Փոքր ժամանակ ընկերներով հեռուստացույցով հետևում էինք Օլիմպիական խաղերին ու երազում, թե երբ ենք մենք էլ մասնակցելու դրանց

Միհրան Ջաբուրյան.

Փոքր ժամանակ ընկերներով հեռուստացույցով հետևում էինք Օլիմպիական խաղերին ու երազում, թե երբ ենք մենք էլ մասնակցելու դրանց

PanARMENIAN.Net - Ազատ ոճի ըմբիշ Միհրան Ջաբուրյանն Օլիմպիական ուղեգիր նվաճեց Ստամբուլում նախորդ տարվա աշխարհի առաջնության ժամանակ: Միհրանը PanARMENIAN.Net-ին պատմել է սպորտում իր առաջին քայլերի մասին, թե ում և ինչու է նվիրում իր հաղթանակները, մրցումից առաջ պարտադիր ուր է գնում և ինչպես է հաղթահարում իր առջև ծառացած դժվարությունները:
Միհրա՛ն, կպատմե՞ս, թե ինչը պատճառ հանդիսացավ, որ դու զբաղվես ազատ ոճի ըմբշամարտով:
Հայրս ` Հակոբ Ջաբուրյանը, մարզվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտով, սակայն ինձ ըմբշամարտի դպրոց տարել է աշխարհի չեմպիոն Արամ Մարգարյանը, որը մեր հարևանն է: Ինչպես ինքն է պատմել, բակում խաղալիս տեսել է, որ աշխույժ, ճարպիկ երեխա եմ ու մտածել է, որ օժտված եմ ըմբիշ դառնալու հատկություններով: Նա ինձ տարավ դահլիճ ու սկսեցի մարզվել Անդրանիկ Հարոյանի մոտ: Դե, քանի որ Մարգարյանն էլ հենց ազատ ոճի ըմբիշ էր, ինձ էլ հենց ազատ ոճայինների խումբը տարավ: Այդ ժամանակ ես ութ տարեկան էի, ու ըմբշամարտն ինձ համար դարձավ ամենասիրելի զբաղմունքը:

Ծնողներդ ինչպե՞ս ընդունեցին այն փաստը, որ դու պարապում ես ըմբշամարտով:
Ծնողներիս ասացի, որ արդեն պարապում եմ ըմբշամարտով: Նրանք ուրախացան, ու հայրիկս ասաց, որ ճիշտ մարզաձև եմ ընտրել: Աստիճանաբար սկսեցի ավելի սիրել ըմբշամարտը:

Իսկ այն քեզ համար ուղղակի զբաղմո՞ւնք էր: Ե՞րբ հասկացար, որ հենց ըմբշամարտն է քո մասնագիտությունը:
Փոքր ժամանակ չէի հասկանում` ինչ է պրոֆեսիոնալ սպորտը, բայց տարիների ընթացքում զգացի ամեն ինչ: Տեսա, թե ինչ ծանր մարզաձև է ըմբշամարտը, բայց նաև գիտակցեցի, որ պետք է մարզվեմ ու հաղթահարեմ ամեն ինչ: 12-13 տարեկանից զգացի, որ ես անպայման լավ մարզիկ եմ դառնալու:

Խոսենք նաև քո առաջին լուրջ հաջողությունից: Ե՞րբ ես նվաճել քո առաջին մեդալը:
Առաջին մեդալս Հայաստանի պատանիների առաջնությունում եմ նվաճել, երբ ես չեմպիոն դարձա: Իսկ միջազգային մրցաշարի առաջին անգամ մասնակցել եմ 2005 թվականին` մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: Հետաքրքիր է, որ ես երիտասարդ տարիքում ոչ մի մրցաշարի չեմ մասնակցել, որովետև այդ ընթացում չէի կարողանում Հայաստանի առաջնությունում հաղթղ դառնալ: Ու պատանեկան տարիքից հետո միանգամից մեկնեցի մեծահասակների առաջնություն:

Կարելի է ասել միջազգային մրցասպարեզում անփորձ էիր: Դժվար չէ՞ր մեծահասակների, այն էլ Եվրոպայի առաջնությունում ելույթ ունենալը:
Իհարկե դժվար էր: Մյուս կողմից էլ ինձ հպարտ էի զգում, որ կարողացա հասնել իմ ուզածին: Գիտեք, ինձ ասում էին, որ ես այլևս չեմ կարողանա հասնել ինչ որ բանի, բայց ես քրտնաջան մարզվեցի ու ապացուցեցի, որ դեռ ասելիք ունեմ ըմբշամարտում: Այդ հարցում ինձ շատ օգնեց իմ մեծ եղբայրը` Մանվելը:

Ե՞րբ ես առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքականից հրավեր ստացել:
2005-ին, երբ գլխավոր մարզիչը Հրանտ Ենոքյանն էր, ես էլ հաղթեցի Հայաստանի առաջնությունում: Առաջնությունից հետո հավաքականը պետք է մեկներ Իրան միջազգային մրցաշարի: Ինձ չտարան, որովհետև ասացին, որ չէին հավատում իմ հաղթանակին Հայաստանի առաջնությունում ու թղթերս չէին պատրաստել: Այդ պատճառով միանգամից Եվրոպայի առաջնության մեկնեցի:

Ըմբշամարտը մարզաձև է, որը շատ դինամիկ է, ու մի քանի րոպեի ընթացքում է պարզ դառնում հաղթողը: Չնայած դրան, դուք շատ մեծ էներգիա եք ծախսում: Գոտեմարտերի միջև ընկած ընթացքում ինպե՞ս ես հասցնում վերականգնվել:
Մեկ մարտն ավարտելուց հետո մենք 15 -30 րոպե ունենք վերականգնվելու համար: Այդ ընթացքում հանգստանում ենք, հետո 6 րոպե շուտ սկսում ենք նախավարժանք անել ու պատրաստվել հաջորդ գոտեմարտին: Իսկ երբ եզրափակիչ ենք մտնում, այդ ժամանակ 2-3 ժամ հանգիստ է լինում, այդ ընթացքում հաց ենք ուտում, ավելի լավ ենք հանգստանում:

Մենամարտից առաջ սովորաբար ի՞նչ ես խոսում մարզչիդ հետ:
Իմ կողքին են լինում գլխավոր մարզիչն ու նրա օգնականը: Նրանք ինձ մրցակցիս մասին ինֆորմացիա են փոխանցում, խոսում ենք իմ մարտավարությունից, որոշում ենք գոտեմարտելու ձևը ու, բնականաբար, ոգևորում են:

Միհրան, խոսենք նաև Ստամբուլում կայացած վարկանշային մրցաշարից, որտեղ դու ձեռք բերեցիր Օլիմպիական ուղեգիր: Գո՞հ ես քո ելույթից:
Կարծում եմ կարևոր էր այն փաստը, որ կարողացա ուղեգիր ձեռք բերել և ապահովել իմ մասնակցությունն Օլիմպիական խաղերին: Փաստորեն համարյա մի տարի առաջ ես գիտեի, որ մեկնելու եմ Լոնդոն ու սկսեցի նախապատրաստվել այդ կարևոր միջոցառմանը: Բայց գոհ չեմ ինձնից նրա համար, որ մեդալ չկարողացա նվաճել: Երրորդ տեղի համար գոտեմարտում կարող էի հաղթել մրցակցիս, բայց ինչ-որ բան այն չստացվեց, ու փաստորեն մեդալը ձեռքիցս բաց թողեցի:

Լոնդոնյան խաղերը քեզ համար առաջինն են լինելու: Ի՞նչ ես զգում:
Օլիմպիադայից մեծ սպասելիքներ ունեմ: Հուզմունք երևի կլինի, բայց կարևորը ես նպատակ դրած եմ մեկնում Լոնդոն: Հայրիկս էլ է միշտ ուզել Օլիմպիական խաղերից մեդալ բերել, բայց նա ինչ-ինչ պատճառներով թողել է սպորտը: Ես հիմա նաև նրա փոխարեն պետք է լավ ելույթ ունենամ ու այդ բացերը լրացնեմ:

Ցանկացած մարզիկ, ում հետ շփվել ենք, նշում են, որ Օլիմպիական խաղերն ամենասպասված ու սիրելի միջոցառումն են: Ի՞նչ է Օլիմպիադան քեզ համար:
Երբ որ մեծահասակների առաջնություններում սկսեցի ելույթ ունենալ, հասկացա, թե ինչ է Օլիմպիադան: Փոքր ժամանակ ընկերներիս հետ հեռուստացույցով նայում էինք, ու խոսում, թե երբ ենք մենք էլ մեկնելու Օլիմպիական խաղեր: Հիմա ինձ բախտ է վիճակվել մասնակցելու, ու ես շատ ուրախ եմ դրա համար:

Հետաքրքիր է, իսկ այս ընթացքում, երբ պատրաստվում ես, պատկերացնո՞ւմ ես ինչպիսին կլինի Օլիմպիադան ու մտածո՞ւմ ես ելույթիդ մասին:
Մեկ-մեկ մտածում եմ, բայց այժմ ավելի շատ կենտրոնացած եմ հենց մարզումներիս ու նախապատրաստական ծրագրերիս վրա: Պետք է դրանք ճիշտ ու անթերի անես, որ հաջողության հասնես:

Հոգեբանորեն պատրա՞ստ ես քառամյակի ամենակարևոր սպորտային իրադարձությանը:
Այո: Ես շատ եմ սպասել այդ օրվան ու պատրաստ եմ:

Օլիմպիական խաղերի ժամանակ ասում են, որ կարևորը մասնակցությունն է: Ընդունո՞ւմ ես այս տեսակետը:
Համամիտ եմ այնքանով, որ մարզիկն արդեն իսկ իր անունը գրանցում է Օլիմպիադայի պատմության մեջ, և յուրաքանչյուրի համար պատիվ է մասնակցելը; Բայց կարևորում եմ նաև հաղթանակը:

Մրցավայր մեկնելուց առաջ պարտադիր արարողակարգ կա, որ անում ես:
Եկեղեցի եմ գնում:

Երբևէ պատկերացրե՞լ ես, որ քո առաջին Օլիմպիական խաղերը լինելու են Լոնդոնում:
Ես պետք է ելույթ ունենայի նաև Պեկինում: Բայց մրցաշարի ժամանակ սխալ թույլ տվեցի ու ուղեգիրս նվիրեցի իսպանացի ըմբիշին: Ինձ ասացին, որ սա էր քո շանսը, ու այն բաց թողեցիր: Բայց ես ասացի, որ սա չստացվեց, հաջորդը կլինի: Ու համբերատար պարապեցի, չորս տարի պատրաստվեցի ու փաստորեն կարողացա վաստակել Լոնդոնում ելույթ ունենալու իրավունք: Սա ինձ տրվեց իմ կամքի շնորհիվ, որն իմ մեջ դեռ պատանեկան տարիքից զարգացրել է առաջին մարզիչս` Անդրանիկ Հարոյանը, որը հիմա այլևս չկա: Ու ես իմ հաղթանակներն նրան եմ նվիրում, որովհետև նա ինձ շատ բան է տվել:

Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News
Միհրան Ջաբուրյան

Ազատ ոճի ըմբիշ Միհրան Ջաբուրյանը ծնվել է Երևանում 1984 թվականի նոյեմբերի 16-ին: Հանդես է գալիս մինչև 55 կգ քաշային կարգում: 2001 թվականին դարձել է Հայաստանի պատանիների հաղթող: Հայաստանի երիտասարդական առաջնությունում երկու անգամ նվաճել է բրոնզե մեդալ:
Միհրանը Հայաստանի վեցակի չեմպիոն է: Մասնակցել է միջազգային տարբեր մրցաշարերի, Կիևի և Ստեփան Սարգսյանի մրցաշարերի հաղթող է: Եվրոպայի և աշխարհի առաջնություններում զբաղեցրել է 5-րդ տեղերը:

2011-ին Ստամբուլում կայացած աշխարհի առաջնության ժամանակ նվաճել է Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր: 30-րդ ամառային խաղերը Միհրանի համար լինելու են առաջինը:

---