Երևանը պաշտոնապես դարձել է Եվրո-2020 խաղերի անցկացման թեկնածու

Երևանը պաշտոնապես դարձել է Եվրո-2020 խաղերի անցկացման թեկնածու

PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ն հաստատել է Երևանի թեկնածությունը Եվրո-2020 խաղերի անցկացման մասնակիցների ցանկում: Այդ մասին ասվում է կազմակերպության կայքում:

2012 թվականի դեկտեմբերին ՈւԵՖԱ նախագահությամբ Լոզանում կայացած հանդիպմանը կազմակերպության նախագահ Միշել Պլատինին որոշում կայացրեց 2020 թվականին «Եվրոն Եվրոպայի համար» անցկացնելու մասին , այն մեկ երկրում կազմակերպելու փոխարեն: Հունվարին ՈւԵՖԱ-ն որոշեց, որ եզրափակիչ խաղերը կանցնեն 13 քաղաքներում՝ կրճատելու համար ընդունող կողմի ծախսերը:

Հայտերի ներկայացման ժամկետը սպառվեց հինգշաբթի օրը: Սեպտեմբերի 20-ին ՈւԵՖԱ-ն հրապարակել է 39 քաղաք և 32 երկիր ներառող ցանկը, որոնք հաստատվել են որպես 2020 թ. Եվրոպայի առաջնության անցկացման թեկնածուներ: Դրանք են Լոնդոն (Անգլիա), Բաքու (Ադրբեջան), Երևան (Հայաստան), Մինսկ (Բելառուս), Բրյուսել (Բելգիա), Սոֆիա (Բուլղարիա), Սկոպյե (Մակեդոնիա), Բուդապեշտ (Հունգարիա), Մյունխեն (Գերմանիա), Աթենք (Հունաստան), Կոպենհագեն (Դանիա), Երուսաղեմ (Իսրայել), Դուբլին (Իռլանդիա), Մադրիդ, Բարսելոնա, Բիլբաո, Վալենսիա (Իսպանիա), Հռոմ, Միլան (Իտալիա), Աստանա (Ղազախստան), Ամստերդամ (Նիդերլանդներ), Վարշավա, Խոժուվ (Լեհաստան), Լիսաբոն, Պորտու (Պորտուգալիա), Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստան), Բուխարես (Ռումինիա), Բելգրադ (Սերբիա), Ստամբուլ (Թուրքիա), Կիև, Դոնեցկ (Ուկրաինա), Քարդիֆ (Ուելս), Հելսինկի (Ֆինլանդիա), Լիոն (Ֆրանսիա), Զագրեբ (Խորվաթիա), Պրահա (Չեխիա), Բազել (Շվեյցարիա), Սոլնա (Շվեդիա), Գլազգո (Շոտլանդիա):

«Մենք հպարտ ենք, որ հայտագրման գործընթացի հանդեպ հետաքրքրությունն այսքան մեծ է: Եվրո-2020 անցկացմանը հավակնում է մեր ազգային ասոցիացիաների կեսից ավելին: Եզրափակիչ փուլը մեծ ֆուտբոլային տոն կդառնա ողջ մայրցամաքի համար: Հոբելյանական խաղարկությունը, նվիրված առաջնության 60-ամյակին, բառացիորեն երկրպագուների տան շեմին կանցնի և իրոք առանձնահատուկ կլինի»,-ասել է Միշել Պլատինին:

Մինչ 2014 թվականի ապրիլի 25-ը թեկնածու երկրների ֆեդերացիաները պետք է կազմեն իրենց քաղաքների հայտագրման դոսյեները: 2014 թվականի մայիս-օգոստոսին քաղաքներ կայցելի ՈւԵՖԱ հատուկ տեսչական հանձնաժողովը: Իսկ արդեն 2014 թվականի սեպտեմբերի 25-ին ՈւԵՖԱ գործկոմը կհաստատի այն քաղաքների ցանկը, որոնք կընդունեն Եվրո-2020-ը:

2020 թվականի Եվրոպայի առաջնությունը կլինի Եվրոպայի երկրորդ առաջնությունը, որի եզրափակչում կխաղան 24 հավաքականներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---