ՀՀ նախագահ. Ղարաբաղյան շարժումը փրկել է հարյուր հազարավոր կյանքեր

ՀՀ նախագահ. Ղարաբաղյան շարժումը փրկել է հարյուր հազարավոր կյանքեր

PanARMENIAN.Net - 1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց որոշում, որով արտահայտում էր արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը: Այդ մասին ասվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ:

Նա նշել է, որ երեք տասնամյակ առաջ Արցախի արդար պահանջին ու պայքարին միացավ ողջ հայությունը, այսօր նշում ենք այդ պատմական շրջադարձային իրադարձության 30-րդ տարեդարձը, որն Արցախի Հանրապետությունն իրավամբ հռչակել է Արցախի վերածննդի օր:

«Ավելին, այն դարձավ հայ ժողովրդի վերածննդի օրը: Մոնթեն ճիշտ էր ասում, երբ պնդում էր, որ եթե կորցնեինք Արցախը, կշրջեինք հայոց պատմության վերջին էջը: 1988 թվականի փետրվարի 20-ը հայ ժողովրդի միասնության, վճռականության և ազգային զարթոնքի պահն էր: Մեր ժողովրդի խաղաղ և օրինական քայլերին Ադրբեջանը պատասխանեց Սումգայիթում և այլ վայրերում կազմակերպված կոտորածներով: Այդ օրերին արդեն պարզ դարձավ, որ Արցախի ժողովուրդը դատապարտված է ֆիզիկական բնաջնջման կամ հաղթանակի:

Մեզ պարտադրվեց պատերազմ: Պատերազմ սանձազերծողները վստահ էին, որ մեծ առավելություն ունեն և, հայերին ոչնչացնելով ու Արցախը դատարկելով, Ղարաբաղի հարցը կփակեն արագ և ընդմիշտ: Երեք տասնամյակների հեռավորությունից այսօր արդեն վստահորեն կարող ենք պնդել, որ Ղարաբաղյան շարժումը փրկել է հարյուր հազարավոր կյանքեր»,-ասվում է ուղերձում:

Նշվում է նաև, որ Արցախի հայությունը, թիկունքում ունենալով համայն հայության աջակցությունը, կարողացավ պատվով դուրս գալ այդ ծանր փորձությունից: «Այսօր մեզ թշնամի անվանողներն ինչում ասես մեզ չեն մեղադրում, բայց Արցախի ժողովրդի միակ մեղքն այն է, որ նա չի պարտվել և չի բնաջնջվել այդ պատերազմում»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նա հավելել է, որ ղարաբաղյան շարժումը պատմության որոշակի փուլում պետք է փոխակերպում ապրեր: Պետականության հռչակմամբ շարժումը ոչ թե մարեց, այլ դարձավ պետական քաղաքականություն: Համազգային պոռթկումի և զարթոնքի պսակը մեր երկու հայկական պետություններն են:

«Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձը մենք տոնում ենք՝ լսելով նույն հոխորտանքները, նույն սպառնալիքները, ինչ 30 տարի առաջ: 30 տարի շարունակվում է հայատյացության քարոզչությունը: Թվում է, թե ոչինչ չի փոխվել: Սակայն մենք ենք փոխվել: Արդեն 30 տարի ադրբեջանական լուծը թոթափած ազատ Արցախը զարգանում է առաջանցիկ տեմպերով՝ թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքականապես, թե՛ մշակութապես:

Մեր հասարակական գիտակցության մեջ գուցե և արդարացված ընկալում կա, որ արվածը բավարար չէ: Ուստի, մենք անընդհատ պետք է բարձրացնենք մեր պահանջների և ակնկալիքների նշաձողը:

Որպես ժողովուրդ և պետություն՝ մենք դեռ շատ գործ ունենք անելու: Հսկայական անելիք կա բոլոր ասպարեզներում, բայց այն, ինչ միասին արել ենք անցած 30 տարիների ընթացքում, երբեմն՝ ծանրագույն պայմաններում, իսկապես քիչ չէ: Ակնհայտ է՝ սա վերջին դարերի հայոց պատմության թերևս ամենակարևոր երեսնամյակն է: Մենք անելու ենք անհամեմատ ավելին և կրկին համարելու ենք, որ քիչ է»,-ասվում է ուղերձում:

Նախագահը շեշտել է, որ անազատությունը չունի արդարացում, և ազատությունը չունի այլընտրանք: «Հայաստանի և Արցախի Հանրապետություններում մենք կառուցում ենք ժամանակակից և ժողովրդավարական պետություններ: Մենք անվերապահորեն հարգում ենք մարդու հիմնարար իրավունքները, քանի որ ողջ հայ ժողովրդի համար ազատությունը և մարդու արժանապատվությունը բացարձակ արժեքներ են»,-ասվում է ՀՀ նախագահի ուղերձում:

1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց՝ դիմելով Ադրբեջանի Գերագույն խորհրդին, նրա կազմից դուրս գալու մասին, և Հայաստանի Գերագույն խորհրդին՝ իր կազմում ընդգրկելու վերաբերյալ, իսկ ԽՍՀՄ-ին՝ այդ խնդրանքը բավարարելու կոչով, և հիմնված էր ԽՍՀՄ նման տիպի վիճահարույց հարցերի լուծման համար նախատեսված բոլոր իրավական նորմերի ու նախադեպերի վրա:

1988-ի փետրվարի 20-ին ղարաբաղյան ազգային ազատագրական շարժումը Արցախից հասավ Երևան. Թատերական հրապարակում հազարավոր մարդկանց մասնակցությամբ տեղի ունեցավ առաջին հանրահավաքը: Այն դարձավ Արցախյան շարժման հավաքների վայրը՝ հետագայում անվանափոխվելով Ազատության հրապարակի։

Ընթերցեք նաև.Ղարաբաղյան շարժում. Երևանում առաջին հանրահավաքից 30 տարի է անցել

ԼՂՀ նախագահ. 30 տարի անց կարող ենք արձանագրել, որ ժողովրդի ընտրությունը ճիշտ էր՝ այլ ճանապարհ չկար

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---