Առաջին անգամ աշխարհի առաջնությունում ՀՀ դահուկորդը 30 լավագույնների մեջ է

Առաջին անգամ աշխարհի առաջնությունում ՀՀ դահուկորդը 30 լավագույնների մեջ է

PanARMENIAN.Net - Ֆինլանդիայում ավարտվել է դահուկավազքի աշխարհի առաջնությունը: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանն ամփոփել է հայ մարզիկների արդյունքները:

«Մեր հիմնական ակնկալիքը Սերգեյ Միքայելյանից էր: Նա լիովին արդարացրեց իրեն: Առաջին անգամ աշխարհի առաջնությունում 30 լավագույնների մեջ ներկայացուցիչ ունեցանք: Մասնավորապես 30 կմ սկիատլոնում (15 կմ դասական + 15 կմ ազատ ոճ) Սերգեյը 29-րդն էր: Սա ապացույցն է այն բանի, որ նրա մոտ նկատելի աճ կա: Սերգեյը գրեթե մեկ մրցաշրջան բաց էր թողել վնասվածքի պատճառով: Հիմա վերականգնման փուլում է:

Այս առաջնությունում Սերգեյն առաջին անգամ մասնակցեց 50 կմ ազատ ոճի մեկնարկին: Մոտ 70 մասնակիցների մեջ նա կարողացավ եզրագիծը հատել 41-րդ տեղում: Հուսանք, որ Սերգեյը նորից կհաղթահարի նման տարածություններ»,- ասել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Խոսելով մյուս դահուկավազորդների մասին Սարգսյանը նշել է, որ նրանք կատարեցին իրենց առաջ դրված նվազագույն խնդիրը.

«Կատյա Գալստյանն ու Թադեւոս Պողոսյանը հաղթահարեցին դասակարգման փուլը, սակայն աշխատելու տեղ ունենք: Միքայել Միքայելյանը վատառողջ էր եւ չկարողացավ մասնակցել առաջնությանը: Ընդհանուր առմամբ մեր սպասելիքներն արդարացան»:

Սարգսյանը հայտնել է, որ աշխարհի առաջնությունում ելույթներն ավարտելուց հետո Թադեւոս Պողոսյանը մասնակցել է համաշխարհային զինվորական խաղերին՝ մոտ 50 մասնակիցների մեջ զբաղեցնելով 24-րդ տեղը:

Հայ դահուկավազորդները մի քանի օրից Ավստրիայում կմասնակցեն կենտրոնական Եվրոպայի պետությունների գավաթին: Այնուհետեւ, Սերգեյ Միքայելյանը կմեկնի Խանտի Մանսիսկ: Այնտեղ նա հանդես կգա Ռուսաստանի բաց առաջնությունում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---