Սերժ Սարգսյան. Չեմ ողջունել Ծառուկյանի՝ քաղաքական դաշտ վերադարձը

Սերժ Սարգսյան. Չեմ ողջունել Ծառուկյանի՝ քաղաքական դաշտ վերադարձը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախընտրական դաշինքների կազմավորման գործընթացն առողջ և ողջունելի է համարում, սակայն Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն չի ողջունում: Այս մասին ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է կուսակցության խորհրդի նիստից հետո ունեցած իր ելույթում՝ հիշեցնելով, որ սահմանադրական փոփոխությունների քննարկումների ընթացքում իրենք պնդում էին, թե տեղի կունենա քաղաքական հաստատությունների, քաղաքական ինստիտուտների խոշորացում, կձևավորվեն դաշինքներ, և կունենանք շատ ավելի կայուն և արդյունավետ քաղաքական դաշտ:

«Անցել է ընդամենը մեկ տարուց մի քիչ ավելի, և ահա, խնդրեմ, տեսեք, որ մենք ճիշտ էինք պատկերացնում գործընթացը: Մենք առնվազն մի տասնհինգ տարի լսում էինք, որ մեր երկրում քաղաքական դաշտը կայացած չէ, որ մեր երկրում կուսակցությունները չեն խոշորանում: Խոսում էինք, յուրաքանչյուրը տարբեր դեղատոմսեր էր առաջարկում, բայց գործընթաց չէր ընթանում»,- շեշտել է նախագահը:

Սերժ Սարգսյան նաև վստահություն է հայտնել, որ ընտրություններից հետո այդ դաշինքները կդառնան կուսակցություններ. «Մնացած փոքր կուսակցությունները, անշուշտ, կմնան, բայց նրանք այլևս որևէ դերակատարում չեն ունենա, կուսակցությունները կխոշորանան: Դա մեր երկրին անհրաժեշտ է, և ուզում եմ, որ առաջին հերթին դուք, այնուհետև նաև մեր ժողովուրդը վստահ լինեն, որ այն գաղափարները, որոնք դարձել են Սահմանադրություն, այսպես են լինելու»:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի` քաղաքական դաշտ վերադառնալուն, Սարգսյանն ասել է. «Մի քանի խոսք, ընդամենը երկու բառ այս օրերին հետաքրքրություն ներկայացնող մյուս հարցերի, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալու և դաշինքներ ձևավորվելու մասին: Շատ հակիրճ եմ ասում՝ ես չեմ ողջունել Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքական դաշտ վերադառնալը, իսկ ինչ վերաբերում է դաշինքների կազմավորմանը կամ քաղաքական տարբեր ուժերի մասնակցությանը ընտրապայքարին, ինչպես ասացի՝ դրական երևույթ եմ համարում: Մյուս հարցը առավել քան ծիծաղելի է. ուղղակի զավեշտական են այն փորձերը, որ անում են մարդիկ՝ ցանկանալով ներկայացնել, թե Հանրապետականից արտահոսք կա: Ի՞նչ ասեմ, դուք էլ գիտեք, որ դա անհեթեթություն է. միայն վերջին մի քանի ամիսներին մեր կուսակցությանը անդամագրվել է 11000-ից ավելի մարդ: Ուզում եմ այս թեմային արձագանքել փոխաբերաբար: Գիտեք՝ մայր գետերը, առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, և այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են: Սա՛ է բնության օրենքը, և որևէ մեկը մեզնից չի կարող հակադրվել բնության օրենքներին, մենք կարող ենք փորձել կառավարել, կարգավորել, բայց, ըստ էության, այսպես է լինելու»,- նշել է նախագահը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն: Նա հունվարի 17-ին համապատասխան հայտարարություն է տարածել՝ նշելով, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները ճակատագրական են լինելու Հայաստանի ապագայի համար:

Նա հավելել է, որ թե՛ ներքին, թե՛ արտաքին և թե՛ տնտեսական քաղաքականության հարցերում Հանրապետականն ունի շատ հստակ ծրագիր և մոտեցում.

«Թե ովքեր կլինեն օրենսդիր մարմնում, ընտրությունների ցանկալի արդյունքի դեպքում ովքեր կլինեն գործադիր մարմնում, իսկ թե ովքեր կզբաղվեն կուսակցության գաղափարական, քարոզչական աշխատանքներով, կախված են հենց այդ ծրագրերից և մարտահրավերներից: Մենք երբեք անձերի խնդիր չենք լուծել, հիմա էլ անձերի խնդիր չենք լուծում: Մենք լուծում ենք մեր ծրագրերի արդյունավետ իրականացման ու մարտահրավերների հաղթահարման խնդիր: Խորհրդարանական հանրապետական մոդելը նոր լուծումներ է պահանջում: Իշխանության օրենսդիր և գործադիր մարմիններում մեր թեկնածուներին առաջադրելիս հաշվի են առնվելու հայրենիքի շենացման գործում յուրաքանչյուրի ունակություններն ու ընդունակությունները և ոչ թե հավակնությունները: Նեղացածներ չպետք է լինեն: Մեր գործիչներն այնտեղ են, որտեղ նրանց կարիքը կա: Ես երբեք չեմ հանդուրժելու ավելորդ հրմշտոցները»,- ամփոփել է ՀՀԿ նախագահը:

Հունվարի 24-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, գործադիր մարմնի և խորհրդի անդամ, Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ից դուրս գալու մասին դիմում է ներկայացրել:

Կարդացեք նաև՝Նախագահ. Դեմ չեմ ԱԺ ընտրությունների օրն ապրիլի 2-ից տեղափոխելուն

ՀՀԿ նախագահի տեղակալները հայտնի են. Հովիկ Աբրահամյանին փոխարինել է Կարեն Կարապետյանը

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---