Նախագահ. Գնահատում ենք ԼՂ խնդրի կարգավորման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու ԵՄ հանձնառությունը

Նախագահ. Գնահատում ենք ԼՂ խնդրի կարգավորման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու ԵՄ հանձնառությունը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 6-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն ու հարաբերությունների զարգացման ընթացքին, նաև մտքեր են փոխանակել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումների, ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ու գործընթացն առաջ մղելու հեռանկարի վերաբերյալ:

Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու Եվրամիության հանձնառությունը և տարածաշրջանում տևական խաղաղություն ու կայունություն ապահովելու ուղղությամբ ջանքերը:

Հյուրի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի կողմից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, հիմնախնդրի լուծմանը խաղաղ բանակցությունների միջոցով հասնելու ջանքերը և վստահեցրել, որ հայկական կողմը պատրաստ է շարունակել կառուցողական քայլերն ու համագործակցությունը՝ ի նպաստ խաղաղության հաստատման ու տարածաշրջանում անվտանգության ապահովման:

ՀՀ նախագահը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը համակարծիք են եղել, որ ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են, և այդ զարգացման շարժիչ ուժը երկկողմ քաղաքական կամքն ու հանձնառությունն են: Զրուցակիցները հույս են հայտնել, որ ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններն առաջիկա ամիսներին հաջողությամբ կավարտվեն, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայում կայացած ՀՀ ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը համաձայնություն էր ձեռք բերվել քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Ընթերցեք նաև. ԵՄ հատուկ ներկայացուցիչ. ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---