Մամիկոն Ղարիբյանը՝ շախմատի Եվրոպայի պատանի չեմպիոն

Մամիկոն Ղարիբյանը՝ շախմատի Եվրոպայի պատանի չեմպիոն

PanARMENIAN.Net - Վրաստանի Բաթում քաղաքում ավարտվել են շախմատի Եվրոպայի Մ8, Մ10, Մ12, Մ14, Մ16, Մ18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունները: Հայաստանի 63 ներկայացուցիչ է մասնակցել մրցաշարին։ Մ10 տարիքային խմբում հանդես եկող գյումրեցի Մամիկոն Ղարիբյանը վաստակել է 7,5 միավոր և հռչակվել Եվրոպայի չեմպիոն։

Մամիկոն Ղարիբյանը 2013-ի սեպտեմբերին Վրաստանի մայրաքաղաքում անցկացված Նոնա Գափրինդաշվիլու գավաթի Մ10 մրցաշարում 9 հնարավորից վաստակել էր 7,5 միավոր և միանձնյա նվաճել առաջին մրցանակը:

Ղարիբյանը խաղում է «Գյումրի» ակումբում: Իր տարիքային խմբում Հայաստանի վարկանիշային աղյուսակում նա առաջինն է:

Ավելի վաղ 14 տարեկան շախմատիստների մրցաշարում Արամ Հակոբյանը միայն լրացուցիչ գործակցով զիջել էր չեմպիոնի կոչումը՝ գրավելով 2-րդ տեղը:

Մրցանակային 2-րդ տեղն է գրավել նաև մինչև 10 տարեկան աղջիկների առաջնության հայ մասնակից Մարիամ Մկրտչյանը: Իսկ ահա Սիրանուշ Ղուկասյանը, որը 7 տուրից հետո գլխավորում էր 16 տարեկանների առաջնության աղյուսակը, վերջին երկու պարտիայում պարտություն է կրել և բավարարվել 5-րդ տեղով:

Տիգրան Հարությունյանը (Մ18) վաստակել է 6,5 միավոր (5-րդ հորիզոնական), Մանուել Պետրոսյանը (Մ16)՝ 6,5 միավոր (6-րդ հորիզոնական), Հարություն Բարսեղյանը (Մ16)՝ 6,5 միավոր (8-րդ հորիզոնական), Հայկ Մարտիրոսյանը (Մ14)՝ 7 միավոր (4-րդ հորիզոնական), Շանթ Սարգսյանը (Մ12)՝ 6,5 միավոր (8-րդ հորիզոնական):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---