ՀՀ ծանրորդները վերջին 4 տարում 1000-1200 դոպինգ անալիզ են հանձնել. Բոլորը բացասական

ՀՀ ծանրորդները վերջին 4 տարում 1000-1200 դոպինգ անալիզ են հանձնել. Բոլորը բացասական

PanARMENIAN.Net - Վերջին 4 տարում՝ 2014-2017-ը, Հայաստանի ծանրորդներն ընդհանուր առմամբ մեզի և արյան 1000-1200 դոպինգ անալիզ են հանձնել միջազգային հակադոպինգային կազմակերպությունների կազմակերպած ստուգումներում և ոչ մի անգամ հակադոպինգային կանոնների խախտում չի հայտնաբերվել:

«Այս հանգամանքը հաշվի առնելով՝ հնարավոր է մեր նկատմամբ կիրառված պատժամիջոցի ժամկետը կրճատվի մինչև 6 ամիս և Հայաստանի հավաքականը, չի բացառվում ևս մեկ-երկու երկիր, կարողանա մասնակցել 2018-ի գարնանը կայանալիք մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: Մենք 2018 թվականի մեր պլանը կազմել ենք հենց այդ հաշվարկով, որպեսզի պատրաստ լինենք: Պաշտոնապես որակազրկման ժամկետը լրանում է ապրիլի 19-ին և դրանից հետո Հայաստանի ծանրորդները կարող են մասնակցել բոլոր տարիքային խմբերի պաշտոնական առաջնություններին»,- ասել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Նա խոսել է նաև ծանրորդների հետագա մարզական ճակատագրի, ծանրամարտում կատարված և սպասվող փոփոխությունների մասին.

«Հռիփսիմե Խուրշուդյանը մայիս ամսից կարող է միանալ հավաքականին: Նա հիմա մարզվում է և պատշաճ մարզավիճակ պահպանում: Տիգրան Մարտիրոսյանը չի ցանկանում շարունակել ծանրորդի կարիերան: Նրա տարիքն արդեն այն չէ, երկար ժամանակ չի մարզվել: Հիմա նա մտածում է ընտանիք կազմելու և աշխատանքի մասին:

Ծանրամարտում 2018-ի ամռանն էական փոփոխություններ են ակնկալվում: Մինչև հուլիս ամիսը տղամարդկանց քաշային կարգերը պակասեցվելու են մեկով: Թե´ տղամարդիկ, թե´ կանայք պայքարելու են 10 քաշային կարգում, որոնցից միայն 7 է օլիմպիական լինելու: Իսկ թե որո՞նք, դեռ պարզ չէ: Ազգային ֆեդերացիաներին հանձնարարվել է մինչև հունիս ամիսը առաջարկներ ներկայացնել, որոնք քննարկելուց հետո միայն վերջնական որոշում կկայացվի:

Տոկիոյում կրճատվելու է մեկ ազգային ֆեդերացիային մինչև այժմ հասնող օլիմպիական ուղեգրերի առավելագույն քանակը՝ վեցից իջնելով չորսի: Այսուհետև, ծանրորդը օլիմպիական խաղերին մասնակցելու վարկանիշ ստանալու համար պետք է 18 ամսվա ընթացքում մասնակցի միջազգային ֆեդերացիայի կազմակերպած մեծահասակների 4-ից 6 պաշտոնական մրցաշարի: Հակառակ դեպքում, անկախ աշխարհի առաջնություններում ցույց տված արդյունքներից, նրան օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք չի ընձեռվի: Դա արվում է նրա համար, որպեսզի ծանրորդը աշխարհի ու մայրցամաքային առաջնություններին մասնակցելուց առաջ մի քանի անգամ դոպինգ ստուգում անցնի:

Հավաքները 2018-ին կսկսենք ինչպես միշտ՝ հունվարի կեսերից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---