Հայաստանում ստեղծվելու է պրոբացիոն ծառայություն

Հայաստանում ստեղծվելու է պրոբացիոն ծառայություն

PanARMENIAN.Net - ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր մասնակցել է պրոբացիոն ծառայության ստեղծման վերաբերյալ սեմինար-քննարկմանը, որը կազմակերպել էին Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության խորհրդատվական խումբը և ՀՀ արդարադատության նախարարությունը: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան և Եվրոպայի պրոբացիոն ծառայության նախագահ Մարկ Սերոնը:

Ողջույնի խոսքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ասել է. «Հայաստանում քրեակատարողական հաստատությունների գերբեռնվածությունը մտահոգիչ խնդիր է, և այն նաև կարևորվում է այս ոլորտում Հայաստանի` ԵՄ չափանիշներին համապատասխանեցման համատեքստում: Անհրաժեշտ է միջոցներ ձեռարկել քրեակատարողական հաստատությունների ծանրաբեռնվածության նվազեցման, ինչպես նաև հանրության համար վտանգ չներկայացնող անձանց նկատմամբ պատժի միջոցների բարեփոխման ուղղությամբ»:

Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծումը ներառված է դատաիրավական բարեփոխումների 2012-2016թթ. և Հայաստան-ԵՄ 2012-2013թթ. ծրագրում: Արթուր Բաղդասարյանի խոսքով` պրոբացիան, որպես այլընտրանքային պատժատեսակ, ունի մի շարք առավելություններ, և պրոբացիոն հաստատության հիմնումը կնպաստի քրեական արդարադատության համակարգի կողմից հանցագործություն կատարած անձի ուղղմանը և հասարակության մեջ նրանց վերաինտեգրմանն ուղղված գործողությունների արդյունավետության բարձրացմանը:

ԱԱԽ քարտուղարը նաև ընդգծել է, որ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով անհրաժեշտ է հստակ սահմանել պրոբացիայի կիրառման դեպքերն ու հանգամանքները, ինչպես նաև կարևորել է պրոբացիոն ծառայության և մյուս ծառայությունների միջև համագործակցության ձևերի և իրավական հիմքերի հստակեցման անհրաժեշտությունը, հայտնում է ԱԱԽ մամուլի գրասենյակը:

 Ուշագրավ
Բնական է, որ սառեցված, թեժացող, իսկ մեր պարագայում նաև` դանդաղ պատերազմի մեջ գտնող հակամարտության կողմերը պարբերաբար կահավորում են իրենց պաշտպանական բնագիծը, ասել է Արծրուն Հովհաննիսյանը
Հովհաննես Մանուկյանը պատասխանել է հարցին, թե ինչպես է վերաբերվում հաճախակի դարձած համաներումներին
Հայաստանը ողջունում է Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված բանաձևը
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին