Այն հաղորդագրությունը, թե Սիդնեյի հայերը մտադիր են «ներողություն խնդրել թուրք ժողովրդից», ապատեղեկատվություն է

PanARMENIAN.Net - Այն հաղորդագրությունը, թե Սիդնեյի հայ մտավորականությունը մտադիր է «ներողություն խնդրել թուրք ժողովրդից», ապատեղեկատվություն է: Սիդնեյի համալսարանի պրոֆեսոր Արմեն Գավակյանն ուղղակի նման կարծիք է հայտնել ինտերնետ քննարկման ժամանակ: Սակայն այնպես ստացվեց, որ նրա կարծիքը մամուլին հասու դարձավ եւ ներկայացվեց որպես հայ մտավորականության նախաձեռնություն: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:



«Գավակյանն իր սեփական կարծիքն է հայտնել, թե «Հայեր, ներեք մեզ» ակցիայից հետո հայ մտավորականությունն իր հերթին պետք է հանդես գա պատասխան նախաձեռնությամբ եւ ներողություն խնդրի թուրք ժողովրդից: Անշուշտ, Գավակյանի նման մտադրությունը քննադատություն եւ դժգոհություն առաջացրեց ինտերնետ-քննարկման մյուս մասնակիցների մոտ»,-ասել է Մանոյանը: Նրա խոսքերով, «Հայեր, ներեք մեզ» ակցիայի կազմակերպիչներից մի քանիսն ի սկզբանե հասկացրեցին, որ կազմակերպել են այդ ակցիան հայ մտավորականության կողմից նմանատիպ ակցիայի անցկացման ակնկալիքով: «Օրինակ, Բաշկին Օրանը ակնկալում էր, որ հայերն իրենց հերթին կհետեւեն թուրք մտավորականության օրինակին եւ ներողություն կխնդրեն թուրքերից իրենց ազգային-ազատագրական պայքարի համար Առաջին աշխարհամարտի տարիներին: Սակայն դա վրդովեցուցիչ է, քանի որ Հայոց ցեղասպանությունը նույնիսկ անհնար է համեմատել այն պայքարի հետ, որ վարում էին հայերը Արեւմտյան Հայաստանում»,-եզրափակել է «Հայ Դատի» գրասենյակի ղեկավարը»:



Ինչպես գրում է թուրքական «Ռադիկալ» թերթը, Սիդնեյի համալսարանի պրոֆեսոր Արմեն Գավակյանը հանդես եկավ թուրք ժողովրդից ներողություն խնդրելու մասին նախաձեռնությամբ, որին սատարեց ամերիկացի գիտնական Դենիս Փափազյանը: Ա.Գավակյանը հայտարարել է, թե Հայաստանը եւս պետք է ներողություն խնդրի Թուրքիայից 20-րդ դարասկզբի հանցագործությունների համար, երբ հայերը մի քանի հազար թուրք ոչնչացրեցին, ԱՍԱԼԱ-ի համար, որը սպանում էր թուրք դիվանագետներին:



«Հայեր, ներեք մեզ» կոչը զետեղվեց Ինտերնետում 2008 թվականի դեկտեմբերի 15-ին: Տվյալ պահի դրությամբ կոչի տակ իրենց ստորագրություններն են դրել շուրջ 30 հազար հոգի: Նախաձեռնության հեղինակներն են Ստամբուլի Բախչելի համալսարանի պրոֆեսոր, լրագրող Չենգիզ Աքթարը, պրոֆեսոր Բասկին Օրանը եւ Թուրքիայի ակադեմիական շրջանակների, լրագրողների, հասարակական գործիչների ներկայացուցիչներ:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---