Օլիմպիական խաղերում մեդալներ կնվաճեն հոգեբանորեն ուժեղ ծանրորդները

Պողոս Պողոսյան.

Օլիմպիական խաղերում մեդալներ կնվաճեն հոգեբանորեն ուժեղ ծանրորդները

PanARMENIAN.Net - Պեկինի Օլիմպիական խաղերում հայ ծանրորդներին հաջողվեց նվաճել 3 բրոնզե մեդալ: Այս Օլիմպիական խաղերում էլ նրանցից լավ արդյունքներ են ակնկալվում: Հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը PanARMENIAN.Net-ին ներկայացրել է իր սաներին, պատմել թիմում տիրող մթնոլորտի ու փոխհարաբերությունների մասին:
Ինչպե՞ս եք կատարել մարզիկների ընտրությունը և որոշել այն 4-ին, որոնք Օլիմպիադայում ներկայացնելու են Հայաստանը:
Տարվա սկզբին մեր օրացուցային պլանի համաձայն անցկացրել ենք Հայաստանի առաջնություն, 1-ին և 2-րդ տեղերը գրաված մարզիկները մասնակցել են հավաքների և նրանցից էլ ընտրել ենք 4 լավագույններին: Մարզչական խորհրդով եկել ենք այն եզրակացության, որ մեր լավագույն մարզիկներն են Տիգրան Մարտիրոսյանն ու Առաքել Միրզոյանը (77 կգ), Արա Խաչատրյանը (85 կգ) և Նորայր Վարդանյանը (94 կգ):

Առաքել Միրզոյանը սովորաբար հավաքականի հետ չի մարզվում և վերջին Եվրոպայի առաջնությանն էլ չի մասնակցել, նրա մարզումներին ինչպե՞ս եք հետևել:
Առաքելը հավաքականի հետ որոշ մարզումներ անցկացրել է, բայց Օլիմպիադային պատրաստվում է իր հոր գլխավորությամբ: Ես ներկա եմ լինում Առաքելի մարզումներին, հեռախոսազանգեր եմ ունենում և նրա վերաբերյալ բոլոր տեղեկություններն ունենում եմ:

Ի՞նչ նախապատրաստական աշխատանքներ եք անցկացրել և գո՞հ եք դրանց ընթացքից:
Ամեն ինչ ընթացել է իր հունով: Մարզիկները 5-6 ամիսների ընթացքում շատ լուրջ մարզումներ են անցկացրել, վերջին հավաքը եղել է Ծաղկաձորում, և հիմնականում աշխատել ենք նրանց արագա-ուժային պատրաստականության վրա: Հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի, և թիմը լավ մարզավիճակով կմեկնի Լոնդոն:

Հավաքականի հետ մարզվում է նաև Վանիկ Ավետիսյանը, նա պահեստային է: Նրա առջև ի՞նչ խնդիր եք դրել:
Նա կցված է մեզ և 5-րդ մարզիկն է թիմում: Վանիկը ևս պետք է լավ մարզավիճակ ունենա, որ անհրաժեշտության դեպքում կարողանա փոխարինել յուրաքանչյուրին:

Սա, որպես գլխավոր մարզիչ, ձեր առաջին Օլիմպիական խաղերն են: Ի՞նչ պատասխանատվություն եք զգում այս կարևոր մրցաշարից առաջ:
Անցած Օլիմպիադայի ժամանակ հավաքականի երկրորդ մարզիչն եմ եղել: Շատ մեծ պատասխանատվություն եմ զգում, և պետք է կարողանանք այնպես անել, որ բարձր պահենք մեր երկրի պատիվը:

Ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք ձեր սաներից և որքա՞ն մեդալ կհաջողվի բերել Լոնդոնից:
Տղաները լավ մարզավիճակում են, և հույս ունեմ, որ նրանք իրենց մեդալներով կկարողանան ուրախացնել հայ ժողովրդին, բայց կոնկրետ թիվ կդժվարանամ ասել:

Ի՞նչ խնդիր եք դրել ձեր սաների առջև և ո՞ր արդյունքը կհամարեք գերազանց:
Գոհ կլինեմ, որ տղաները մրցման ժամանակ կարողանան բարձրացնել այն կգ-ները, որոնք բարձրացնում են մարզումների ժամանակ: Ու եթե հաջողվի այդ քաշը գլխավերևում պահել, ես համոզված եմ, որ մեդալներ կլինեն:

Նախորդ Օլիմպիական խաղերի ժամանակ ի՞նչ փորձ եք ձեռք բերել:
Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում և Օլիմպիական խաղերում մարզիչները անգնահատելի փորձ են ձեռք բերում: Ամեն անգամ նոր բան ես սովորում, ու անդադար անհրաժեշտ է ավելացնել գիտելիքների պաշարը:

2008 թվականի Օլիմպիական խաղերից առաջ տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները մեծ քանակությամբ մեդալներ էին նվաճել: Այս տարվա առաջնությանը շատերը չմասնակցեցին: Կարծում եք, դա որևէ կերպ կա՞զդի մարզիկների ելույթների վրա:
Որոշել էինք, որ այս տարվա Եվրոպայի առաջնությանը մեր ուժեղ ծանրորդները չմասնակցեն և շարունակեն պատրաստվել Օլիմպիադային: Մենք ցանկանում էինք փորձարկել երիտասարդ ծանրորդների, քանի որ անհրաժեշտ է թիմում սերնդափոխություն կատարել: Լոնդոն մեկնող մեր բոլոր ծանրորդներն էլ փորձառու են և գիտեն, թե ինչ է նրանցից պահանջվում:

Ո՞ւմ եք այս խաղերում համարում ձեր սաների հիմնական հակառակորդները:
77-ում շատ ուժեղ են 2 չինացի և մեկ կորեացի մարզիկներ, բայց մեր Տիգրանն ու Առաքեն էլ նրանց չեն զիջում: Եվ այն մարզիկները, որոնք կկարողանան հոգեբանորեն պատրաստ լինել ու օգտագործել բոլոր 6 մոտեցումները, նրանք էլ կդառնան առաջատար:

Ինչպիսի՞ մթնոլորտ է տիրում հավաքականում և ի՞նչ եք հիմնականում պահանջում ձեր սաներից:
Լավ մթնոլորտը շատ կարևոր է թիմում, անհրաժեշտ են լավ հարաբերություններ մարզիկների և մարզիչների միջև: Ես պահանջում եմ կարգ ու կանոն և ռեժիմ: Տղաները շատ կարգապահ են ու հստակ գիտեն, ինչ է պահանջվում իրենցից:

Եվ վերջում բնութագրեք ձեր սաներին, ովքեր մեկնելու են Օլիմպիադա:
Տիգրանը շատ լուրջ մարզիկ է և հիանալի գիտակցում է, թե ինչ խնդիր է դրված իր առջև: Նա լուրջ մարզվում է ու ոչ մի դիտողության կարիք չի զգում: Առաքելը նույնպես համեստ մարզիկ է ու լրջորեն է պատրաստվում: Արան մեր թիմի տարեցն է, շատ համեստ ու կարգապահ մարզիկ է, նրա աշխատանքից ևս գոհ եմ: Նորայրը շատ աշխատասեր է ու նվիրված է իր գործին: Վանիկը հավատ է ներշնչել, այդ պատճառով էլ ես նրան եմ ընդգրկել Օլիմպիական հավաքականում: Ես հույս ունեմ, որ նա կկարողանա լուրջ արդյունքներ գրանցել:

Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
---