեկը փորձ չի անում կասեցնել տիկնոջ գործողությունները: Տարածքից բացակայում են նաև ոստիկանները:

14։27 Սոցիալական ցանցերում այս պահին տարածվում ու քննարկվում է մի լուսանկար, որտեղ պատկերված է 16/48 տեղամասի քվեատուփը: Քվեատուփում ծրարները համաչափ դասավորված են, ինչն առաջացրել է օգտատերերի զարմանքն ու կասկածները: Կարծիք կա, որ տեղի է ունեցել լցոնում: Panorama.am-ի փոխանցմամբ՝ թիվ 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Մասիս Ղազարյանն ասել է, որ կապ է հաստատել տեղամասային հանձնաժողովի նախագահի հետ, իրեն հավատացրել են, որ ոչ մի խախտում այդ տեղամասում չի կատարվել: Հանձնաժողովում ընդդիմությունը ներկայացուցիչ ունի, իսկ տեղամասում ՀԱԿ-ը վստահված անձ:

Լուսանկարը՝ թվիթերյան էջից։

14։24 Դեկտեմբերի 6-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության ծառայողից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ է ստացվել, որ թիվ 3/18 ընտրատեղամասում իրեն է մոտեցել նույն ընտրատեղամասի հանձնաժովի նախագահը և հայտնել, որ մի քաղաքացի փորձել է քվեաթերթիկներ հանել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 08.25-ին, 1996 թ. ծնված Նազարեթ Մ.-ն քվեարկության է ներկայացել ընտրատեղամաս, և նրա տաբատի հետևի գրպանում եղել է իր ձեռքով գրառված 17 քաղաքացիների տվյալներով թուղթ: Կատարվում է քննություն:

13։49 ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների Ժողովրդավարության զարգացման, պառլամենտարիզմի և քաղաքացիների ընտրության իրավունքների պաշտպանության մոնիտորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Անդրեյ Բառանովը լրագրողներին ասել է, որ մինչ այս պահը դիտորդները որևէ լուրջ խախտման չեն հանդիպել, հանրաքվեն անցնում է խաղաղ և օրենքի սահմաններում, փոխանցում է tert.am-ը։

13:30 Ադրբեջանն այս օրերին փորձում է ապակայունացնել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը՝ փորձելով խանգարել Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ընթացող պետական նշանակության միջոցառումները, հայտնում է ԼՂ ՊԲ-ն. ականանետային կրակից վիրավորվել է ՊԲ զինծառայող:

13։14 Ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը ստացել է 31 ահազանգ. չորս ահազանգ ստացել է հենց հանձնաժողովը, որոնցով կատարվում է քննություն, 27 ահազանգ հանձնաժողովը վերցրել է լրատվական կայքերից, թեժ գծից, տարածքային մարմիններն են դիմել ոստիկանություն, կատարվում են համապատասխան ստուգումներ: Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության փոխգնդապետ Մերուժան Հակոբյանը, փոխանցում է Panorama.am-ը։ Նա նշեց, որ ահազանգերից հինգը վերաբերում է քվեարկությունն ուղղորդելու դեպքերին, չորսը՝ լրագրողական գործառույթների խոչընդոտմանը, չորսը՝ դիտորդական գործունեության խոչընդոտման դեպքերին, երեքն ընտրակաշառքի վերաբերյալ են:

Կատարվում են ստուգումներ, որից հետո ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ, ըստ ենթակայության կուղարկվեն համապատասխան տարածքներ: Նա ասաց, որ այս պահի դրությամբ ձերբակալվածներ չկան:

12։57 Երևանի 9/11 ընտրատեղամասում քվեարկել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը: Վերջինս եկել էր իր թոռնիկի ուղեկցությամբ, ով ի դեպ առաջին անգամ էր քվեարկում, հայտնում է tert.am-ը։Լրագրողների հետ զրույցում Տեր–Պետրոսյանն ասաց, որ ողջ ժողովրդին կոչ է անում գալ ու քվեարկել:«Թող գան և ազատորեն, առանց կամքին բռնանալու քվեարկեն: Մի բան հաստատ գիտեմ, որ որքան իրական մարդ գա և քվեարկի, կրկնում եմ՝ իրական մարդ, այնքան հանրաքվեի արդյունքներն ավելի օբյեկտիվ կլինեն»,- ասաց առաջին նախագահը:

12։29 Մաշտոցի անվան համալսարանում տեղակայված 10/8 հանրաքվեի տեղամասում քիչ առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկությանը:

12։28 Ժամը 11:00-ի դրությամբ հանրաքվեի քվեարկությանը մասնակցել է 201 հազար 259 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցվող քաղաքացիների 7,84 տոկոսը, Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովում հայտարարեց հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:

12:20 9/28 տեղակասում «Ժառանգության» վստահված անձը ահաբեկվել է և դուրս է հանվել տեղամասից, հայտնում է Transparency International կազմակերպությունը:

11։45 Դեկտեմբերի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ, ոստիկանության «Թեժ գծով» ստացվել է 5 զանգ՝ երկուսը մարզերից, երեքը՝ Երևան քաղաքից.

- մի քաղաքացի հայտնել է, թե գտնվում է Նորք Մարաշի հիվանդանոցում և ցանկանում էր իմանալ՝ ինչպե՞ս մասնակցել հանրաքվեին,

-Վաղարշապատից զանգահարած քաղաքացին ցանկանում էր տեղեկանալ, թե կարո՞ղ է քվեարկել Երևանում, - քաղ. Ա.-ն էլ անձնագիրը չէր ստացել, ցանկանում էր տեղեկանալ, թե այսօր կարո՞ղ է ստանալ, - երկու քաղաքացիներ խնդրում էին տրամադրել անձնագրային և վիզաների վարչության հեռախոսահամարը: «Թեժ գծով» ստացված բոլոր հարցերին տրվել է անհրաժեշտ տեղեկատվություն: ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում ոստիկանության գործառույթներին առնչվող հարցերին արագ արձագանքելու նպատակով դեկտեմբերի 5-ից ոստիկանությունում գործում է բազմուղի «Թեժ գիծ»՝ 010-54-69-12, 010-54-69-14 հեռախոսահամարներով: Միջազգային դիտորդական առաքելությունների համար՝ անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, գործում է 010-52-42-28 հեռախոսահամարը, ԱՊՀ դիտորդական առաքելությունների հետ կապի համար՝ ռուսերեն լեզվով՝ 010-57-31-39 հեռախոսահամարը:

11։31 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը սահմանադրական հանրաքվեի քվեարկությանը մասնակցեցին Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան դպրոցում, որտեղ տեղակայված է 9/11 ընտրատեղամասը:

Մինչ քվեախցիկ մտնելը Սերժ Սարգսյանը ողջունեց ընտրատեղամասում ներկա լրագրողներին, սակայն հարցերին խոստացավ պատասխանել հանրաքվեի ավարտից հետո:

11:27 «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը պատռել է քվեաթերթիկն այն քվեատուփ գցելուց առաջ՝ «Հանուն Հայաստանի Հանրապետության» խոսքերով: Լրագրողների հետ զրույցում Հովհաննիսյանը հայտարարեց, որ դիմեց այդ քայլին «Հանրապետական կուսակցապետությունը մերժելու համար»:

11։21 Ավան ՔՀԻ շրջիկ մեքենաները հինգ տարբեր ընտրատեղամասերի մոտ (1/01, 1/02, 1/03, 1/04, 1/12, 1/16) նկատել են «Z+» և Միլենա տաքսի ծառայության տաքսիներ, որոնք «Այո»-ի շտաբների մոտից ընտրողներին տեղափոխում են տարբեր ընտրատեղամասեր՝ ընտրելու: Այս մասին հայտնել է դիտորդական առաքելություն իրականացնող Քաղաքացիական հասարակության ինստիտուտը։Ըստ նույն կազմակերպության` ժամը 10:18-ի դրությամբ թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը այցելել է 30/28 և 30/05 տեղամասեր և ահաբեկել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդներին, այն բանից հետո, երբ վերջիններս որոշ ձեռագիր քաղվածքներ է արել ընտրողների գրանցամատյանից: Տիգրան Պապանյանը սպառնացել է, որ նրան կձերբակալեն, ինչից հետո ստիպել է պատռել գրառումները:

11։15 Դեկտեմբերի 6-ին, ժամը 8.30-ին, Կոտայքի մարզի Քասախ գյուղի միջնակարգ դպրոցում տեղակայված 26/29 ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահն իրեն հայտնել է, որ ընտրական հանձնաժողովի անդամներից մեկը կոտրել է քվեատուփը: ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մեկնած օպերատիվ խմբին ՀԱԿ-ի կողմից ընտրական հանձնաժողովի անդամ նշանակված Վիգեն Դավթյանը հաղորդում է տվել, թե խախտում է նկատել, ինչից հետո ինքը բարկացած հարվածել և կոտրել է քվեատուփը: Քվեատուփը փոխվել է: Ընտրություններն ընթանում են բնականոն հունով: Կատարվում է քննություն:

11։09 ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովն այս պահի դրությամբ ընթացող հանրաքվեի ընթացքի վերաբերյալ գրավոր բողոքներ չի ստացել: Հանրաքվեի նշանակման օրվանից՝ հոկտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 5-ը Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը ստացել է 22 դիմում:

11:01 «Նոր Հայաստան» միավորումը հայտնում է, որ հանրաքվեի գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողության շրջանակներում Ազատության հրապարակում 2015 թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին, 15:00-ին և 18:00-ին հրավիրում է մամուլի ասուլիսներ: Երեկոյան՝ ժամը 20:00-ից հետո, հանրաքվեի գործընթացի վերաբերյալ տեղեկույթը պարբերաբար կհաղորդվի հանրահավաքի ձևաչափում:

10:47 «Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն լուսաբանող զանգվածային լրատվության միջոցներին, հասարակական կազմակերպություններին, դիտորդներին և փորձագետներին կոչ ենք անում հանրաքվեի ընթացքը կամ որևէ դրվագ ներկայացնելիս հղում անել միայն փաստերին, հիմնվել փաստական նյութերի ու հավաստի տեղեկատվության վրա: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի արդյունավետ արձագանքել եւ ունենալ գործընթացի ստույգ պատկերը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

10:41 Ընտրախախտումներն արձանագրելու ու դրանց արձագանքելու համար մի շարք կազմակերպություններ թեժ գծեր են բացել: Այսպես, գործում է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ թեժ գիծը՝ 010 582-819. 098 582-819, 0-8000-1333 հեռախոսահամարներով,

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի թեժ գիծը՝ 080-080-804, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի թեժ գիծը՝ 0 8000 12 11 Իրավունքի Եվրոպա միավորման թեծ գիծը՝ 010 500-665, 099 588-576: Լրագրողները խոչընդոտների հանդիպելու դեպքում կարող են զանգահարել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե՝ 010 53-38-95, 093 10-70-85:

10։38 Հանրաքվեին էլեկտրոնային եղանակով քվեարկողների ցուցակում ընդգրկված է 265 քաղաքացի՝ ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անդամներ, այն իրավաբանական անձաց աշխատողները, ովքեր աշխատում են այդ իրավաբանական անձանց արտերկրում գործող ներկայացուցչություններում: Իսկ շրջիկ քվեատուփերի միջոցով քվեարկություն կարող են իրականացնել միայն ստացիոնար բուժում ստացող ՀՀ քաղաքացիները

10:34 Կան ահազանգեր ընտրական գործընթացի խախտումների վերաբերյալ: Նոր Նորքում 1/24 ընտրատարածքում գրանցած«Քաղաքացիական հասարակության ինստիտուտի»դիտորդը հաղորդում է, որ տեղամասում ՀՀԿ վստահված անձը շատ ակտիվ է, ընտրողներից հասցեներ է հարցնում, տեղամասում այլ դիտորդներ չկան:ՔՀԻ դիտորդը ցանկացել է գրանցամատյանը նայել, ՀՀԿ վստահված անձը խոչընդոտել է, սկսել է գոռգոռալ: Նույն կազմակերպության 1/4 ընտրատեղամասում գրանցված դիտորդինառավոտյան չեն թողել ընտրատեղամաս մուտք գործել՝ ասելով, որ իրավունք չունի մասնկացելու հանձնաժողովի նիստին: Ներս են թողել միայն 08:00-ին, երբ ընտրատեղամասը բացվել է:

10:11 Ոստիկանության հաղորդմամբ, ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց վերջնական ցուցակներում առկա են 110 անհատական տվյալների համընկումով 220 ընտրող, որոնք տարբեր անձինք են: Դրանց ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---