Մոսկովյան հռչակագրում նշված միջոցներն առանց Ղարաբաղի մասնակցության այդպես էլ կմնան որպես բարի ցանկություններ 3 նոյեմբերի 2008 - 13:37 AMT PanARMENIAN.Net - «Նոյեմբերի 2-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպմանը ստորագրվեց Ադրբեջանական Հանրապետության, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության համատեղ Հռչակագիրը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, որ կազմված է 5 կետից: Հարկ է նշել, որ այդ փաստաթղթի տակ դրված են Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի ստորագրությունները: Հազիվ թե պատահական է այն փաստը, որ հռչակագիրը հայտնվեց ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների նախօրեին, երբ ԱՄՆ-ն զբաղված է իր ներքին խնդիրներով եւ ժամանակավորապես թուլացրել է իր հետաքրքրությունը հեռավոր կովկասյան տարածաշրջանի հանդեպ»,-PanARMENIAN.Net ի թղթակցի համար ղարաբաղյան հակամարտության հռչակագիրն է մեկնաբանել Ռազմավարական մշակույթի հիմնադրամի աշխատակից Անդրեյ Արեշեւը: Նրա կարծիքով, հռչակագրի կետերն ունեն բավականին ընդհանուր եւ ոչ հստակ բնույթ, ինչը միանգամայն բնական է, եթե խոսենք ցանկացած հակամարտության կարգավորման փորձերի մասին, առավել եւս այնպիսի բարդ հակամարտության, ինչպիսին ղարաբաղյանն է: «Մասնավորապես, հղումներրը միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի վրա կողմերը կմեկնաբանեն ըստ իրենց տրամագծորեն հակառակ մոտեցումների, ինչպես դա լինում էր նախկինում: Այն նշումը, թե ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական երկխոսության միջոցով եւ բանակցությունները շարունակելու ձգտումը ներկայիս բարդ պայմաններում ինքնին դրական արդյունք է, որի համար արժեր հավաքվել: ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահների դերի մասին հիշատակումները հավանաբար ուղղակի հանգստացնող ժեստ է ԱՄՆ-ի ու Եվրամիության համար, որոնք միշտ կասկածում են Ռուսաստանին «կայսերական նկրտումներ» ունենալու մեջ: Սակայն Վաշինգտոնում եւ Բրյուսելում թույլ պատկերացումներ ունեն կովկասյան տարածաշրջանի իրողությունների մասին, իսկ նրանց ակտիվությունն Անդրկովկասում բացատրվում է իրենց սեփական տնտեսական եւ ռազմական-ռազմավարական շահերն ապահովելու ձգտումնով»,-նշել է ռուս փորձագետը: Միեւնույն ժամանակ նա առանձնակի ուշադրություն է դարձրել հռչակագրի 3-րդ կետին, որտեղ կողմերը (ներառյալ Ռուսաստանը) «համաձայնվում են, որ խաղաղ կարգավորումը պետք է ուղեկցվի նրա բոլոր ասպեկտների ու փուլերի իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային երաշխիքներով»: «Դեռեւս ոչ այդ երաշխիքները, ոչ էլ դրանց կոնկրետ պարամետրերը նույնիսկ չեն նշմարում եւ դա նաեւ այն բանի հետեւանքն է, որ Լեռնային Ղարաբաղը չի մասնակցում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցություններին: Եթե ասենք խոսքը գնում է ինչ-ինչ խաղաղապահ ուժերի տեղակայման մասին «անվտանգության գոտու» տարածքում, ապա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի առանցքային հարցի չլուծված պայմաններում դա կարող է հանգեցնել ոչ թե հակամարտության խաղաղեցման, այլ դրա ապասառեցման: Երեւանն երբեք չի կարողանա «հանձնել» «անվտանգության գոտու» տարածքները, եւ այդ հարցի լուծումը, որն այդքան հետաքրքրում է ադրբեջանական կողմին, հնարավոր չէ առանց Ստեփանակերտի մասնակցության որպես բանակցությունների ինքնուրույն սուբյեկտի (ըստ 1994թ. Բուդապեշտի գագաթնաժողովի եւ ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ այլ հիմնարար փաստաթղթերի): Հռչակագրում հայտարարված վստահության ամրապնդմանն ուղղված միջոցները առավել քան ակտուալ են, սակայն առանց ԼՂՀ մասնակցության դրանք կմնան սոսկ բարի ցանկություններ»,-ասել է Արեշեւը: Նա նաեւ ընդգծել է, որ ընդհանուր առմամբ ղարաբաղյան հակամարտությունը նախկինի պես հեռու է լուծումից: «Հռչակագիրն ընդամենը հերթական անցումային քայլն է այդ ծանր ճանապարհին, որը կոչված է հաստատել Ռուսաստանի աճող դերը կովկասյան հակամարտությունների լուծման գործում: Դա, անկասկած, դրական քայլ է` Մոսկվայի պասիվ դիրքորոշումը, որի մասին ասում էր Մեթյու Բրայզան, առնվազն, տարակուսանք էր առաջացնում: Կարելի է ենթադրել նաեւ առավել կոնկրետ հարցերի մշակում, որոնք դեռեւս ենթակա չեն լայն հրապարակման: Սա սովորական գործելակերպ է այն դեպքերում, երբ խոսքը գնում է բարդ եւ նուրբ հարցերի մասին: Սակայն պետք է հիշել, որ «սայլը ձիուց առաջ» դնելու փորձերը, անտեսելով ԼՂՀ ապագա կարգավիճակի եւ նրա անվտանգ գոյության երաշխիքները, դատապարտված են ձախողման»,-ընդգծել է Անդրեյ Արեշեւը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |