34  27.03.15 - ԽՍՀՄ և Աշխարհի հավաքականների ֆուտբոլիստների հանդիպումը լրագրողների հետ

Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին Երևանում են ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականի աստղերը

Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին Երևանում են ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականի աստղերը

PanARMENIAN.Net - ԽՍՀՄ հավաքականի նախկին կիսապաշտպան Խորեն Հովհաննիսյանը գրեթե բոլորի կարծիքով լավագույնն է: Իհարկե, Անդրիասյանը, Մարկարովը կարող են չհամաձայնել, այսօր՝ մարտի 27-ին, Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակի առթիվ ԽՍՀՄ և Աշխարհի հավաքականների միջև ընկերական խաղի նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ կատակել է ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականի պաշտպան Եվգենի Լովչևը:

«Հիանալի է, որ հայերը մեծ ուրախությամբ և նման չափերի միջոցառումներ են կազմակերպում: Մեծ պատիվ է, որ համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ են ժամանել Երևան: Ինձ ասացին, որ աշխարհի հավաքականի մարզիչն եմ լինելու. ինչո՞ւ, ինչպե՞ս մարզել նման մեծագույն ֆուտբոլիստներին»,- ասել է ֆուտբոլիստն ու մեծ տոն խոստացել:

1988-ի ամառային Օլիմպիական խաղերում ոսկի նվաճած խորհրդային հավաքականի մարզիչ Անատոլի Բիշովեցը պատմել է, որ երբ ստացել է հրավերը, միանգամից է ընդունել.

«Նիկիտա Սիմոնյանը ֆուտբոլ էր խաղում, իսկ ես դեռ երեխա էի: Հիանալի հիշողություններ են մնացել Հովհաննիսյանից: Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար պատիվ է Անդրիասյանի, Իշտոյանի, Մարկարովի հետ խաղալ, փոխարինել նրանց: Ես եկել եմ Երևան, որտեղ ինձ անակնկալ էր պատրաստել Ռոման Բերեզովսկին: Արտակարգ մթնոլորտ է, ամեն ինչ հիացնում է: Ինչ վերաբերում է Հովհաննիսյանին, նա ստեղծող և ավարտող ֆուտբոլիստ է և հիշեցնում է Ռիվելինոյին: Ես ցանկանում եմ հիշել մեկ այլ հիանալի անձնավորության` Հակոբ Տոնոյանին:

Փորձառու մարզիչն ավելացրել է, որ հիացումով է հետևում Հայաստանի հավաքականի խաղերին. այն մեծ ներուժ ունեցող թիմ է և դեռ կզարգանա:

«Հաճելի է տեսնել մարդկանց, ովքեր սիրում են Խորենին: Խորենը մեծագույն ֆուտբոլիստ է` աներևակայելի տեխնիկայով: Հիշում եմ նրա մասնակցությամբ Ֆրանսիայի դեմ հանդիպումը: Մեծ սիրով եմ ժամանել շնորհավորելու իմ լավ ընկերոջը: Խորիկին ճանաչողները լավ գիտեն թե ով է նա, ինչ օրինակ է երիտասարդ խաղացողների համար», - ասել է ԽՍՀՄ ազգային հավաքականի նախկին խաղացող Վալերի Գազաևը:

ԽՍՀՄ հավաքանակի նախկին մարզիչ Լեոնիդ Բուրյակը հիշել է, որ Խորեն Հովհաննիսյանը միշտ իր տեղն ուներ դաշտում, շրջապատում, հավաքականում. «Հովհաննիսյանն առաջին կարգի աստղ է: Մենք մեծ ուրախությամբ ենք եկել շնորհավորելու Խորենին»:

ԽՍՀՄ հավաքականի հարձակվող Իգոր Բելանովի խոսքով, Խորեն Հովհաննիսյանը հիանալի ֆուտբոլիստ էր, լավ էր տեսնում դաշտը.

«Ես շնորհակալ եմ հրավերի համար, խոստանում եմ վաղն ամեն ինչ անել ֆուտբոլային տոնի համար»:

Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված ընկերական խաղն անցկացվելու է մարտի 28-ին Երևանի Հանրապետական ստադիոնում։ Հանդիպանը մասնակցելու են 80-90-ակնների աշխարհի եւ ԽՍՀՄ աստղերի թիմերը։ Երևան են ժամանել մի շարք լեգենդար ֆուտբոլիստներ։

Խորեն Հովհաննիսյանը միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ է։Նա բարձրակարգ տեխնիկա, խաբսի և փոխանցման վարպետություն ունեցող կիսապատպան է, գրոհների հմուտ կազմակերպիչ և դիպուկ հարվածող։

ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում հանդես է եկել Երևանի «Արարատի» (1975-85) և Տաշքենդի «Պախտակորի» (1991) թիմերում։ «Արարատի» կազմում անցկացրել է 295 խաղ, խփել 93 գոլ։ Ընդհանուր առմամբ խփել է 113 գոլ։ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (1980), Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող (1976), ԽՍՀՄ 1976թ. գարնանային առաջնության արծաթե մեդալակիր։ 1979-84-ին հանդես է եկել ԽՍՀՄ գլխավոր հավաքականում (37 խաղ, 8 գոլ)։ Հայաստանի ֆուտբոլիստներից առաջինն է մասնակցել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի (1982) և խփել 1 գոլ։ Հանդես է եկել նաև ԽՍՀՄ պատանեկան հավաքականում։

Ավարտելով մրցելույթները՝ մարզչական աշխատանքի է անցել Հայաստանում, ղեկավարել Երևանի ՀՄԸՄ և «Փյունիկ» թիմերը, մարզել է Բեյրութի ՀՄԸՄ-ն, 1996-97-ին գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը։

2004 թվականին ՈՒԵՖԱ-ի ստեղծման 50-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված քվեարկության արդունքում ճանաչվել է Հայաստանի (1954-2003) լավագույն ֆուտբոլիստ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---