Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի

Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի

PanARMENIAN.Net - Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հայկական կողմը փոխանցել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման համաձայնագրի 8-րդ խմբագրությունը և այս պահին սպասում է ադրբեջանական կողմի պատասխանին։

«Նոր առաջարկներ ներկայացնելու խնդիր չկա, խնդիրը, բազմիցս ասել ենք՝ երեք սկզբունքի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունն է՝ երկու երկրի ղեկավարների միջև, որպեսզի Ադրբեջանը, ի վերջո, որոշում կայացնի և համաձայնվի դրանք արտացոլել այդ փաստաթղթում»,-ասել է Կոստանյանը, հայտնում է Aysor.am-ը։

Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։

«Երկու երկրների կառավարությունները պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի վերսկսեն սահմանազատման աշխատանքները, որոնք բավականին երկար ժամանակ դադար էին ստացել։ Երկու երկրներն էլ թարմացրել են սահմանազատման իրենց հանձնաժողովների կազմերը, բայց դեռևս նիստ տեղի չի ունեցել։ Երկու կողմն էլ որոշակի տնային աշխատանքներ են կատարում»,- նշել է Կոստանյանը և հույս հայտնեց, որ առաջին նիստը չի ուշանա։

Դիտարկմանը, թե տեղեկություններ են շրջանառվում, որ Լոռու մարզից տարածք է զիջվելու Վրաստանին՝ փոխնախարարը պատասխանել է՝ սահմանազատման գործընթաց է լինելու, գրում է Aysor.am-ը։

Նրա խոսքով՝ տրամաբանությունը սա է` վերականգնել բոլոր հարևան երկրների հետ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի ստորագրման ժամանակ առկա սահմանագիծը։

Մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց ՀՀ 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղի Ասքիպարան, Խեյրիմլին և Գըզըլգաջիլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է, մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։

«Մենք հիմա կարանք տեղից դուրս գանք, գնանք՝ ասենք չէ, չկա, էն էլ չկա, էս էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո, ես գիտեմ, թե վերջում ինչ է լինելու, հետո որ մի տեղ Երևանում իրար տեսնենք, դուք ասելու եք՝ մենք գյուղացի ժողովուրդ ենք, էդքան ինֆորմացիա չունեինք, բա մենք շատ էլ որ ասում էինք, դու էդքան տեղեկություն ունեիր, բա դու ի՞նչ էիր ասում»,–ասել է նա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---