20 սեպտեմբերի 2016 - 15:44 AMT
Հարուցվել է քրգործ՝ Գյումրու քաղաքապետի թեկնածուի որդուն ինքնասպանության հասցնելու փաստի առնչությամբ

ԲՀԿ թեկնածուի որդու սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու փաստով: Շիրակի մարզի դատախազության տվյալներով ԲՀԿ թեկնածու՝ Վարդևան Գրիգորյանի կրտսեր որդուն` Արշակ Գրիգորյանին ժամը 13:00-ի սահմաններում հարազատները հրազենային վնասվածքով են գտել իրենց տան նկուղում, հայտնում է ԳԱԼԱ-ն:

Ավելի վաղ ապատեղեկատվություն էր տարածվել, որ Գյումրիում կրակել են ԲՀԿ թեկնածուի՝ Վարդևան Գրիգորյանի կրտսեր որդու՝ Արշակի վրա:

Դատախազի պաշտոնակատար Կարեն Գաբրիելյանը տեղեկացրել է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի և 235 հոդվածի առաջին մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն՝ ինքնասպանություն գործելու շարժառիթների հանգամանքները պարզելու համար:

«Կան տվյալներ, որ դեպքը տեղի է ունեցել իրենց տան նկուղում, ու քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու փաստի դեպքի առթիվ, այլ անձի կողմից նրան ապօրինաբար կյանքից զրկելու վերաբերյալ որեւէ տվյալներ չկան, կա մեկ հրազենային վնասվածք գլխից: Պատճառները պարզելու համար կատարվում է քննություն»,- ասել է Կարեն Գաբրիելյանը, հայտնում է ԳԱԼԱ-ն:

Վարդևան Գրիգորյանի ընտանիքում տեղի ունեցած ողբերգության պատճառով դադարեցվել է «Բալասանյան դաշինքի» քարոզարշավը: Քարոզարշավը ժամանակավորապես դադարեցրել են Համախմբում, Ալյանս կուսակցությունները:

Հոկտեմբերի 2-ին Հայաստանի 2 խոշոր քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում, տարածքային ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայանալու, որոնցից առաջինում իշխանության համար պայքարում կմրցի 8 քաղաքական կուսակցություն և դաշինք, երկրորդում՝ 11:

Ընթերցեք նաև. Քաղաքական պատկերը ՏԻՄ ընտրությունների նախաշեմին