7 նոյեմբերի 2015 - 12:53 AMT
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած կին է մահացել. Մյուսների վիճակը՝ կայունացել

Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 68-ամյա կինը, որն ուներ գլխուղեղի ծանր վնասվածք նոյեմբերի 7-ին մահացել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Տուլայից ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, ՀՀ վարչապետի որոշմամբ ստաղծված հանձնաժողովի անդամ Գագիկ Միրիջանյանի փոխանցմամբ՝ վթարին հաջորդող երեք օրերի ընթացքում հիվանդի մոտ հինգ անգամ արձանագրվել էր սրտի կանգ: Կինը Ուզլովսկայա բժշկական կենտրոնում գտվում էր բժիշկների մշտական հսկողության ներքո, սակայան սրտի վեցերրորդ կանգի արձանագրման հետևանքով նրա կյանքը չհաջողվեց փրկել:

Հիվանդն ուներ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:

Նոյեմբերի 3-ին տեղի ունեցած Մոսկվայից Երևան ուղևորվով ավտոբուսի կողաշրջման հետևանքով զոհվել է 9, վիրավորվել՝ 48 ուղևոր: Բոլոր զոհերն ու վիրավորները ՀՀ քաղաքացիներ են: ՃՏՊ պատճառները դեռ պարզվում են: Հիմնական վարկածներից մեկը տեխնիկական անսարքությունն է, դիտարկվում է նաև մարդկային գործոնի վարկածը: Հայտնի է, որ 44-ամյա վարորդը 2015-ի ամռանը վարչական պատասխանատվության է ենթարկվել անսարք ավտոբուս վարելու համար:

Հայաստանի Հանրապետության 44-ամյա քաղաքացու նկատմամբ հարուցվել է քրգործ ՌԴ Քրեական օրենսգրքի 234-րդ հոդվածի (Երկու և ավելի մարդկանց մահվան հանգեցրած երթևեկության և մեքենաների շահագործման կանոնների խախտում) հոդվածով:

Ուզլովսկայա բժշկական կենտրոնում բուժում ստացող երկու հիվանդից մեկը, որն ունի ողնաշարի կոտրվածք ռեանիմոբիլով արդեն տեղափոխվել է Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտ:

Բազմաբեկորային կոտրվածքներ ունեցող մեկ այլ տուժածի առողջական վիճակը վիրահատությունից հետո կայունացել է: Նա ևս նոյեմբերի 7-ին ուղղաթիռով տեղափոխվել է Մոսկվա:

Վթարի հետևանքով տուժած մյուս 9 հիվանդի առողջական վիճակը կայունացել է:

Կարդացեք նաև՝ Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի զոհերի դիերը տեղափոխվել են ՀՀ. Միջադեպի 5 վարկած կա

ՀՀ տրանսպորտի փոխնախարար. Ուղևորափոխադրումների ոլորտում վերահսկողությունը կուժեղացվի