ԱԳՆ․ Հայկական հազարավոր հուշարձաններ Ադրբեջանի ստեղծումից դարեր առաջ են արարվել

ԱԳՆ․ Հայկական հազարավոր հուշարձաններ  Ադրբեջանի ստեղծումից դարեր առաջ են արարվել

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի՝ ԻՍԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ հանդիպմանն արված հայտարարությունները, նշել է, որ հայկական հազարավոր կրոնական և աշխարհիկ հուշարձաններն արարվել են Ադրբեջանի ստեղծումից դարեր առաջ և որևէ առնչություն չունեն ադրբեջանական ինքնության հետ:

Նա նշել է, որ հունվարի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններն ԻՍԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Սալիմ բին Մուհամմեդ ալ-Մալիքի հետ հանդիպմանը գալիս են ևս մեկ անգամ ապացուցելու, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը լուրջ սպառնալիքի տակ է, և այդ պետությունը չի կարող լինել մշակութային ու կրոնական հուշարձանների պատշաճ պահպանության երաշխավորը:

«Հայկական ժառանգության ինքնության խեղաթյուրումը «մշակութային թալանի» փորձ է, ինչը նաև համապատասխան միջազգային իրավական գործիքների կոպիտ ոտնահարում է:

Հատկանշական է, որ «աղվանացման թեզը» Ադրբեջանն առաջ է քաշել նաև Նախիջևանի հայկական խաչքարերի ոչնչացումն արդարացնելու նպատակով, ինչը ցույց է տալիս հայկական հուշարձանների ինքնության ոչնչացման և խեղաթյուրման գործելակերպի վտանգավորությունը:

Հայկական կամ տարածաշրջանի այլ ժողովուրդների քրիստոնեական ժառանգությունն աղվանական ներկայացնելու կեղծ գիտական թեզն Ադրբեջանից դուրս որևէ լուրջ շրջանառում չունի և ընկալելի չէ միջազգային ակադեմիական հանրության համար:

Հատկանշական է նաև, որ նախագահ Ալիևը հայտարարությունն արել է Կրթության, գիտության և մշակույթի հարցերում իսլամական կազմակերպության գլխավոր տնօրենի ներկայությամբ և փորձել է կրոնական երանգ տալ մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին: Ադրբեջանը շարունակական խնդիրներ է ստեղծում միջազգային մասնագիտական կառույցների, նախևառաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար մուտք գործելու տարածաշրջան՝ վերջինիս մեղադրելով կողմնապահության մեջ»,-ասվում է հայտարարության մեջ:

Խոսնակը հավելել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը և պետական քարոզչամեքենան պետք է անհապաղ վերջ դնեն հայկական եկեղեցիների ինքնության յուրացման և խեղաթյուրման դատապարտելի մոտեցմանը և առնվազն ցուցաբերեն պատշաճ հարգանք մշակութային և կրոնական կոթողների նկատմամբ:

Բաքուն թույլ չի տալիս ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագետներին այցելել Արցախ։ Արցախի դեմ սանձազերծած պատերազմում Ադրբեջանը հոկտեմբերի 8-ին մը 2 անգամ հարվածել է Սբ Ամենափրկիչին՝ եկեղեցուն ավերածություններ պատճառելով։ Երկրորդ հարվածի ժամանակ ներսում նաև ռուս լրագրողներ են եղել։ Ադրբեջանցիները վնասել են Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ ժամ)` ոչնչացնելով դրա գմբեթները։

Ադրբեջանցի զինծառայողները տապալում են նույնիսկ հայկական գերեզմանների շիրմաքարերը, կոտրում խաչքարերը:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---