ԼՂՀ նախագահ. 30 տարի անց կարող ենք արձանագրել, որ ժողովրդի ընտրությունը ճիշտ էր՝ այլ ճանապարհ չկար

ԼՂՀ նախագահ. 30 տարի անց կարող ենք արձանագրել, որ ժողովրդի ընտրությունը ճիշտ էր՝ այլ ճանապարհ չկար

PanARMENIAN.Net - 30 տարի է անցել այն օրից, երբ մեր ժողովուրդը միասնական ու միակամ ոտքի ելավ՝ իր վճռորոշ ձայնը բարձրացնելով հանուն մարդու իրավունքների պաշտպանության: Այդ մասին ասվում է Արցախի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին շնորհավորական ուղերձում, որը նա հղել է Արցախի վերածննդի օրվա առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասված է. «Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի վերածննդի օրվա առթիվ: 30 տարի առաջ հանուն մարդու իրավունքների պաշտպանության ոտքի ելած հայ ժողովրդի խաղաղ և արդարացի պահանջին Ադրբեջանը պատասխանեց Բաքվում, Սումգայիթում և այլ բնակավայրերում հայ բնակչության կոտորածներով, բռնի տեղահանումներով, հազարավոր մարդիկ դարձան այդ հանցավոր քաղաքականության զոհ: Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված անհավասար և արյունալի պատերազմը է՛լ ավելի կոփեց մեր ժողովրդի կամքը, միավորեց համայն հայությանը մեր պապենական հողը պաշտպանելու և նրա իրական տերը դառնալու գործում: Այդ միասնության ու համախմբվածության, մեր ժողովրդի հայրենասիրության և ազատատենչ ոգու շնորհիվ մենք կարողացանք ոչ միայն դիմակայել սանձազերծ հակառակորդին, այլև տոնել մեծ հաղթանակներ»,-ասվում է ուղերձում:

Նշվում է, որ 30 տարի անց, կարող ենք հպարտորեն արձանագրել, որ ժողովրդի ընտրությունը ճիշտ էր, այլ ճանապարհ չկար:

«Մայր Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ միասին հերոսաբար պաշտպանեցինք վտանգված հայրենիքը, վերականգնեցինք ավերված տնտեսությունը և ստեղծեցինք կայուն հիմքեր նրա հետագա զարգացման համար, կազմավորվեց պաշտպանության բանակը, որը դարձավ ոչ միայն մեր երկրի, այլև տարածաշրջանի կայունության ու խաղաղության երաշխավորը, ծնվեց ու դաստիարակվեց մի սերունդ, ում համար հայրենիքի ազատությունն ու անկախությունը բացառիկ արժեքներ են»,-ասվում է ուղերձում:

Արցախի նախագահը վստահություն է հայտնել, որ հայ ժողովուրդը կյանքի է կոչելու իր բոլոր նվիրական իղձերն ու նպատակները, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց՝ դիմելով Ադրբեջանի Գերագույն խորհրդին, նրա կազմից դուրս գալու մասին, և Հայաստանի Գերագույն խորհրդին՝ իր կազմում ընդգրկելու վերաբերյալ, իսկ ԽՍՀՄ-ին՝ այդ խնդրանքը բավարարելու կոչով, և հիմնված էր ԽՍՀՄ նման տիպի վիճահարույց հարցերի լուծման համար նախատեսված բոլոր իրավական նորմերի ու նախադեպերի վրա:

1988-ի փետրվարի 20-ին ղարաբաղյան ազգային ազատագրական շարժումը Արցախից հասավ Երևան. Թատերական հրապարակում հազարավոր մարդկանց մասնակցությամբ տեղի ունեցավ առաջին հանրահավաքը: Այն դարձավ Արցախյան շարժման հավաքների վայրը՝ հետագայում անվանափոխվելով Ազատության հրապարակի։

Ընթերցեք նաև.Ղարաբաղյան շարժում. Երևանում առաջին հանրահավաքից 30 տարի է անցել

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---