ԵՄ-ն կառուցողական երկխոսության կոչ է անում Թուրքիային և Հայաստանին

ԵՄ-ն կառուցողական երկխոսության կոչ է անում Թուրքիային և Հայաստանին

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը կոչ է անում հարաբերությունների կարգավորմանը Թուրքիայի և Հայաստանի միջև և հուսով է, որ կառուցողական երկխոսություն կսկսվի, որը կհանգեցնի կողմերի լիարժեք հաշտեցման: Այսպիսի հայտարարություն է արել ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը , հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հայտարարությունն արվել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պատճառով Բեռլինի և Անկարայի միջև առաջացած դիվանագիտական լարվածության ֆոնին: Ինչպես հայտնի է, Թուրքիան հետ է կանչել դեսպանին Բեռլինից:

«Եվրամիությունը հետագա իրական գործողությունների կոչ է անում, որոնք կնախանշեն ճանապարհը դեպի թուրք և հայ քաղաքացիական հանրությունների լիարժեք հաշտեցում: ԵՄ-ն հավատարիմ է մնում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և հորդորում է կողմերին սկսել գործընթացն առանց նախապայմանների»,-ասել է Կոսյանչիչը:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ մեկնաբելով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը, հայտարարել է, որ Գերմանիայի կառավարությունը պատրաստվում է աջակցել Թուրքիայի ու Երևանի միջև երկխոսության կայացմանը:

Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանը` Բունդեսթագը, ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել: Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»: 5-էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»:

Ընդունված բանաձևում ընդգծվում է Օսմանյան կայսրության դաշնակից Գերմանիայի դերակատարությունը Հայոց ցեղասպանության հարցում: «Օսմանյան կայսրության հիմնական ռազմական դաշնակից Գերմանիան հայերի դեմ կազմակերպված տեղահանության ու բնաջնջման առնչությամբ գերմանացի դիվանագետների ու միսիոներների միջոցով հստակ տեղեկություններ ուներ, սակայն մարդկության դեմ այդ հանցագործությունը կանխելու փորձ չարեց՝ դրանով իսկ ամոթալի դերակատարություն ունենալով։ Գերմանիայի խորհրդարանն այս հիշատակմամբ արտահայտում է իր հարգանքն աշխարհի ամենահին քրիստոնյա ազգի նկատմամբ», - նշվում է բանաձևում։

Ընթերցեք նաև. Մերկել. Բեռլինն աջակցելու է Երևանի ու Անկարայի երկխոսության կայացմանը

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---