Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) արագ ընդլայնվելու նպատակ չունի: Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը` անդրադառնալով Թուրքիայի հնարովոր անդամակցությանը ՇՀԿ-ին: Նա նշել է, որ ցանկացողների թվում են նաև Սիրիան և Ուկրաինան:
Պատասխանելով ՄԱԿ-ում լրագրողների հարցին կազմակերպությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարների մասին հարցին` Ալիմովը նշել է, որ «Թուրքիան երկխոսության գծով գործընկեր է»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե որպես այլընտրանք Եվրամիությանը՝ Թուրքիան կարող է միանալ «Շանհայի հնգյակին»:
«Մենք չենք շտապում ընդլայնվել: Հիմա քայլ առ քայլ, ըստ պարտավորությունների մասին հուշագրի, աշխատում ենք Հնդկաստանի ու Պակիստանի հետ: Մենք կավարտենք այդ ընթացակարգը, հետո կտեսնենք, թե ինչպես դա կաշխատի: Մենք հանգիստ գնում ենք մեր ճանապարհով: Մենք մեր ծրագիրն ունենք, և մենք այն կյանքի ենք կոչում»,-ասել է Ալիմովը:
«Շանհայի հնգյակին» միանալու Թուրքիայի հավանականության վերաբերյալ ավելի վաղ խոսել էր նաև Շանհայի համագործակցության կազմակերպության համահիմնադիր, գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը: Նա ասել էր, որ «Շանհայի հնգյակին» միանալու համար Թուրքիան նախ պետք է դուրս գա ՆԱՏՕ-ից: «Մի կողմից Թուրքիան պետք է զբաղվի անդամակցության գործընթացով, մյուս կողմից՝ սկսի ՆԱՏՕ-ից հեռանալու գործընթացը»,-հավելել է Իվաշովը:
«Թուրքիան չպետք է ամեն գնով ձգտի Եվրամիությանն անդամակցել, քանի որ փոխարենը կարող է դառնալ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ»,-հայտարարել էր Էրդողանը: 2013-ին Անկարան ՇՀԿ-ում ստացավ երկխոսության գործընկերի կարգավիճակ` հայտարարելով, որ «նույն ճակատագիրն ունի» այդ դաշինքի երկրների հետ:
Ընթերցեք նաև. ՇՀԿ համահիմնադիր. «Շանհայի հնգյակին» միանալու համար Թուրքիան նախ պետք է դուրս գա ՆԱՏՕ-ից