
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Նախարարության պաշտոնական կայքում տեղադրված ծավալուն հայտարարության մեջ այդ բանաձևի ընդունումը որակվել է «ամոթալի» և «օրենքի նկատմամբ անհարգալից» քայլ:
«Այս քաղաքականության հետևում թաքնված պատճառներից են ռասիզմի հասնող թուրքատյացությունն ու իսլամատյացությունը, ինչպես նաև Գերմանիայի կողմից մարդկության դեմ գործված հանցագործությունների ու ցեղասպանությունների թողած խոր տրավման՝ Նամիբիայից մինչև Հոլոքոստ»,- ասված է ԱԳՆ հայտարարությունում, գրում է Ermenihaber.am-ը:
«Ակնկալում ենք, որ մեր դաշնակից Գերմանիան, ում հետ սերտ գործակցություն ենք վարում՝ հանուն Եվրոպայի ապագայի, հաշվի կառնի մեր տեսակետները, որոնք կենսական նշանակություն ունեն թե երկկողմ հարաբերությունների և թե Թուրքիա-Եվրոպա հարաբերությունների ապագայի համար»:
Հայտարարության վերջում պաշտոնապես արձանագրվել է Բեռլինում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հուսեյին Ավնի Կարսլըօղլուի հետկանչը Անկարա՝ խորհրդակցական նպատակով:
Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:
Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է օսմանյան կառավարության կողմից օսմանյան հողերում բնակվող հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։
Կարդացեք նաև՝ Բունդեսթագի՝ ազգությամբ թուրք պատգամավորներից առնվազն 7-ը կողմ են քվեարկել Ցեղասպանության ճանաչմանը
ԵՄ-ն կառուցողական երկխոսության կոչ է անում Թուրքիային և Հայաստանին