ՀՀ նախագահ. Բանակն ունի բավարար զինատեսակներ, որպեսզի լուծի իր առջև դրված խնդիրները

ՀՀ նախագահ. Բանակն ունի բավարար զինատեսակներ, որպեսզի լուծի իր առջև դրված խնդիրները

PanARMENIAN.Net - Կասկած չկա, որ բանակն օր-օրի ուժեղանում է, ձեռք են բերվում նոր զենքեր, նոր զինատեսակներ: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Դիտակետ», «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերի հանրային քննարկումների ամփոփման ժամանակ:

Նա շեշտել է, որ այսօր հայկական զինված ուժերի հագեցվածությունը, կահավորումն ու հանդերձանքը բավարար մակարդակի վրա են, և բավարար են լուծելու բոլոր այն ռազմական խնդիրները, որ կարող են դրվել մեր բանակի առջև:

«Ի՞նչ նկատի ունեի, երբ ապրիլյան իրադարձությունների ժամանակ Գերմանիայում հարցազրույց տալիս ասել էի, որ մեր զինվորները կռվում են 80-ականների զինատեսակներով: Նախ կոնտեքստն էր մի փոքր այլ, և երկրորդ՝ որովհետև աշխարհում չկա մի բանակ, որը կունենա բոլոր ժամանակակից զինատեսակները: Չկա՛ այդպիսի բանակ: Ո՛չ ամերիկյան բանակը, ո՛չ ռուսական և ոչ էլ որևէ այլ բանակ չի կարող ասել՝ ես ունեմ բոլոր ժամանակակից զինատեսակները, որովհետև որևէ բանակ, որևէ պետություն ի վիճակի չէ դա անելու: Բայց յուրաքանչյուր բանակ պետք է ունենա բավարար զենք և զինատեսակներ, որպեսզի կարողանա լուծել իր առջև դրված խնդիրները, և դա գնահատվում է ամբողջության մեջ՝ գումարած զինվորի բավարար չափով մարտական ունակությունները: Այսօր մեր բանակը ունի ոչ թե ամենաժամանակակից զինատեսակները, ես չեմ կարող այդպես ձևակերպել, ունի բավարար զինատեսակներ, բավարար զենք և զինամթերք, որպեսզի լուծի իր առջև դրված խնդիրները»,-ասել է Սերժ Սարգսյանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Նա հավելել է նաև, որ կռվի դաշտում գլխավոր գործող անձը մարդն է, հայ ռազմիկն է՝ իր մասնագիտական պատրաստվածությամբ, խելամտությամբ և խիզախությամբ: «Բազմիցս շատ մարդիկ ասել են, և հիմա էլ ես կրկնում եմ, որ բոլոր այն ճակատամարտերում ու պատերազմներում, որտեղ մենք հաղթել ենք կամ հաջողություն ենք ունեցել, առաջին հերթին հաղթել ենք հենց մարդկային գործոնի շնորհիվ: Այստեղ էլ կան մարդիկ, ովքեր իրենց փորձով դա կարող են պնդել: Այո՛, նրանք իրենց անցած ճանապարհով դա ապացուցել են և հիմա էլ կարող են դա պնդել»,-ասել է նա:

Սերժ Սարգսյանը հավելել է, որ հաջողության գրավականը, որին նա չի կասկածում, հետևյալն է. բավականաչափ քանակի և որակի զենք ու զինամթերք, գումարած խելացի ու աննահանջ մարտիկներ:

Զինծառայության համակարգում նախատեսված առաջին ծրագիրը կոչվում է «Պատիվ ունեմ»։ Այդ պետական ծրագրի գաղափարախոսությունն է` բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ: Երկրորդ ծրագիրը կոչվում է «Ես եմ»։ Այդ ծրագրով նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---