13 սեպտեմբերի 2017 - 13:11 AMT
«Փաստ». Ավագ դպրոցում որոշ թեմաներ կարող են նաև ռուսերեն դասավանդվել

Կրթության և գիտության նախարարությունում որոշել են փոփոխել հայաստանյան հանրակրթական դպրոցներում իրականացվող ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը, այն է՝ առավելություններ վերապահելով այս լեզվին, գրում է «Փաստ» օրաթերթը:

Նշվում է, որ մասնավորապես, նախատեսվում է իրականացնել ռուսաց լեզվի ուսուցում այս կամ այն առարկայական ոլորտում, այսինքն՝ ավագ դպրոցում մի շարք առարկաներից որոշ թեմաների՝ հայերենին զուգահեռ դասավանդում:

«Ռոսսոտրուդնիչեստվոյի» տվյալների համաձայն՝ Հայաստանում ռուսերենին տիրապետում է 2.1 մլն մարդ: Բացի այդ, ռուսերենը ներառված է ՀՀ դպրոցական պարտադիր ծրագրում:

Ըստ նախագծի, կավելանա ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցների և դասարանների թիվը, «Ռուսաց լեզու» առարկայի պետական ամփոփիչ ատեստավորման ժամանակ ոչ միայն գրավոր, այլև բանավոր խոսքի տիրապետման մակարդակի գնահատում կկատարվի:

Որոշման նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ընդամենը օրեր առաջ, իսկ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վարչապետի՝ Կարեն Կարապետյանի հանձնարարականով:

Նախագծի հեղինակները նաև համոզված են, որ ռուսաց լեզվի տիրապետումը հանդիսանում է քաղաքացու մրցակցային առավելությունը բարձրագույն կրթություն ստանալիս և մասնագիտական հմտություններ ձևավորելիս:

Մինչդեռ ՀՀ-ում միասնական քննություններին ռուսաց լեզվի քննության միջին միավորը 2008-ից 2015-ը պարբերաբար նվազել է՝ 16-ից հասնելով 10 միավորի: Իսկ 2016-ին՝ էլ ավելի է ընկել՝ 9.8:

Ավելի վաղ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարել էր, որ Հայաստանում մշակվում է օտար լեզուների դասավանդման զարգացման հայեցակարգ: Անդրադառնալով կրթության համակարգում ընթացող բարեփոխումներին՝ նախարարը կարևորել է մեր երկրում անգլերենի խորացված ուսուցմամբ դպրոցների ավելացման, ուսուցիչների վերապատրաստման, անգլերեն լեզվի տարածման և զարգացման ուղղությամբ գործնական քայլերի ակտիվացումը:

«Եթե մենք ուզում ենք ունենալ գիտակրթական պոտենցիա ունեցող տարածք՝ մեր երկրի քաղաքացիները մայրենի լեզվից զատ պետք է իմանան օտար լեզու: Եվրոպական երկրներում բացի սեփական լեզվից երեք լեզու են օգտագործում: Մենք դնում ենք առնվազն երկու օտար լեզվի խորացված, ամբողջական կիրառման հարցը»,- նկատել է նախարարը:

Ընթերցեք նաև.Էլի լեզվին տվեցին