Քաղաքականություն.

ՎՐԱՑԱԿԱՆ ԽԱՌՆՎԱԾՔ` ԳՈՒՄԱՐԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՊԿՈՒԹՅՈՒՆ

Վրաստանում բավականին հայտնի երկու քաղաքական գործիչների հայկական արմատներն անհանգստացնում են ոչ միայն թբիլիսյան շովինիստներին, այլեւ` Բաքվի պրոպագանդիստներին:

25 հունիսի 2002
Վրաստանում ավարտին է մոտենում տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման գործընթացը: Մայիսին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրությունները հատկանշվեցին բավականին տարօրինակ մի առանձնահատկությամբ` նախընտրական պայքարում ընտրական արշավի առաջնորդների դեմ օգտագործվող զենքը դարձան հայկական ծագումնաբանության մեղադրանքները: Ինչպես եւ սպասվում էր, ընտրություններում հաջողության հասան երկու արմատական օպոզիցիոն ուժեր` «Ժողովրդական շարժում- Ժողովրդավարական ֆրոնտ», որը ղեկավարում է Արդարադատության նախկին նախարար Միխայիլ Սահակաշվիլին, եւ խորհրդարանի նախկին խոսնակ Զուրաբ Ժվանիի թիմը, որն ընտրություններին մասնակցում էր պահպանողական կուսակցության դրոշի ներքո: Այս երկու անձերին միավորում է ոչ միայն Էդուարդ Շեւերդնաձեի անձի չընդունելը, այլեւ` ծագումը. եթե հավատանք թբիլիսյան ԶԼՄ-ներին, նրանք երկուսն էլ ունեն հայկական արմատներ:
 
---