22 հոկտեմբերի 2020 - 14:19 AMT
Ջավախքցի երեխան կառավարության 200 լարի օգնությունն Արցախին է փոխանցել

Վրաստանի կառավարության կողմից երեխաներին հատկացված 200 լարի (մոտ 30,000 դրամ) օգնության գումարը փոքրիկ Հակոբը փոխանցել է Արցախի ու Հայաստանի համար մարդասիրական օգնություն հավաքագրող Ջավախք աջակցության հիմնադրամին։

«Նա որոշել էր այդ գումարին ավելացնելով իր համար կվադրոցիկլ գնել, բայց Հակոբը այսօր եկավ Ախալքալաքի եկեղեցու բակ, մոտեցավ գումարը հավաքագրող աղջկան, գրպանից հանեց 200 լարին ու ասաց՝ «կվադրոցիկլը թող սպասի»,- հայտնել է հիմնադրամը ֆեյսբուքյան իր էջում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Հումանիտար նպատակներով նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):

Ընթերցեք նաև․ 50Plus նոր նախագիծն ու հեռուստամարաթոնը՝ Արցախին ու ՀՀ-ին հումանիտար աջակցության համար