Դեռ 5 տարեկանում ես 20 կգ ծանրաձող բարձրացրեցի ու իմ ողջ կյանքը նվիրեցի ծանրամարտին

Առաքել Միրզոյան.

Դեռ 5 տարեկանում ես 20 կգ ծանրաձող բարձրացրեցի ու իմ ողջ կյանքը նվիրեցի ծանրամարտին

PanARMENIAN.Net - Հայ մարզիկ Առաքել Միրզոյանը 20 տարեկանում արդեն հասցրել էր դառնալ Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության 69 կգ քաշային կարգում` արծաթե մեդալակիր: 2010 թ. նա փոխեց իր քաշային կարգը և այժմ հանդես է գալիս 77 կգ ք/կ-ում: Այս տարի նա ջանադրաբար մարզվում է և պատրաստվում է աշխարհի առաջնությանը, որն անցնելու է Անթալիայում (Թուրքիա): Իր սպասումների, մարզական ծրագրերի և նախապատրաստական աշխատանքների մասին է պատմում Առաքել Միրզոյանը PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում:
Դուք փոխել եք քաշային կարգը` 69կգ-ից անցնելով 77կգ քաշային կարգ, և որոշել եք բաց թողնել Եվրոպայի առաջնությունն ու միանգամից մասնակցել աշխարհի առաջնությանը: Ինչո՞ւ Դուք և Ձեր մարզիչը (Միրզոյանի մարզիչն իր հայրն է` օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանը) այդպիսի որոշում ընդունեցիք:
69 կգ քաշային կարգում ես երկու տարի եմ հանդես եկել, իսկ հիմա ժամանակն էր կարգը փոխելու, քանի որ միշտ այս քաշային կարգում բարդություններ եմ ունեցել. ստիպված եմ եղել նիհարել և շատ ուժ եմ կորցրել: Քաշային կարգս փոխելուց հետո առաջընթաց եմ նկատում: Կարծում եմ, եթե Եվրոպայի առաջնությանը մասնակցեի, կարող էի զբաղեցնել 1-ին կամ 2-րդ տեղը, սակայն մարզումների ժամանակ հորս հետ որոշեցինք, որ կարող եմ բաց թողնել այդ առաջնությունը: Անցյալ տարի ապրիլի 7-ին ես դարձա Եվրոպայի մրցանակակիր, իսկ հիմա իմ խնդիրը աշխարհի մրցանակակրի տիտղոսը նվաճելն է:

Առաքել, Դուք հավաքականից դուրս` առանձին եք մարզվում: Ինչո՞վ է դա պայմանավորված:
Երբ ես սկսեցի մեծ սպորտով զբաղվել` սկսեցի միայնակ մարզվել, հավաքականից առանձին: Ես կարծում եմ, որ այդպես կարող եմ մեծ հաջողության հասնել: Ինձ իմ հայրն է մարզում, նա օլիմպիական չեմպիոն է` Օգսեն Միրզոյանը: Ժամանակի ընթացքում ես վարժվեցի այդպիսի մարզումներին;

Չեմպիոնի ոսկուն արժանանալու ուղին երկար է ու դժվարին: Ի՞նչ ծրագրեր ունեք աշխարհի առաջնությունից առաջ:
Որոշ ժամանակ մարզվում էի Ծաղկաձորում: Հիմա մարզվում եմ տանը: Մայիսին նախապատրաստական աշխատանքները կշարունակեմ կամ Թեոդոսիայումՙ Ուկրաինա: Ես ամեն ինչ անելու եմ, որ սեպտեմբերի 18-ին` Անթալիայում տեղի ունենալիք աշխարհի առաջնությանը պատրաստ լինեմ: Հիմա թեթև մարզումներ եմ անցկացնում, իսկ նախապատրաստական դժվարին փուլը սկսվելու է մայիսի 10-ից: Անցյալ տարի աշխարհի առաջնությունում ես արծաթե մեդալ էի նվաճել, այս տարի նույնպես ուզում եմ անպայման իմ երազանքն իրականացնել և դառնալ աշխարհի մրցանակակիր:

Դուք ընտանեկան հիանալի զույգ եք` հայրդ մարզիչն է, իսկ Դուք նրա սանը: Ի՞նչ զգացողություն ունեք, երբ քո մարզիչը ոչ միայն հայրդ է, այլ նաև օլիմպիական չեմպիոն:
Չեմ ժխտի, որ դա և հեշտ է, և, միաժամանակ, դժվար: Ես աշխատում եմ նրա բոլոր հրահանգները կատարել: Ոչ բոլորին է այդպիսի բախտ վիճակվում: Նա բոլոր մանրուքներին ուշադրություն է դարձնում և շատ խիստ է: Ես չեմ ուզում, որ նրա ջանքերը զուր անցնեն, քանի որ իմ պարտությունը նաև նրա պարտությունն է:

Արդյոք Դուք կուռք ունեք ծանրամարտում, ո՞ւմ եք կերպավորում կամ ո՞ւմ եք ձգտում նմանվել;
Մեր տանը հորս ընկերների նկարներն են` օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի, Յուրի Սարգսյանի, ու ես մանկուց մտածել եմ այն ծանրությունների մասին, որը նրանք բարձրացրել են: Ես ցանկանում էի նրանց նմանվել, և ես գիտեի, որ պետք է շատ մարզվեմ ու պայքարեմ այդպիսի արդյունքների հասնելու համար; Ես շատ երջանիկ եմ, որ օրերս Յուրի Վարդանյանը եկել էր իմ մարզումները դիտելու, ինձ համար դա մեծ պատիվ էր:

Ծանրամարտը սպորտի թեթև տեսակներից չէ: Այդ մարզաձևով զբաղվելու համար պետք է կամքի ուժ, համառություն ունենալ, կազմակերպված լինել: Ի՞նչ հատկանիշ պետք է ունենա ծանրորդը:
Յուրաքանչյուր մարզիկ, առաջին հերթին, պետք է բարոյապես պատրաստ լինի, առանց դրա անհնար է հաջողության հասնել: Ես այդ ամենը սեփական փորձից գիտեմ: Լինում է այնպիսի պահ, երբ մրցումների ժամանակ ծանրաձողը չես կարողանում բարձրացնել, թեև այդ քաշը շատ անգամներ ես բարձրացրել: Մարզիկի համար շատ կարևոր է լինել կարգապահ, սնվել ու քնել ժամանակին: Ալկոհոլն ու ծխախոտը արհեստավարժ մարզիկի կյանքում տեղ չունեն:

Ինչո՞ւ որոշեցիք ծանրորդ դառնալ, ինչպե՞ս կատարեցիք առաջին քայլերը ծանրամարտում:
Ես դեռևս 5 տարեկանում 20 կգ ծանրաձող եմ բարձրացրել, ինքս էլ չգիտեմ, թե ինչպես դա ստացվեց; Այդ ժամանակից էլ որոշեցի զբաղվել այդ մարզաձևով ու կյանքս նվիրել դրան, քանի որ գիտեի, որ այն ինձ փառք, ճանաչում ու հարգանք է բերելու: Սպորտը մարդուն ճիշտ ուղու վրա է կանգնեցնում:

Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
---