Հայտնի են ՀՊՃՀ 80 ամյակին նվիրված սպարտակիադայի հաղթողների անունները

Հայտնի են ՀՊՃՀ 80 ամյակին նվիրված սպարտակիադայի հաղթողների անունները

PanARMENIAN.Net - Ավարտվել է ապրիլի 15-ից Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում մեկնարկած և բուհի 80 ամյակին նվիրված հոբելյանական սպարտակիադան, որը իսկական մարզատոնական տրամադրություն ապահովեց ՀՊՃՀ բոլոր ֆակուլտետների, քոլեջի ուսանողների և ավագ դպրոցի աշակերտների համար: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ՀՊՃՀ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնից:

ՀՊՃՀ Մարմնակրթության և սպորտի գիտակրթական կենտրոնի մարզադահլիճում տեղի ունեցած փակման հանդիսավոր արարողությանը և մրցանակների հանձնմանը մասնակցել է ՀՊՃՀ ողջ ղեկավարությունը, ֆակուլտետների դեկանները և բազմաթիվ ուսանող երկրպագուներ:

Ողջունելով ՀՊՃՀ 16-րդ սպարտակիադայի բոլոր մասնակից թիմերին և մարզիչներին` բուհի ռեկտոր Արա Ավետիսյանը գոհունակությամբ արձանագրել է ուսանողների` մասնագիտական կրթություն ստանալուն զուգահեռ առողջ ապրելակերպ վարելու ցանկությունը: «Ուրախ եմ, որ լինելով ճարտարագետներ, օգտվում եք հնարավորությունից և բարելավում ձեր մարզական կարողությունները: Պոլիտեխնիկցիները միշտ աչքի են ընկել ոչ միայն հաջող ուսումնառությամբ, այլև մարզական կարողություններով: Սպարտակիադան տարիներ շարունակ ավանդույթ է եղել, և ես հույս ունեմ, որ դուք կշարունակեք պոլիտեխնիկական լավագույն ավանդույթներից մեկը»,-ասել է ռեկտոր Ա. Ավետիսյանը:

Ցուցադրական ելույթներով և հնարքներով հանդես են եկել ՀՊՃՀ «Պոլիտեխնիկ» մարզակումբի ուշի մանկապատանեկան թիմի սաները և ՀՊՃՀ գեղարվեստական մարմնամարզության թիմի ներկայացուցիչները: Ցուցադրություններին հաջորդել է պատվոգրերի և գավաթների հանձնումը:

Հոբելյանական սպարտակիադային 9 մարձաձևերում ակտիվ մասնակցություն են ունեցել ինչպես ՀՊՃՀ ֆակուլտետները, այնպես էլ ՀՊՃՀ քոլեջը և ավագ դպրոցը: Արդյունքում, ընդհանուր թիմային հաշվարկով առաջին պատվավոր տեղը զբաղեցրել է ՀՊՃՀ Ավագ դպրոցը, երկրորդ տեղը` Կիբեռնետիկայի ֆակուլտետը, իսկ երրորդ տեղը` ՀՊՃՀ Քոլեջը:

ՀՊՃՀ 80 ամյակի կապակցությամբ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից համալսարանի Մարմնակրթության և սպորտի գիտակրթական կենտրոնի 6 դասախոսների շնորհվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի աշխատողի պատվավոր կոչում: Նրանք են` բասկետբոլի մարզիչ Սերժիկ Հարությունյանը, բռնցքամարտի մարզիչ Հուսիկ Արիստակեսյանը, վոլեյբոլի մարզիչ Լյուդմիլա Յասակովան, աթլետիկայի մարզիչ Մհեր Ավետիսյանը, ձյուդոյի մարզիչ Մանվել Աղամյանը և լողի մարզիչ Խաչատուր Սանոսյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---