Մովսիսյանի անցումն ամերիկյան ակումբ կապում են «ռուսական մաֆիայի հետ»

Մովսիսյանի անցումն ամերիկյան ակումբ կապում են «ռուսական մաֆիայի հետ»

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մոսկովյան «Սպարտակից» ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» վարձակալության հիմունքներով տեղափոխվելու համար դիմել է մաֆիայի օգնությանը: Այդ մասին Desert News-ին է ասել թիմի սեփականատեր Լոյ Հանսենը Յուտա նահանգից:

«Նրա ստիպված է եղել դիմել ռուսական մաֆիայի նման ինչ-որ մեկին, որպեսզի անցումը կայանա: Ոչ ոք չէր ուզում հենց այնպես զիջել, այդ գործարքը շատ դժվար եղավ կնքել»,-ասել է Հանսենը` նշելով, որ բանակցությունները սկսվել էին դեռ սեպտեմբերին:

Ինքը Մովսիսյանը հայտարարել է, որ մտադիր է «Ռեալի» կազմում հաղթել MLS-ում և դառնալ առաջնության լավագույն հարձակվողներից մեկը, հայտնում է Lenta.ru-ն:

Մոսկվայի «Սպարտակը» և ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը» համաձայնության են եկել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի MLS ակումբ (Ֆուտբոլի գլխավոր լիգա) տեղափոխվելու մասին` վարձակալության հիմունքներով: Այդ մասին ասվում է «Սպարտակի» պաշտոնական կայքում:

Պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2016-ի դեկտեմբերի 1-ը` «Ռեալ Սոլթ Լեյքը» 28-ամյա հարձակվողին «գնելու» առաջնային իրավունք է ստանում: Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հրապարակվում:

Յուրա Մովսիսյանն ընդգրկվել է մոսկովյան ակումբի կազմում 2013-ի մարտին: Նա մասնակցել է 66 խաղի և 27 գոլի հեղինակ դարձել: Ընթացիկ խաղաշրջանում Մովսիսյանը մասնակցել է 11 խաղի և 3 գոլի հեղինակ դարձել: Հայաստանի հավաքականի կազմում ֆուտբոլիստը մասնակցել է 34 հանդիպման և 9 գոլի հեղինակ դարձել:

«Սպարտակը» շնորհակալություն է հայտնել Մովսիսյանին թիմում անցկացրած ժամանակի համար` հաջողություն մաղթելով հետագա կարիերայում:

Ավելի վաղ «Սպարտակը» հայտարարել է, որ Մովսիսյանը հեռանալու է ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: 28-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրվում էր նաև անգլիական Չեմփիոնշիփի մասնակից Լոնդոնի «Քուինզ Փարկ Ռեյնջերսը»: Յուրա Մովսիսյանն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է MLS-ում` հանդես գալով այդ ակումբում 2007-2009 թթ.:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---