Ռուսական գազի թանկացման դիմաց վարձակալման վճա՞ր ռազմակայանի համար

PanARMENIAN.Net - Հայաստանը կարող է վարձակալման վարձ պահանջել Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմակայանի տեղակայման համար, եթե Ռուսաստանը բարձրացնի հանրապետության համար գազի գինը: Ըստ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանի, «գազի համար բարձր սակագների հաստատման դեպքում բարդ կլինի պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը վարձակալման վճար չի գանձում հայկական տարածքում գտնվող ռուսական ռազմակայանի համար»: 2006 թվականին տարածաշրջան առաքվող գազի համար միասնական գին հաստատելու Ռուսաստանի մտադրության պատճառով, Հայաստանի համար գազը կթանկանա կրկնակի անգամ` 54 դոլարից դառնալով 110 դոլար հազար խորանարդ մետրի համար: Ռուսական ռազմակայանը Գյումրի քաղաքի հարեւանությամբ առաջացել է 1995 թվականին եւ մարտական ծառայություն է տանում ԱՊՀ ՀՕՊ Միասնական համակարգի շրջանակներում: Միջպետական պայմանագրերի համաձայն նրա տեղակայման 25-ամյա ժամկետը կարող է ավտոմատ կերպով երկարացվել եւս 5 տարով, եթե երկու կողմերը առարկություններ չունեն: Կայանը, որի անձնակազմը շուրջ 5000 հոգի է, զինված է C-300 զենիթային հրթիռային համալիրով եւ Միգ-29 կործանիչներով: Ռուսաստանը, այս պահի դրությամբ, այդ կայանի վարձակալման համար չի վճարում: Իսկ 2004 թվականից ի վեր հայկական կողմը լիովին վճարում է նաեւ կայանի գործունեության հետ կապված կոմունալ ծառայությունների համար: Միեւնույն ժամանակ, Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Միքայել Հարությունյանը հայտարարել է, թե կայանը «հարկավոր է Հայաստանի եւ Ռուսաստանի հարավային սահմանների անվտանգությունն ապահովելու համար»: Նրա խոսքերով, կայանի ֆինանսավորման համար հատկացվում է «ոչ մեծ գումար` փոխշահավետ պայմաններով»:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---