Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն

Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն: Նա հունվարի 17-ին համապատասխան հայտարարություն է տարածել՝ նշելով, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները ճակատագրական են լինելու Հայաստանի ապագայի համար:

«Նկատի ունենալով մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները, ինչպես նաև իմ քաղաքականություն վերադառնալու հանրային պահանջը, ես հայտարարում եմ, որ բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ ձևավորելով լայն դաշինք: Մեր դռները բաց են բոլոր այն քաղաքական ուժերի և գործիչների առաջ, ովքեր մտահոգ են մեր երկրի ապագայով»,- նշել է նա:

Ծառուկյանը հայտարարել է, որ երբեք չի ձգտել իշխանության. «Մշտապես ասել եմ և շարունակում եմ կրկնել, որ չեմ ցանկանում զբաղեցնել որևէ պաշտոն՝ հանուն փառքի և սեփական ամբիցիաների: 2015 թվականի փետրվարյան հայտնի դեպքերից հետո ես փակեցի քաղաքական գործունեության իմ էջը՝ թույլ չտալով, որպեսզի ժողովրդի խաղաղ ու արդարացի պոռթկումը վերածվի առճակատման և արյունահեղության: Ես ինձ երբեք չէի ների մարդկային հնարավոր կորուստների համար և շնորհակալ եմ, որ ժողովուրդն ինձ հասկացավ:

Չեմ ափսոսում, որ քաղաքական զարգացումների այդ փուլում, երբ ակնհայտ էր ժողովրդի անվերապահ աջակցությունը, ընդունակ եղանք կայացնել ճիշտ որոշում՝ խուսափելով արյունահեղությունից և անդառնալի կորուստներից, հարվածի տակ չդրեցինք Հայաստանի և Արցախի կայունությունն ու անվտանգությունը:

Իմ որոշումից հետո քաղաքական դաշտում առաջացած բացը ոչ մի քաղաքական ուժ և գործիչ այդպես էլ չկարողացավ լրացնել: Քաղաքական որոշ առաջնորդների և գործիչների՝ այդ օրերին դրսևորած վարքագծի գնահատականը թողնում եմ հանրության և Աստծո դատին»,- հայտարարել է ԲՀԿ առաջնորդը:

Նա նշել է, որ զերծ կմնար քաղաքական գործընթացներին մասնակցելուց, եթե տեսներ ու վստահ լիներ, որ մեր երկիրը ընթանում է ճիշտ ճանապարհով, տնտեսությունը զարգանում է, որ ժողովրդի բարեկեցության մակարդակը բարձրանում է.

«Ցավոք, ունենք մեծ չափերի հասնող արտագաղթ, թույլ ու հիվանդ տնտեսություն, աղքատության անընդհատ աճ, բարձր չափերի հասնող գործազրկություն և ապագայի նկատմամբ անվստահություն:

Ես չեմ կարող անտարբեր լինել իմ ժողովրդի ճակատագրի հանդեպ՝ հատկապես, որ յուրաքանչյուր օր ինձ են դիմում հազարավոր քաղաքացիներ՝ հորդորելով վերադառնալ քաղաքականություն: Ինձ են դիմում «Բարգավաճ Հայաստանի»-ի իմ կուսակից ընկերները, ում հետ ես երկար ճանապարհ եմ անցել, ինձ են դիմում բազմաթիվ կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր համոզված են, որ իմ վերադարձը կօգնի շտկելու այս ծանր իրավիճակը: Վերջին ամիսներին բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել նաև Սփյուռքի հասարակական-քաղաքական, գործարար շրջանակների և մտավորականության ներկայացուցիչների հետ, ովքեր ևս ինձ հորդորում են վերադառնալ քաղաքականություն:

Ակտիվ քաղաքականությամբ չզբաղվելու պարագայում անգամ ես չեմ դադարել զբաղվել բարեգործությամբ՝ ցույց տալով, որ դրա տակ երբեք չի եղել քաղաքական նպատակ և ենթատեքստ, ինչպես փորձում են ներկայացնել ոմանք: Բայց, որքան էլ ծանրակշիռ լինի իմ կողմից իրականացվող բարեգործության ծավալը, այն չի կարող լուծել մեր ժողովրդի առջև ծառացած բոլոր խնդիրները: Մենք պետք է ձևավորենք ոչ թե բարեգործության սպասող հասարակություն, այլ ձևավորենք անհրաժեշտ պայմաններ՝ տնտեսության զարգացման և աշխատատեղերի ստեղծման համար»:

Նա նաև հավելել է, որ «մենք կարող ենք, մենք ունենք այդ ներքին մեծ ներուժը՝ մեր երկրի զարգացման և հզորացման համար:Ես իմ ժողովրդի առջև պարտք ունեմ կատարելու:Կյանքիս այս կարևոր որոշումը իմ խաչն է, որը կրելու եմ մինչև վերջ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի»:

2016-ի դեկտեմբերին ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադարձել էր Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալուն: Նա նշել էր, որ Ծառուկյանի վերադարձը քաղաքական կյանքի և քաղաքական գործընթացների համար անհրաժեշտություն է, նրա տեղը լրացված չէ, և դաշտում որոշակի փոշիացում է տեսնում: Մելքումյանն ընդգծել է, որ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ի շարքային անդամ չէ, կուսակցության հիմնադիրն է ու առաջնորդը, բայց վերադարձի մասին կոնկրետ հայտարարություն անելու իրավունքը միայն Ծառուկյանինն է:

«Այո, Գագիկ Ծառուկյանն է գլխավորելու ընդհանուր այն սխեման, որով մենք առաջ ենք շարժվելու»,- ասել է պատգամավորը՝ հավելելով, որ նախընտրական ցուցակը կգլխավորի Ծառուկյանը, թե` ոչ, այդ մասին կհայտարարի հենց ինքը՝ Ծառուկյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---