Հայաստանի սքայռանինգի առաջին մրցաշարին պրոֆեսիոնալներ կմասնակցեն ԼՂՀ-ից, Վրաստանից, Ռուսաստանից և Իրանից

Հայաստանի սքայռանինգի առաջին մրցաշարին պրոֆեսիոնալներ կմասնակցեն ԼՂՀ-ից, Վրաստանից, Ռուսաստանից և Իրանից

PanARMENIAN.Net - Skyrunning-ը (սքայռանինգը), լինելով թեթև ատլետիկայի մարզաձև, լեռներում տեղաշարժման միջոց է՝ ծովի մակարդակից 2 հազար մետրից ավել բարձրության վրա: Այս մարզաձևը սկիզբ է առել Եվրոպայում:

Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան «Գրանդ սպորտ» մարզաառողջարարական համալիրի աջակցությամբ սեպտեմբերի 14–15-ը Արագածում կանցկացնի «Հյուսիսային Խաչ» Հայաստանի սքայռանինգի առաջին մրցաշարը:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը, մրցաշարին կմասնակցեն մարզիկներ Լեռնային Ղարաբաղից, Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից: Մասնակիցների թիվը կհասնի մոտ 50-ի:

Մրցաշարի նպատակն է Հայաստանում skyrunning սպորտաձևի տարածումը և ուժեղագույն մարզիկների հայտնաբերումը և առողջ ապրելակերպի քարոզումը:

Մրցաշարին մասնակցել կարող են բոլոր ցանկացողները, ում տեխնիկական ու ֆիզիկական պատրաստվածությունը համապատասխանում է մրցաշարի չափանիշներին: Բոլոր մասնակիցները պետք է բժշկական տեղեկանք ներկայացնեն առողջության մասին: Մրցաշարն անց է կացվելու տղամարդկանց և կանանց համար անհատական մրցաձևում:

Մրցաշարին մասնակցելու համար անհրաժեշտ է քամուց պաշտպանող հանդերձանք, հարմար և համապատասխան կոշիկ, ձեռնոցներ, արևային ակնոցներ, թրեքինգի ձողեր ու դեղատուփ:

Մրցաշարի մասնակիցները կսկսեն մրցումները 3 240 մետրից՝ հատուկ դրոշակներով նշված երթուղիով, և առավել կարճ ժամանակահատվածում կփորձեն նվաճել Արագածի հյուսիսային գագաթը և վերադառնալ: Ճանապարհին կլինեն 3 մրցավարական կետեր, որտեղ մասնակիցները պարտադիր պետք է գրանցվեն, հարկ եղած դեպքում ստանան օգնություն կամ հայտնեն որևէ կարևոր տեղեկություն:

Հաղթողները կընտրվեն ըստ մրցավարների գնահատականի: Կհաղթեն այն մասնակիցները, որոնք բոլորից արագ կանցնեն երթուղին ու կհասնեն եզրագծին: Հաղթողները կստանան դրամական և այլ պարգևներ:

2012 թվականին Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան անցկացրել էր սքայռանինգի փակ առաջնություն, որին մասնակցել էին միայն ֆեդերացիայի անդամները:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---