Սիմոնյան․ Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են

Սիմոնյան․ Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարությունը, թե իրենց պահանջով «թշնամի Հայաստանը վերադարձրեց Ղազախի 4 գյուղերը, և հետայսու այդպես է լինելու», ուղղված է ներքին լսարանին։

«Ես չեմ լսել դա և շատ քիչ եմ ծանոթանում նման հայտարարություններին, միայն մեր մամուլով։ Չեմ ուզում իրեն մեկնաբանել։ Մեզ մոտ էլ շատ բան մենք ենք ասում, դա էլ իր ներքին լսարանի համար նախատեսված բան է, այնուամենայնիվ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցերը բարձրացնում ենք»,–ասել է Սիմոնյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով հայկական կողմի համար մշտապես զարմանալի և անընդունելի է, որ կարելի է բանակցությունների ժամանակ այլ լեքսիկոն օգտագործել, ներքին լսարանի համար այլ։

«Ես կարեղ եմ իմ օրինակը բերել, երբ ես բանակցում եմ իմ գործընկերոջ հետ, առնվազն դիմացի կողմից (նկատի ունի ադրբեջանական,–խմբ. )այնպիսի տպավորություն է, որ շատ երկար սպասված, շատ սիրալից ինչ–որ հանդիպում է»,–ասել է Սիմոնյանը։

Նա ընդգծել է, որ այդ է պատճառը, որ իրենք քննարկումների ժամանակ բարձրացնում են այն հարցը, որ ատելության խոսքը պետք է նվազեցնել։

Սիմոնյանը մասամբ համաձայնել է լրագրողի այն դիտարկմանը, որ ադրբեջանական կողմը, որը մշտապես ատելության խոսք է տարածում, կարող է ցանկացած պահի «գցել» հայկական կողմին, սակայն նրա կարծիքով՝ խաղաղության պայմանագիրն ու հստակ սահմանները նման ռիսկը նվազեցնող գործոններ են։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Հայտարարվել է, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ ՀՀ–ն` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---