Այվազյան․ Հուսով ենք՝ Բայդենի հայտարարությունը Թուրքիայի և ՀՀ միջև երկխոսության ճանապարհ կհարթի

Այվազյան․ Հուսով ենք՝ Բայդենի հայտարարությունը Թուրքիայի և ՀՀ միջև երկխոսության ճանապարհ կհարթի

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարԱրա Այվազյանը BBC Weekend ծրագրին տված հարցազրույցում ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, ըստ որի ԱՄՆ-ն հստակորեն սահմանում է 20-րդ դարում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված զանգվածային վայրագությունները որպես ցեղասպանություն:

Նախարարը նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահի այս շատ կարևոր հայտարարությունը ճանապարհ կհարթի Թուրքիայի հետ երկխոսության և, ի վերջո, հարաբերությունների կարգավորման համար, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Այվազյանն ասել է, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ վարում է թշնամական և ագրեսիվ քաղաքականություն` անկախության վերականգնումից ի վեր՝ սկսած 1991-ից:

«Թուրքիան մերժել է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, փակել սահմանը և Հայաստանի դեմ վարել հետզհետե աճող թշնամական քաղաքականություն։ Ավելին` Թուրքիան ուղղակիորեն ներգրավվեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայում՝ մեր տարածաշրջան ուղարկելով հազարավոր օտարերկրյա զինյալ ահաբեկիչների: Հուսով ենք, որ ԱՄՆ նախագահի այս շատ կարևոր հայտարարությունը ճանապարհ կհարթի երկխոսության և, ի վերջո, հարաբերությունների կարգավորման համար: Այն նաև կնպաստի տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը»,-ասել է նա։ :

Խոսելով այն մասին, թե ինչպիսի՞ դեր սա կխաղա հարաբերությունների հնարավոր կարգավորման գործում, քանի որ ոմանք պնդում են, որ այդ հայտարարությունը խաղաքարտ կդառնա Էրդողանի ձեռքում, որպեսզի շահի իր հասարակության աջակցությունն ընդդեմ ԱՄՆ-ի՝ Այվազյանն ասել է, որ դա հիմք է ստեղծում Թուրքիայի հասարակության համար՝ առերեսվելու պատմության էջերին։

«Կարծում եմ, որ այն նաև դրդում է հասարակությանը հարցեր բարձրաձայնել իրենց պատմության ողբերգական էջերի մասին: Կարծում եմ՝ դա նաև հող կստեղծի երկու հարևան երկրների միջև երկխոսության համար: Երկու հարևան երկրների միջև ստեղծվել էր անջրպետ, և կարծում եմ, որ դա շատ կարևոր քայլ կլինի մեր հարաբերությունների կարգավորման համար»,-ասել է ԱԳ նախարարը։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք այլ երկրներ նույնպես կհետևեն ԱՄՆ օրինակին՝ ԱԳ նախարարն ասել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը համամարդկային խնդիր է, իսկ Բայդենի ուղերձը նշանակալի ներդրում ունի Հայոց ցեղասպանության գլոբալ ճանաչման և ցեղասպանությունների կանխարգելման գործում:

Ապրիլի 24-ին Բայդենը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում ցեղասպանություն է որակել 1915թ․ հայերի բնաջնջումն Օսմանյան կայսրությունում։ ԱՄՆ նախկին նախագահները խուսափում էին «ցեղասպանություն» եզրույթի կիրառումից։

2019թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող համապատասխան բանաձևեր են ընդունել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը և Սենատը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---