Հայաստանի Օլիմպիական կոմիտեի պատվիրակությունը մեկնել է Բաքու

Հայաստանի Օլիմպիական կոմիտեի պատվիրակությունը մեկնել է Բաքու

PanARMENIAN.Net - Նոյեմեբերի 20-ին Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) պատվիրակությունը մեկնել է Թբիլիսի, որտեղից կուղևորվի Բաքու՝ մասնակցելու Եվրոպական օլիմպիական կոմիտեի 43-րդ նստաշրջանին:

Օրակարգի գլխավոր հարցը 2015-ին Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին խաղերն են: Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեի գլխավորությամբ նստաշրջանի մասնակից պատվիրակները կայցելեն օլիմպիական մրցումների համար նախատեսված մարզաբազաներ և կծանոթանան պայմաններին:

Հոկտեմբերի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը հավաստիացրեց, որ և՛ Միջազգային օլիմպիական կոմիտեի, և՛ Եվրոպայի օլիմպիական կոմիտեի կողմից կգործադրվեն բոլոր ջանքերը, որպեսզի Հայաստանը և հայ ժողովուրդը բավարարված լինեն այդ բանակցությունների արդյունքներով, և հայ մարզիկների ու նրանց մարզիչների համար խաղերն ընդունող երկրում անհրաժեշտ պայմաններն ապահովված լինեն: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր հերթին նշեց, որ Հայաստանը ողջունում է «սպորտն առանց սահմանների» սկզբունքը: «Հայաստանի պատվիրակությունը պատրաստ է մեկնել Բաքու այն դեպքում, եթե այդ երկիրը երաշխավորի հայկական պատվիրակության անվտանգությունը»,- ասել է Ծառուկյանը:

Նոյեմբերի 5-ին Պատրիկ Հիկեն Բանգկոկում հայտարարեց, որ Հայաստանը կմասնացի Եվրոպական խաղերին Բաքվում՝ հավելելով, որ Հայաստանի մասնակցությանը խանգարող խնդիրները լուծված են:

Բաքուն Եվրոպական խաղերի անցկացման վայր է ընտրվել 2012-ի դեկտեմբերին: 2015-ին Եվրոպական օլիմպիական խաղերի անցկացման օպերացիոն կոմիտեն Բաքվում (BEGOC) կստանձնի Եվրոպական խաղերի կազմակերպումն ու կառավարումը Եվրոպայի օլիմպիական կոմիտեի հետ գործակցությամբ: Հայ մարզիկների մասնակցությունը Բաքվում կայանալիք մրցումներին հաճախ ուղեկցվում է միջադեպերով. մարզիկների, հայկական դրոշի ու օրհներգի դեմ, պատվիրակությունների անդամներին անվտանգության նկատառումներով արգելում են լքել հյուրանոցը: Ավելի վաղ Բաքվում Շախմատի աշխարհի գավաթի մրցումներում ու շախմատի օլիմպիադայում Հայաստանին տեսնելու ցանկության մասին էր հայտարարել ՖԻԴԵ նախագահ Կիրսան Իլյումժինովը: 2010-ին Հայաստանի ըմբշամարտի հավաքականը հրաժարվեց մասնակցել Ադրբեջանում անցած Եվրոպայի առաջնությանը: 2012-ին Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հրաժարվեց մասնակցել Բաքվում անցկացվող հավակնորդների մրցաշարին: Սակայն 2014-ին Լևոն Արոնյանը համաձայնվել է մասնակցել Աշխարհի գավաթի խաղարկությանը, որը կայանալու է Բաքվում 2015 թ.:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---